Բայդենն Օբամային հայտնել է, որ պլանավորում է առաջադրվել երկրորդ ժամկետով
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պետության նախկին ղեկավար Բարաք Օբամային հայտնել է, որ պլանավորում է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականի նախագահական ընտրություններում: Ապրիլի 19-ին այդ մասին հաղորդել է The Hill թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Դա այն բանի վերջին վկայությունն է, որ Բայդենը պատրաստվում է վերընտրվել երկրորդ ժամկետի համար»,- նշում է թերթը: Ավելի վաղ ներկայիս նախագահը Սպիտակ տան համար պայքարելու պլանների մասն ասել է մարտին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
«Բայդենը ցանկանում է մասնակցել ընտրություններին, եւ բացահայտորեն ձգտում է, որ բոլորն իմանան այդ մասին»,- հայտնել է մի աղբյուր: Նրա խոսքով՝ Բայդենը կմնա Դեմոկրատական կուսակցության այն ներկայացուցիչը, որն ունի ընտրություններում ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հաղթելու առավել ծանրակշիռ շանսերը՝ Հանրապետական կուսակցությունից նրա թեկնածության առաջադրման դեպքում:
«Նա (Բայդենը) կարծում է, որ ինքը միակն է, ով կարող է հաղթել Թրամփին»,- հայտնել է աղբյուրը, որը ծանոթ է Բայդենի եւ Օբամայի զրույցի բովանդակությանը: Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել զրույցը, նշում է թերթը, իսկ Բայդենի խորհրդականներից մեկն ասել է, թե նախագահն ինքն է հրապարակայնորեն հայտարարել, որ պատրաստվում է գնալու երկրորդ ժամկետի: Թերթը նշում է, որ Բայդենի վերընտրվելու պլաններին կարող է խանգարել նրա ցածր վարկանիշը:
Այսպես, վերջին հարցման տվյալների համաձայն, որն անցյալ շաբաթ կատարել է CNBC հեռուստաընկերությունը, նախագահի պաշտոնում Բայդենի գործունեությանն այժմ հավանություն է տալիս ամերիկացիների ընդամենը 38 տոկոսը, հավանություն չի տալիս՝ 53 տոկոսը: Իսկ նրա տնտեսական քաղաքականությանը հավանությոն է տաիս հարցվածների սոսկ 35 տոկոսը:
Բայց 2024 թվականի ընտրությունները տակավին հեռու են, եւ տնտեսությունում վիճակը կարող է փոխվել, կարծում են դիտորդները: «Բացի փոթորկահույզ քաղաքական քամիներից եւ ցածր վարկանիշերից նաեւ հարցեր է հարուցում Բայդենի տարիքը»,- նշում է թերթը: Բայդենն այժմ 79 հարեկան է, իսկ երկրորդ ժամկետի սկզբին, եթե նա հաղթի 2024 թվականի ընտրություններում, կլինի արդեն 82 տարեկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: