Ձախողված կիսահարաբերություններ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, ՀԱՊԿ-ի հետ. Կառավարությունն ամփոփում է 2021թ. արդյունքները

ՀՀ Կառավարության 2021թ. ընթացքում արտաքին քաղաքականության ուղղությամբ կատարած աշխատանքների և արձանագրած «հաջողությունների» մասին խոսելիս՝ մեր աչքից չէր կարող վրիպել ընտրություններից հետո Կառավարության ծրագրում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսություն սկսելու ուղղությամբ ջանքերի մասին կետը։ Իսկ ի՞նչ արդյունքներ արձանագրեց Հայաստանն անցած տարվա ընթացքում։

2021թ. կատարողականի հաշվետվության մեջ, սակայն, որպես ձեռքբերումներ՝ նշվում են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը և 2,6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի ստացումը։ Ստացվում է, որ վիզաների ազատականացման հարցում որևէ գործնական քայլ չի իրականացվել, այդ թեման, ի դեպ, բացակայում է նաև երկկողմ բարձրաստիճան հանդիպումների օրակարգից և ԵՄ ներկայացուցիչների խոսույթից։

Հիշեցնենք, որ նախքան 2018թ. իշխանափոխությունը նախորդ իշխանությունները նախատեսում էին վիզաների ազատականացման գործընթացն ավարտին հասցնել մինչև 2020թ., բայց, ինչպես կարելի է տեսնել, նման տեմպերով այս գործընթացն ընդհանրապես կարող է ժամանակավրեպ դառնալ։

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտին հասցնելուն, ապա այն տեղի ունեցավ էական ուշացումով՝ ստորագրումից շուրջ 3,5 տարի անց, մինչդեռ դրա վավերացումը նախքան 44-օրյա պատերազմը, հատկապես հաշվի առնելով համաձայնագրի նախաբանի քաղաքական բաղադրիչը, կարող էր կարևոր դեր խաղալ Ադրբեջանի ագրեսիայի հարցում ԵՄ և անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշումն ավելի հավասարակշռված և հայկական կողմի շահերից բխող դարձնելու տեսանկյունից։ Անգործությունն այս դեպքում հավասարվեց կորսված հնարավորությանը։

Ընդ որում, այժմ ուշանում, խնդիրներով և թերակատարումներով է իրականացվում նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իմպլեմենտացիայի գործընթացը։

Շարունակելով 2021թ.-ի ընթացքում ՀՀ իշխանությունների կողմից վարված արտաքին քաղաքականության արդյունքներին, անդրադառնանք Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններին։ Կառավարությունը հայտարարում է, որ էականորեն ընդլայնվել է երկու երկիրների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը։ Պարզ չէ, թե ինչի՞ հիման վրա է Կառավարությունը նման գնահատական տալիս, քանի որ ՌԴ-ի հետ հարաբերություններում առկա խնդիրների կարևոր ցուցիչներից է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ստորագրված հռչակագիրը, որով երկու երկրների հարաբերությունները բարձրացվում են դաշնակցային մակարդակի։

Բացի այդ, հարկ է արձանագրել, որ ՌԴ-ի համար բարդ աշխարհաքաղաքական ժամանակաշրջանում Հայաստանի գործող կառավարությունը դրսևորում է տարօրինակ արտաքին քաղաքական վարքագիծ։ Մասնավորապես՝ ԱԳ նախարարի հանդիպումը ՆԱՏՕ-ի քարտուղարի տեղակալի հետ, Փաշինյանի հեռախոսազրույցներն ԱՄՆ պետքարտուղարի և Կանադայի վարչապետի հետ, ովքեր այսօր հանդիսանում են ՌԴ ամենաակտիվ հակառակորդները, փորձերը թիրախավորելու և վարկաբեկելու Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը, փորձերը վանելու Ռուսաստանը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացից և այլն։

Ինչ վերաբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, ապա Կառավարությունը, որպես կարևոր իրողություն, նշում է ՀՀ ԱԽ քարտուղարի այցն ԱՄՆ և երկկողմ հանդիպումը երկու երկրների ԱԳՆ-ների միջև։ ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, պասիվ կեցվածքի և վերջինիս կողմից բանակցային գործընթացում նախաձեռնողականություն չցուցաբերելու ֆոնին՝ ավելորդ է խոսելն այն մասին, որ ԱԽ քարտուղարի և ԱԳ նախարարի հանդիպումները արդյունավետության և օրակարգի տեսանկյունից խիստ խնդրահարույց են եղել։

Հայաստան-Իրան հարաբերությունների մասով Կառավարությունը, որպես կարևոր փաստ, ներկայացնում է Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ Իրանի կառավարության որոշումն ու Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային երթուղու ձևավորման շուրջ բանակցությունները։ Մինչդեռ Կապանում Իրանի կողմից գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը թեև կարևոր աշխարհաքաղաքական ուղերձ է պարունակում, սակայն մյուս կողմից՝ այս որոշումը Սյունիքում ստեղծված անվտանգային խոցելի իրավիճակից է բխում, ինչը հազիվ թե կարելի է համարել կառավարության գործունեության ձեռքբերում։ Արձանագրենք, որ Իրանի հետ բեռնափոխադրումների և տրանսպորտային կոմունիկացիայի տեսանկյունից Հայաստանը շարունակում է կախված մնալ Ադրբեջանից, քանի որ 2021թ. աշնանն ադրբեջանցիները սկսեցին նախ՝ արգելապատնեշներ տեղադրել Գորիս-Կապան ճանապարհին, այնուհետև՝ մաքսատուրքեր պահանջել։ Վերանորոգված՝ այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհն անմխիթար վիճակում է, որոշ հատվածներ արդեն իսկ փլուզվել են, իսկ ձյան պայմաններում պարբերաբար անանցանելի է։ Եթե ՀՀ իշխանությունների հույսը Նախիջևանով անցնող երկաթգծի վրա է, ապա այդ պարագայում նույնպես կախվածություն է լինելու Ադրբեջանից։

Անդրադառնալով Չինաստան և Հարավ-Արևելյան Ասիայի մյուս կարևոր դերակատարների հարաբերություններին՝ Կառավարությունը, որպես ձեռքբերում, ներկայացնում է Չինաստանի և Ճապոնիայի հումանիտար օգնությունները և Հնդկաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան։ Նախ, խիստ խնդրահարույց է, Կառավարության ծրագրում Չինաստանի, Ճապոնիայի և Հնդկաստանի հետ հարաբերությունների մասին խոսվում է մեկ պարբերության շրջանակներում, մինչդեռ հաշվի առնելով Չինաստանի աշխարհաքաղաքական դերակատարությունը՝ վերջինիս հետ հարաբերությունները պետք է ընդգրկեն շատ ավելի մեծ օրակարգ։ Պարզ չէ Հայաստանի իրական դիրքորոշումը Չինաստանի նկատմամբ, քանի որ նախորդ տարի Հայաստանը մասնակցեց «Ժողովրդավարությունների գագաթնաժողովին», որն ակնհայտ հակաչինական և հակառուսական համատեքստ ուներ։ Բացի այդ, Հայաստանը, ըստ էության, բոյկոտել է Պեկինի օլիմպիական խաղերը՝ պաշտոնական մակարդակով չմասնակցելով բացման և փակման արարողություններին։

Ամփոփելով արտաքին քաղաքական դաշտում Հայաստանի կողմից 2021թ. ընթացքում վարած գործունեությունը՝ հարկ է խոսել նաև ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի մասին։

Այսպես՝ Կառավարության ծրագրում նշվում էր ՀԱՊԿ կառուցակարգերի կատարելագործման մասին, իսկ հաշվետվության մեջ, որպես այդպիսի օրինակ, ներկայացվում է ՀԱՊԿ արձագանքը Ղազախստանի իրադարձություններին։ Ընդ որում, նշվում է, որ 2021թ. մայիսի 15-ին Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ պայմանագրի 2-րդ հոդվածի հիման վրա։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ, չնայած բոլոր նախադրյալներին, Հայաստանը ՀԱՊԿ-ին այդպես էլ չդիմեց 4-րդ հոդվածով՝ ոչ 2021թ.-ի մայիսին, ոչ էլ նոյեմբերին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ 2-րդ հոդվածի հիման վրա խնդրահարույց դիմումը պարզապես օգտագործվեց ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանում, այդ թվում՝ իշխանական պատգամավորների կողմից հակաքարոզչական ալիք բարձրացնելու նպատակով, որևէ էական հետևանք չունեցավ Ադրբեջանի ագրեսիան զսպելու և վերջիններիս դուրս շպրտելու տեսանկյունից։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա Կառավարության հնգամյա ծրագրում նշվում էր, որ Կառավարությունը հետամուտ է լինելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը, «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը», սակայն 2021թ. կատարողական հաշվետվության մեջ այս թեմային անդրադարձ չի կատարվում: Այս համատեքստում հարկ է հիշել ՀՀ ԱԳ նախարարի անհասկանալի հանդիպումը ՆԱՏՕ-ի քարտուղարի տեղակալի հետ՝ ՌԴ-ՆԱՏՕ աննախադեպ լարվածության փուլում։ Եթե չկա երկկողմ հարաբերությունների օրակարգ, ինչի մասին է վկայում նաև հաշվետվության տեքստում այդ թեմային չանդրադառնալը, ապա պարզ չէ, թե ո՞րն է նման հանդիպումների նպատակը։ Բացի այդ, որքանով հասանելի է բաց աղբյուրներից, վերջին՝ 5-րդ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) պայմանագիրն ավարտվել է 2019թ., նոր պայմանագիր կնքելու պաշտոնական տեղեկատվություն որևէ տեղ չի հրապարակվել։ Օրինակ, ԱԳՆ կայքում վերջին ԱԳԳԾ պայմանագիրը հիշատակվում է 2017թ. ապրիլին կնքված թվով 5-րդ՝ 2017-2019թթ. փաստաթուղթը։ Ավելին, ԱԳՆ կայքում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական փուլերը թվարկելիս վերջին միջոցառումը թվագրվում է 2019թ. մարտին։ Շարունակում են ակտուալ մնալ հետևյալ հարցադրումները․ կա՞ արդյոք նոր պայմանագիր, եթե կա, ապա ինչո՞ւ է գաղտնի պահվել, իսկ եթե չկա, ապա կառավարության ծրագրում այս ձևակերպումն էլ ավելի խնդրահարույց է։

Տեսանյութեր

Լրահոս