ՀՅԴ շարքերից արտաքսվածը՝ Սուրեն Պապիկյանի օգնական
168.am-ի տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի օգնական է նշանակվել Վանիկ Չալոյանը:
Նա եղել է Պապիկյանի օգնականը նաև այն ժամանակ, երբ վերջինը կատարում էր ՀՀ փոխվարչապետի պարտականությունները:
Չալոյանը, սակայն, հանրությանը հայտնի է՝ որպես ՀՅԴ շարքերից արտաքսված:
Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերին Դաշնակցությունն իր շարքերից արտաքսել էր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երեք անդամի, այդ թվում՝ Վանիկ Չալոյանին:
Պատճառն այն էր, որ նշված անձինք «Ուղղամիտ և անվախ դաշնակցականներ» ֆեյսբուքյան էջում հայտարարություն էին տարածել, որում ՀՅԴ խորհրդաժողովից մանրամասներ էին հայտնել: Մասնավորապես, պարզ էր դարձել, որ Գերագույն մարմնի կոմիտեների ժողով է հրավիրվել, և ի թիվս այլ հարցերի՝ որոշվել է, որ Դաշնակցությունը պետք է պարտիզանական հարվածներ հասցնի ներկա իշխանություններին:
Բացի այս, Վանիկ Չալոյանը և ՀՅԴ-ից արտաքսված մյուս երկուսը հարցազրույց էին տվել Հ1-ին, որտեղ պնդել էին՝ «ՀՅԴ–ում կան մարդիկ, որոնք դեմ են նախարարի հրաժարականի պահանջին և ցույցերի անցկացմանը, ոմանք էլ դեմ են, բայց չեն բարձրաձայնում»:
Հիշեցնենք, որ այդ օրերին ՀՅԴ երիտասարդները նստացույցեր էին անում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, որին վերոնշյալ երեք անձինք դեմ էին արտահայտվել և հրաժարվել էին մասնակցել այդ ակցիաներին։
Հետաքրքիր է՝ Սուրեն Պապիկյանը մտավախություն չունի՞, որ ինչ-ինչ անհամաձայնությունների դեպքում Վանիկ Չալոյանը նաև ՊՆ-ից տեղեկատվական արտահոսքի պատճառ դառնա: