Վրաստանում կործանված թուրքական ինքնաթիռի բոլոր բեկորները հայտնաբերված են․ ՆԳ նախարար
Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռի բոլոր բեկորները, որոնք կարևոր էին հետաքննության համար, հայտնաբերվել են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն։
«Հետաքննության համար կարևորագույն բոլոր տեխնիկական սարքավորումները և ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են, փորձաքննություն է իրականացվում։ Որոնողափրկարարական գործողություններին մասնակցել է ավելի քան հազար մարդ՝ ինչպես վրացական, այնպես էլ թուրքական կողմերի ներկայացուցիչներ», – լրագրողներին ասել է Գելաձեն։
Նա նաև նշել է, որ հայտնաբերվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 20 զինվորականների աճյունները։ Դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել դեպքի վայրում։Նոյեմբերի 11-ին Վրաստանում՝ վրաց-ադրբեջանական սահմանի մոտ, վթարի էր ենթարկվել Ադրբեջանից մեկնող թուրքական ռազմաօդային ուժերի C-130 տրանսպորտային ինքնաթիռը, որն ուղևորվում էր դեպի Կայսերի քաղաքում գտնվող ռազմաօդային բազա։ Վրացական կողմի տվյալներով՝ ինքնաթիռը ռադարներից անհետացել էր Վրաստանի օդային տարածք մտնելուց մի քանի րոպե անց՝ առանց աղետի ազդանշան ուղարկելու։ Ինքնաթիռի սև արկղը տեղափոխվել է Թուրքիա։
Դեպքի կապակցությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 13-ին հայտնել է, որ դադարեցնում է C-130 ռազմական ինքնաթիռների թռիչքները մինչև Վրաստանում ավիավթարի հետաքննության ավարտը։

