
Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի լիազորությունները կասեցվեցին

168.am-ը երեկ արդեն տեղեկացրել էր, որ հուլիսի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն էր տվել դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդություններին, որ ներկայացվել էին նախորդ օրը: Դրանից հետո ԱԱԾ-ն միջնորդություններ էր ներկայացրել դատարան` դատավորների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Գևորգ Նարինյանը կալանավորվեց, իսկ Կուբանյանի խափանման միջոցի վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը դատավոր Աննա Մաթևոսյանը մերժեց՝ կալանքի հիմքերի բավարար ապացույցների բացակայության պատճառով:
Այսօր արդեն տեղեկացանք, որ ԲԴԽ-ն նշված 2 դատավորների լիազորությունները կասեցնելու վերաբերյալ որոշում է կայացրել:
168.am-ի տեղեկությունը հաստատեց ԲԴԽ լրատվական ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ որոշումներն արդեն իսկ հրապարակված են Խորհրդի կայքում: