ՊՆ-ի զորավանները վաճառքի հանելը բանակը թուլացնելու, ապառազմականացման քայլ է. որևէ լավ բանի չի բերելու. Խաչիկյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորած Կառավարությունն ապրիլի 15-ին որոշում է ընդունել, որով, իբրև, բանակի արդիականացման և վերազինման նպատակով վաճառքի է հանվում Պաշտպանության նախարարությանն ամրակցված 71 անուն անշարժ գույքը։

Ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և նախարարության կողմից փաստացի տնօրինվող անշարժ գույքերն օտարվելու են նախարարության կարիքների բավարարման, հիմնականում՝ ժամանակակից սպառազինության գնման և նախարարության նյութատեխնիկական մեծ կորուստները լրացնելու նպատակով։

Ինչպես նշված է ընդունված որոշման մեջ՝ Կառավարությունը նման քայլի է գնում, որովհետև, տարիներ շարունակ նշված գույքերի պահպանման համար նախարարության կողմից իրականացվել և իրականացվում են ծախսեր՝ պահակի վարձատրություն, էլեկտրաէներգիա և այլն, որոնք արդարացված չեն նախարարության բյուջեի տեսակետից։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը, խոսելով Կառավարության վերը նշված որոշման մասին, այն դիտարկեց բանակը թուլացնելու Կառավարության քաղաքականությամբ։

«Հայաստանից Արցախ այլևս զորակոչ չի գնում, իսկ դա նշանակում է, որ Հայաստանին պետք են լինելու նոր զորամասեր, որովհետև Արցախ գնացողները մնալու են Հայաստանում, և ունենալու ենք զորանոցների գերբեռնվածություն։

Մյուս կողմից՝ մենք խոսում ենք ակտիվ պահեստազորի մասին, իսկ դա նշանակում է, որ մեզ անհրաժեշտ են լինելու նոր տարածքներ, նոր կառուցված զորավարժարաններ, կրակային տարածքներ, զորանոցներ։ Բայց արի ու տես, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ եղած տարածքները վաճառում են»,- ասաց Արմեն Խաչիկյանը։

Ինչ վերաբերում է Կառավարության որոշման այն հիմնավորմանը, թե ՊՆ-ին ամրակցված տարածքները վաճառում են սպառազինություն գնելու նպատակով, Խաչիկյանը նկատեց՝ սպառազինության գնման համար Ռազմարդյունաբերության կոմիտեին հատկացված բյուջեի մի զգալի մասը հետ է ուղարկվել պետբյուջե։

«Խոսում են սպառազինության մասին, բայց, փաստորեն, մենք ունենք տրված բյուջե, որը չի էլ ծախսվել, հետևապես՝ պետք չէ պոպուլիստական հայտարարություններ տարածել բանակի վերաբերյալ, որովհետև ՀՀ յուրաքանչյուր 10-րդ ընտանիքում բանակում գտնվող մարդ կա, և բանակի վերաբերյալ կիսաճշմարտությունները և փնթի պոպուլիստական հայտարարությունները տարածելուց զատ՝ պետք է հիշել, որ բոլորս էլ գիտենք՝ ինչ է կատարվում բանակի ներսում։ Իսկ ինչ վերաբերում է ՊՆ-ին ամրակցված զորանոցները վաճառքի հանելուն, ապա դա պետության ապառազմականացման, բանակի թուլացման դրսևորում է, որը որևէ լավ բանի չի բերելու»,- ասաց Խաչիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս