«Չեմ կարող ասել, որ օրենքի այս կարգավորումից հետո այսքան ներդրում կլինի». Տարածքային կառավարման փոխնախարար
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։
Լրագրողների հետ զրույցում մանրամասնելով նախատեսված փոփոխությունները՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ասաց, որ փոփոխություններ են իրականացնում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման ժամանակ պարզաբանելով, թե ինչպիսի քայլեր պետք է իրականացվեն։
«Շատ խնդրահարույց հարցեր ու դատական պրոցեսներ կան, և օրենսգիրքն անընդատ կատարելագործման կարիք ունի, և այդ կատարելագործման կետերից մեկը հենց ընդերքօգտագործման հնարավորությունն է միաձուլման և այլ կազմակերպական գործընթացներում։ Հաջորդ կարևոր եզրույթը, որին ուշադրություն է դարձվում, դա անհաղթահարելի ուժի սահմանումն է օրենսգրքում, և անհաղթահարելի ուժից հետո թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկեն ընդերքօգտագործողները, որպեսզի կարողանան օգտվել այդ օրենքի դրույթներից»,- շեշտեց Հովհաննես Հարությունյանը։
Նա նաև ընդգծեց, որ սահմանային հատվածներում, օրինակ՝ Արաքսի ավազանի հարակից կետերից ունենք արդյունահանում, ավազի արտահանում։ Այդ գործընթացներին ավելի լավ իրավակարգավորում տալու համար ևս իրականացվում են փոփոխություններ։
«Եթե երկու բառով ասենք՝ այս օրենքի փոփոխությունը բիզնեսում ավելի լավ ներդրումային միջավայր ապահովելու համար է, Հայաստանում ավելի կանխատեսելի միջավայր ձևավորելու, որպեսզի ներդրողները, որոնք գալիս են Հայաստան և ունեն որոշակի բիզնես պլաններ, իրենց համար ավելի կանխատեսելի լինեն իրենց և պետության հետ հարաբերությունները։ Օրինակ, եթե լինեն ֆորսմաժորային իրավիճակներ, իրենք պետք է իմանան, որ պետությունն այդ ժամանակահատվածով պատրաստ է նույն ժամանակահատվածով փոխհատուցել և երկարացնել իրենց պայմանագրերը»,- հավելեց փոխնախարարը։
Շարունակելով միտքը՝ նա ասաց, որ ներդրումներն ուղղված են նոր աշխատատեղեր ստեղծելուն, այսինքն՝ ընդերքն օգտագործելու ժամանակ աշխատատեղեր ստեղծելու և համայնքներին տարբեր սոցիալական ծրագրերով փոխհատուցելու հնարավորություններ։
«Նախորդ անգամ ԱԺ-ում ներկայացրեցինք մի շարք կարևոր փոփոխություններ, որ գանձվող ռեալիթիներից 2 տոկոսը գնում է ուղիղ համայնքներին, և դա ամենակարևոր փոփոխությունն է։ Եթե կա մետաղական հանքավայր, և այն պետք է աշխատի, ուրեմն անպայման ազդագիր համայնքները հետագայում ստանալու են ռեալիթիներից իրենց տոկոսները։ Այս օրենքը, հնարավոր է՝ տարածվի այն ընդերքօգտագործողների վրա, որոնք այս պահին ունեն թույլտվություն, և նրանց վրա, ովքեր առաջիկայում կդիմեն կամ ձեռք կբերեն ընդերքօգտագործման իրավունք, և իրենց մոտ կծագի ֆորսմաժորային իրավիճակ։
Ինչ վերաբերում է ներդրումների թվին, ապա չեմ կարող ասել, որ օրենքի այս կարգավորումից հետո այսքան ներդրում կլինի, բայց մենք շարունակում ենք ոլորտը կարգավորել»,- եզրափակեց Հովհաննես Հարությունյանը։