Պաշտպանության նախարարությունը մեկ ամիս մտածեց ու պատասխանեց՝ «Պետական գաղտնիք է»
168.am-ը փետրվարի 9-ին հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ հետևյալ հարցադրումներով.
1. Պատերազմի օրերին Պաշտպանության նախարարությունը ռազմական նշանակության արտադրանքի, մարտական կամ պաշտպանական հագուստի, հատուկ միջոցների ինչ նվիրատվություններ է ստացել, ումի՞ց, ի՞նչ քանակի, ո՞ր երկրի արտադրության:
2. Պատերազմի օրերին Պաշտպանության նախարարությունը ինչպիսի և ինչ քանակության ռազմական նշանակության արտադրանք, մարտական կամ պաշտպանական հագուստ (զրահաբաճկոններ, և այլն), հատուկ միջոցներ է ձեռք բերել, ո՞ր երկրներից: Եվ որքան գումար է հատկացվել պետբյուջեից դրանց ձեռքբերման համար:
3. Որպես լրացում՝ խնդրում ենք մանրամասնել, թե ի՞նչ դասի զրահաբաճկոններ է պաշտպանական գերատեսչությունը որպես նվիրատվություն ստացել կամ գնել, ի՞նչ քանակի, ումի՞ց:
Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Պաշտպանական գերատեսչությունից մոտ մեկ ամիս հետո գրություն են ուղարկել, որում որևէ հարցի չեն պատասխանել:
«ՀՀ պաշտպանության նախարարությունում ուսումնասիրվել է 2021թ. փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված՝ տեղեկություն տրամադրելու վերաբերյալ Ձեր հարցումը:
Հայտնում ենք, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի և 12-րդ հոդվածի, ՀՀ Կառավարության 13.03.1998 N 173 որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետի պահանջները»,- նշված է գրության մեջ:
Նշենք, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի հոդված 9-ում նշվում է, որ պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների, հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու, ինչպես նաև՝ ՀՀ տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին տեղեկությունները:
Պետական գաղտնիք է համարվում նաև զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման հետ կապված և այլ տեղեկություններ, այդ թվում՝ ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին: