Բաժիններ՝

Սնանկության դատարանի նախկին դատավորներ Գևորգ Նարինյանից և Արա Կուբանյանից տուժած քաղաքացու գործի քննությունը՝ մայիսի 5-ին

2020թ. հուլիսի 21-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տեղեկացրել էր, որ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նշված չարաշահումներին հանցակցելու, պաշտոնեական կեղծիքի, ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջացառումների և դրանց զուգահեռ ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցության առ այն, որ ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ որպես ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2019 թվականի ընթացքում 12.382.580 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, ապա ձեռնամուխ է եղել անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդելուն:

Մասնավորապես, մտերիմ հարաբերություններ ունենալով նույն դատարանի մեկ այլ դատավորի և զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Ա. Խ.-ի հետ, վերջիններիցս տեղեկացել է քաղաքացիական գործով ԱՁ Ս. Ա.-ին սնանկ ճանաչելու և սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին:

Նշված անշարժ գույքը՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը, հնարավորինս էժան գնով ձեռք բերելու նպատակով, խնդրելու և համոզելու եղանակով դրդել է ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ին, չարաշահելով լիազորությունները, խոչընդոտել հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին, ինչն իրագործելու նպատակով 2018-2019թթ. ընթացքում Ա. Խ.-ն՝ չարաշահելով ոչ առևտրային կազմակերպության ծառայողի իր լիազորությունները, ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով, որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց, այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը և դրանով պայմանավորված բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի արհեստական նվազումը՝ 26.400.000 ՀՀ դրամից այն հասցնելով 12.382.000 ՀՀ դրամի:

Նույն ժամանակահատվածում ԱՁ Ս. Ա.-ի սնանկության վերաբերյալ գործը վարող ՀՀ սնանկության դատարանի դատավորը տեղյակ լինելով, որ նույն սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ի կողմից լիազորությունները չարաշահելու հետևանքով խոչընդոտներ են հարուցվում հրապարակային սակարկությունների միջոցով անշարժ գույքի իրացման գործընթացի բնականոն ընթացքի համար, որի հետևանքով ոչ իրավաչափ կերպով, արհեստականորեն նվազեցվում է բնակարանի մեկնարկային գինը, գործընկեր դատավորի խնդրանքը կատարելու, վերջինիս կողմից հնարավորինս էժան գնով անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, Ա. Խ.-ի կողմից տևական ժամանակ սնանկության գործընթացի վերաբերյալ օրենքով նախատեսված հաշվետվություններ չներկայացնելու պայմաններում որևէ միջոց չի ձեռնարկել վերջինիս հանցավոր գործողությունները խափանելու և դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Պաշտոնատար անձանց և ոչ առևտրային կազմակերպության ծառայողի նկարագրված արարքների արդյունքում ՀՀ սնանկության դատարանի դատավորը նախնական համաձայնության գալով մորաքրոջ որդու՝ Տ. Մ.-ի հետ, վերջինիս հրահանգավորելով, ինչպես նաև տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և ֆինանսական միջոցներ, ապահովել է նրա մասնակցությունը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող անշարժ գույքի իրացման համար 2019 թվականի սեպտեմբերի 27-ին նշանակված աճուրդին: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Տ. Մ.-ն, մասնակցելով նշված աճուրդին, 12.382.580 ՀՀ դրամով ձեռք է բերել նշված անշարժ գույքը, նույն թվականի հոկտեմբերի 8-ին կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա փաստացի դատավորին պատկանող նշված գույքի նկատմամբ գրանցվել է Տ. Մ.-ի սեփականության իրավունքը:

Այդ կերպ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը կարողացել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 12.382.580 ՀՀ դրամը օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելով՝ թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու դրամական միջոցների իրական ծագումը և խուսափել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա դրամական միջոցները թաքցնելու համար նախատեսված իրավական հետևանքներից: Միևնույն ժամանակ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողի խնդրանքով շարունակելով հանցավոր գործունեությունը՝ ԱՁ Ս. Ա.-ի սնանկության գործով դատավորը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, նշված բնակարանի տիրապետման համար առաջացած խոչընդոտները վերացնելու, մասնավորապես՝ նշված հասցեում բնակվող անձանց վտարումն իրականացնելուց հետո, սնանկության վարույթի ընթացքում բնակարանում առկա գույքը և իրերը հարկադրաբար բնակարանից հանելու նպատակով, 2020թ. փետրվարի 6-ին հանձնարարել է նույն սնանկության գործով կառավարիչ Ա. Խ.-ին Տ. Մ.-ից հետին ամսաթվով ստանալ համապատասխան դիմում, դրա բնօրինակը տրամադրել իրեն՝ սնանկության վարույթին կցելու, կայացվելիք ապօրինի դատական ակտի համար որոշակի հիմք ստեղծելու համար: Կատարելով դատավորի պահանջը՝ Ա. Խ.-ն Տ. Մ.-ից ստացել է համապատասխան բովանդակությամբ դիմումը և այն փոխանցել սնանկության գործով դատավորին, իսկ վերջինս նշված դիմումը կցել է սնանկության գործի վարույթին:

Մասնավորապես, Տ. Մ.-ից 2020 թվականի փետրվարի 6-ին ներկայացվել է դիմում, ինչն օգտագործելով փաստացի 2020 թվականի փետրվարի 6-ին կայացվել է դատական ակտ, որում որպես կայացման ամսաթիվ նշվել է 2020 թվականի փետրվարի 4-ը, այնուհետև՝ կեղծ տեղեկություններ պարունակող հիշյալ դատական ակտի հիման վրա 2020 թվականի փետրվարի 6-ին դատավորի կողմից տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված և վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանում գտնվող կենցաղային իրերը (շարժական գույքը) դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ:

Նշված գործողությունների հետևանքով խաթարվել է պետական մարմինների և ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել են այլ անձանց, այդ թվում՝ սնանկ ճանաչված անձի և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքի մյուս համասեփականատերերի իրավունքներն ու օրինական շահերը՝ առաջացնելով ծանր հետևանքներ, այն է՝ առանձնապես խոշոր արժեք ունեցող անշարժ գույքը ապօրինի կերպով օտարվել է, այնուհետև հիմքեր են ստեղծվել այն ոչ իրավաչափ կերպով այլ անձի տիրապետմանն ու տնօրինմանը հանձնելու համար: Բացի այդ, նույն քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանդիսանալով ինքնավար պաշտոն զբաղեցնող և հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, պարտավոր լինելով օրենքով նախատեսված կարգով ժամանակին ներկայացնել ճշգրիտ հաշվետվություններ, հաշվետու ժամանակահատվածում, այն է՝ 2017-2020թթ. ընթացքում, 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք (փոխարժեք՝ ՍՏՄ 475.81)՝ 47.581.000 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն՝ ապօրինի հարստացել է:

Բացի այդ՝ նույն հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված հայտարարագրերում ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա՝  առանձնապես խոշոր չափերով գույքի, դրամական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես, նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները, գույքի նկատմամբ իրավունքը:

Մասնավորապես, ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողը, նպատակ ունենալով թաքցնել ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքի, դրամական միջոցների հանցավոր ծագումը, նախնական համաձայնության գալով իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող և դարձյալ ինքնավար պաշտոն զբաղեցնող, հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց հետ, գիտակցելով վերջիններիս կողմից արդեն իսկ հայտարարագրված զգալի դրամական միջոցներ ունենալու փաստը, նպատակ ունենալով անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդել, առաջարկել է կնքել 100.000 ԱՄՆ դոլար տրամադրելու վերաբերյալ փոխառության ձևական պայմանագիր՝ այդ կերպ քողարկելով ինչպես դրամական միջոցների, այնպես էլ դրանց տնօրինման արդյունքում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումը և վերջնարդյունքում դրանց հաղորդել օրինական տեսք, որից հետո ստանալով վերջիններիս համաձայնությունը, պաշտոնատար անձի հետ կնքել է 100.000 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ փոխառության ձևական պայմանագիր:

Այնուհետև նշված գումարն առձեռն փոխանցել է հիշյալ անձին, իսկ վերջինս, խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակելով ՀՀ սնանկության դատարանի դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողին թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի ու դրամական միջոցների իրական ծագումը, այն մուտքագրել է հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին՝ այդ կերպ հանցավոր ճանապարհով ձեռք բերված 100.000 ԱՄՆ դոլարը շրջապտույտի մեջ դնելով և վերադարձնելով նույն անձին:

Այս գործը մեծ հնչեղություն ստացավ այն ժամանակ, երբ տուժող քաղաքացին՝ Սիմոն Աղեկյանը, ինքնահրկիզման փորձ կատարեց կառավարության շենքի մոտ: Ավելի ուշ պարզվեց, որ գործով անցնող Սնանկության դատարանի՝ որպես մեղադրյալ ներգրավված դատավորները Արա Կուբանյանն ու Գևորգ Նարինյանն են:

ԲԴԽ-ն համաձայնություն էր տվել դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդություններին: Դրանից հետո ԱԱԾ-ն միջնորդություններ էր ներկայացրել դատարան` դատավորների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Գևորգ Նարինյանը կալանավորվել էր, իսկ Կուբանյանի խափանման միջոցի վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը դատավոր Աննա Մաթևոսյանը մերժել էր՝ կալանքի հիմքերի բավարար ապացույցների բացակայության պատճառով:

Ավելի ուշ ԲԴԽ-ն նշված 2 դատավորների լիազորությունները կասեցնելու վերաբերյալ որոշում էր կայացրել:

Եվ ահա այս գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 5-ին՝ ժամը 10:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Նիստը դռնբաց է, նախագահող դատավոր է նշանակվել Ջոն Հայրապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս