«Ես երեխեքիս հետ եմ եկել, ի՞նչ սադրանք. սադրանք մեզ պետք չէր անգամ մեր իշխանության ժամանակ». Արմեն Աշոտյան

«Ակնհայտ է, չէ՞, որ հեշտ բացվող սուտ է. տղերք, զանգում եք ՌԴ խաղաղապահ առաքելությանը և հարցնում՝ այսինչ օրերին ինչքա՞ն ավտոբուս է անցել և ինչքա՞ն մարդ է անցել: Դա էլ հո մեր ձեռք չէ՞: Պարզ է, չէ՞, որ սուտ է: Իշխանություն, որի պատճառով հայը չի կարողանում գնալ Արցախ, չգիտի՞՝ Արցախից քաղաքացիներ ավտոբուսով եկել են, թե ոչ: Նման անբարոյական սո՞ւտ»,-Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում ՀՀԿ երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ այսօր տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից լուրեր են տարածվել այն մասին, որ իբր արցախցիները ևս մեկնում են Երևան՝ այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար: Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել»:

Արմեն Աշոտյանը անդրադարձավ նաև զենքի վերաբերյալ լուրերին. «Ես երեխեքիս հետ եմ եկել, ի՞նչ սադրանք: Սադրանք մեզ պետք չէ, սադրանք մեզ պետք չէր անգամ մեր իշխանության ժամանակ: Մենք ոչ արյան գնացինք, ոչ սադրանքների գնացինք, իշխանությունը պահելու համար ուժ չկիրառեցինք: Այսօր առավել ևս որևէ մեկին ընդդիմության մեջ սադրանք պետք չէ: Այսօր մարդիկ իրենց երեխաներով են այստեղ, իրենց թոռներով, իրենց կանանց հետ, իրենց ծնողներով են այստեղ: Հետևաբար, բոլոր այն սադրանքները, որոնք կարող են լինել այս միտինգին, կազմակերպված են բացառապես իշխանությունների կողմից:

Մամուլը հեղեղված է, չէ՞, որ ոստիկանություն են կանչվում տարբեր մանր-մունր քրեական գործերով անցնող տարաբնույթ խուլիգաններ, իրենց ասում են, որ ձեր գործերը կկարճենք, բայց կգնաք՝ իբր ցուցարար կաշխատեք, կխմեք, կհարձակվեք ոստիկանների վրա, մի երկու հատ հայհոյանք կտաք, որ լեգիտիմացնեք ոստիկանների կողմից ուժի կիրառումը: Այո, Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ սադրանքի, բայց այդ սադրանքներն այս ժողովրդի շնորհիվ շատ արագ կասեցվելու են: Եթե չենք ուզում լինի սադրանք, պետք է լինենք շատ, սա այն պարզ ճշմարտությունն է»:

Տեսանյութեր

Լրահոս