Մենք մեր ձայները տալիս ենք մեր ընտանիքի, համայնքի անդամին, վերջ. Չեխովի դպրոցը կրկին տնօրեն չունեցավ
Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար այսօր անցկացվեց հերթական մրցույթը, սակայն այդպես էլ դպրոցը տնօրեն չունեցավ:
«Մենք նորից տնօրեն չունենք: Ծնողների և ուսուցիչների 4 ձայները տրվեցին Տաթևիկ Մելքոնյանին, Քաղաքապետարանի 4 ձայնը՝ Դիանա Մինասյանին, և մեկ ձայն՝ ԿԳՄՍ նախարարությունից՝ Անժելա Կարապետյանին: Ձայներն այդպես բաշխվեցին, բայց էլի տնօրեն չունենք, ու դպրոցի բնականոն աշխատանքը, երեխաների ուսումը խափանվում է: Առջևում քննություններ են, վերջին զանգ է ի վերջո: Կարելի է, չէ՞, այս երեխեքը նորմալ, մարդավարի ավարտեն: Մեր ասածը դա է. թողնեին գոնե այս երկու ամիսը, մինչև տարին փակվի: Շատ բարդ ժամանակահատված է, տարեվերջ է: Թողնեին գոնե Տաթևիկ Մելքոնյանը, ով նշանակված է ժամանակավոր պաշտոնակատար, ավարտեր տարին, հետո շարունակվեին թե՛ ընտրությունները, թե՛ ժամանակավոր պաշտոնակատարին փոխելը: Մենք կոնկրետ ոչ մի անձի դեմ պայքար չենք տանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Իռեն Մարտիրոսյանը, ով ծնողական խորհրդի անդամ է:
Ինչ վերաբերում է ծնողների այն կարծիքին, որ նորընտիր տնօրենը պետք է դպրոցից լինի՝ մեր զրուցակիցը նշեց. «Եթե դպրոցը որպես ընտանիք վերցնենք, մենք մեր ընտանիքի անդամին ենք, չէ՞, մեր ձայները տալիս: Բայց փաստացի ստացվում է, որ մեր ձայնը չեն լսում: Ծնողներն ու ուսուցիչներն իրենց ձայնը տալիս են տիկին Մելքոնյանին, ով 19 տարի այս շենքում աշխատում է: Մենք մեր ձայները տալիս ենք մեր ընտանիքի, համայնքի անդամին, վերջ»:
Ծնողներից մեկն էլ նշեց, որ չի ուզում՝ դպրոցը կորցնի այն որակը, որը ունի:
«Կարծում եմ՝ դրսից եկած մարդը չի կարող պահել այն որակը, որ եղել է նախկինում: Նախ դա դպրոցի կարգուկանոնն է, որը շատ կարևոր է: Երեխաս սովորել է մասնավոր դպրոցում, որտեղի «ազատությունը» շատ վատ է անդրադառնում ուսման պրոցեսի վրա»,- նշեց մեր զրուցակիցը:
Երևանի քաղաքապետարանն ապրիլի 1-ին պարզաբանում է տարածել Չեխովի անվան դպրոցում առկա իրավիճակի վերաբերյալ․ «Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար առաջին մրցույթը կայացել է 18.10.2021թ., որի արդյունքում հաղթող չի ճանաչվել, և գործող տնօրեն Գայանե Սարուխանյանը շարունակել է պաշտոնավարել մինչև աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի հ.319-Ն որոշմամբ հաստատված կարգի 2.1 կետով, որի համաձայն՝ լիազոր մարմինը հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում տվյալ հաստատության խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի տեղակալներից մեկին կամ բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, կամ բարձրագույն կրթություն և մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի՝ վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, որը տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ, Երևանի քաղաքապետի 16.12.2021թ. հ.4474-Ա որոշմամբ դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Տաթևիկ Մելքոնյանի վրա, մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:
Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հաջորդ մրցույթը կայացել է 10.03.2022թ.-ին, որի արդյունքում կրկին հաղթող չի ճանաչվել: Հաշվի առնելով վերոգրյալը և Կարգի նշյալ կետով Երևանի քաղաքապետին վերապահված իրավասությունը՝ Դիանա Մինասյանը նշանակվել է «Երևանի Ա. Չեխովի անվան հ.55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»: