ԲՏԱ նախարարությանը շուրջ 3.4 մլրդ դրամ է հատկացվել, իսկ «Ռազմարդյունաբերական համալիրի զարգացում» ծրագրի նպատակները պետական գաղտնիք են. ԲՏԱ

168.am-ը փետրվարի 5-ին հարցում էր ուղարկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությանը՝ հետևյալ հարցադրումներով.

1. Պատերազմի ընթացքում կատարվե՞լ են արդյոք կանխիկ գնումներ ԱՄՆ-ից, եվրոպական և այլ երկրներից ռազմատեխնիկական անհրաժեշտ սարքեր (ջերմատեսիլ սարքեր, ԱԹՍ-ներ և այլն) ձեռք բերելու համար: Եթե այո, ապա ի՞նչ սարքեր են գնվել, որքա՞ն և ո՞ւմ կողմից, ո՞ր ընկերություններից:

2. Իրականացվե՞լ են արդյոք վերոնշյալ մատակարարումները, թե՞ առկա է դեբիտորական պարտք:

3. 168.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեծ գումար է տրամադրել ԲՏԱ նախարարությանը: Մասնավորապես, 500 միլիոն դրամից ավելի գումար է կանխիկ փոխանցել Եվրոպայից ջերմատեսիլ սարքեր և ԱԹՍ-ներ գնելու համար։ Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը։

4․ factor.am-ի տեղեկացմամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամից պատերազմի օրերին հավաքագրված և ՀՀ Կառավարությանը փոխանցված 52 միլիարդ 703 միլիոն 113 հազար դրամի շրջանակում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացվել է 3 մլրդ 508 մլն 471 հազար դրամ: Լրատվամիջոցին փոխանցված պատասխանում մանրամասներ չկան նպատակների վերաբերյալ: Ի՞նչ նպատակով է այդ գումարը փոխանցվել, ռազմական նշանակության ի՞նչ ծախսեր են կատարվել:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատասխան-գրության մեջ ասվում է.

«Ի պատասխան Ձեր 2021 թվականի փետրվարի 5-ի հարցմանը՝ տեղեկացնում ենք.

  • 1-ին և 2-րդ կետի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից հարցվող տեղեկություններն ընդգրկված են ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N 173 որոշմամբ հաստատված ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկում:
  • 3-րդ կետի վերաբերյալ հայտնում ենք,որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամից որևէ գումար չի ստացել:
  • 4-րդ կետի վերաբերյալ՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 1674-Ն, հոկտեմբերի 27-ի N 1735-Ն և հոկտեմբերի 28-ի 1738-Ն որոշումներով ընդհանուր առմամբ շուրջ 3.4 մլրդ դրամ է հատկացվել «Ռազմարդյունաբերական համալիրի զարգացում» ծրագրի իրագործման համար: Ծրագրի նպատակները հրապարակման ենթակա չեն, քանի որ պարունակում են պետական և ծառայողական գաղտնիք»:

Տեսանյութեր

Լրահոս