ՉԺՀ-ն Ավստրալիային, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային մեղադրել է սպառազինությունների մրցավազք սանձազերծելու մեջ
Ավստրալիան, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան զբաղվում են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարավի ռազմականացմամբ՝ հրահրելով սպառազինությունների նոր մրցավազքի սկիզբ: Այդ մասին մայիսի 11-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
«Ավստրալիան, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին, առանց տարածաշրջանի կղզի պետությունների հետ որեւիցե կոնսուլտացիայի, ձեւավորում են ռազմական դաշինք եւ սպառազինությունների մրցավազք հրահրում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարավում»,-ասել է դիվանագետը: Չժաո Լիցզյանն ընդգծել է որ Ավստրալիան պետք է «վերաիմաստավորի իր գործողությունները»:
Ավելի վաղ, ինչպես հաղորդել է 9News ավստրալական հեռուստաալիքը, Սողոմոնի կղզիների վարչապետ Մանասե Սոգավարեն խիստ քննադատել է Ավստրալիային, որը հարավխաղաղօվկիանոսյան պետություններին չի տեղեկացրել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ AUKUS-ի գործընկերությամբ ատոմային սուզանավեր ձեռք բերելու որոշման մասին: Դրանով իսկ Սոգավարեն հակահարձակման է անցել ի պատասխան Ավստրալիայի կողմից մեղադրանքների, որը կապված է Չինաստանի հետ Սողոմոնի կղզիների անվտանգության շուրջ համաձայնագրի կնքման հետ: Ավստրալիան երկյուղում է, որ Չինաստանը կընդլայնի իր ազդեցությունը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում եւ այնտեղ կհայտնվեն չինական ռազմաբազաներ:
Ընդ որում՝ AUKUS-ի հակաչինական ուղղվածությունը ոչ ոք չի թաքցրել: ՉԺՀ-ի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Վան Վենբինն ավելի վաղ հայտարարել էր, որ Չինաստանը եւ Սողոմոնան կղզիների իշխանությունները պարփակ համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության շուրջ: Վան Վենբինի խոսքով՝ անվտանգության բնագավառում համագործակցության գլխավոր նպատակն աջակցությունն է կղզիների սոցիալական կայունությանն ու երկարաժամկետ կայունությանը, ինչը համապատասխանում է Սողոմոնյան կղզիների եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ընդհանուր շահերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: