«Մտահոգված ժողովրդավարներ»
Օրերս Հայաստանի մի շարք կազմակերպություններ, ինչպես նաև մարդ-կուսակցություններ և մարդ-ՀԿ-ներ, իրենց համարելով ժողովրդավարական, ազգային-պետական կամքի կրողներ, «մտահոգված» Հայաստանի ինքնիշխանության և Արցախի ժողովրդի անվտանգության հարցերով, 4 կետանոց հայտարարություն են տարածել։
1․ Առաջին կետով «մտահոգված ժողովրդավարները» հայտարարում են, որ իրենց համար Հայաստանի ինքնիշխանությունը բացարձակ և անսակարկելի արժեք է, և նրանք «հերոսաբար» մերժում են միութենական պետության, հատուկ շեշտելով՝ Ռուսական կայսրության վերականգնմանը մասնակցելու կամ օժանդակելու բոլոր միտումներն ու քարոզիչներին։
«Մտահոգված ժողովրդավարներին» ունեմ հետևյալ հարցերը։ Չե՞ք կարծում, որ 2020թ․ նոյեմբերի 9-ին կրած խայտառակ պարտությունից հետո Հայաստանը դե ֆակտո կորցրեց իր ինքնիշխանությունը, և այսօր, առավել քան երբևէ, սկսած 1991թ․, կախվածության մեջ է և Ռուսաստանից, և Ադրբեջանից, և Թուրքիայից։ Որքան ինձ հիշողությունը չի դավաճանում, հայտարարությունը ստորագրողների բացարձակ մեծամասնությունը ոչ միայն խստորեն չքննադատեց պարտության միակ պատասխանատու Հայաստանի վարչապետ կոչեցյալին, այլև իրենց բոլոր ռեսուրսներով, բացահայտ կամ քողարկված ձևերով սատարեցին նրան։ Նրանք ոչ միայն չկազմակերպեցին և չմասնակցեցին բողոքի հավաքներին, այլև պարտության պատասխանատու իշխանության կազմակերպած «ընտրություններ» կոչված ֆարսը համարեցին «ազատ և արդար»՝ փաստորեն, ողջունելով պարտությունը։
Հետաքրքիր է, որ «մտահոգված ժողովրդավարները» մի կողմից՝ հայտարարում են, որ Հայաստանի ինքնիշխանությունը նրանց համար անսակարկելի արժեք է, մյուս կողմից՝ հատուկ շեշտում՝ Ռուսական կայսրության վերականգնումը։ Եթե այս բարձրագոչ նախադասությունը վերծանենք, ապա «մտահոգված հերոսները» ոչ թե դեմ են Հայաստանի որևէ կայսրության մաս դառնալուն, այլ միայն Ռուսականին։ Կարելի է եզրակացնել, որ «մտահոգված հերոսները» դեմ չեն այլ, օրինակ՝ հնարավոր վերականգնվող Օսմանյան կայսրությանը միանալուն։
Այստեղ շեղվենք կետերի հերթականությունից և անցնենք 3-րդ կետին։
3․ Կարծում եմ, որ «մտահոգված ժողովրդավարների» հայտարարության մեխը 3-րդ կետն է, որով նրանք, իբր անհանգստացած Արցախի ճակատագրով, պահանջում են իշխանությունից դիմել միջազգային կազմակերպություններին՝ ԵԱՀԿ, ՄԱԿ, փոխարինելու ռուսական խաղաղապահ ուժերը միջազգային, այն է՝ ՄԱԿ-ի խաղաղապահներով։
«Մտահոգված ժողովրդավարներին» կուզենայի հիշեցնել, որ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո, իշխանությունները սկսեցին իրենց հետևողական հակառուսական քաղաքականությունը, սկսած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ շինծու քրեական գործով մեղադրանք ներկայացնելուց, վերջացրած «ժողովրդավար», հայերին «խաչիկներ» անվանող նացիոնալիստ ընդդիմադիր Նավալնուն Հ1-ով հարցազրույցի հրավիրելով։ Սրանով, ինչպես Ադրբեջանի «բարեկիրթ» նախագահը խոստովանեց, Հայաստանի իշխանությունը հասունացրեց պատերազմի «պահը»։ Հիշենք նաև, որ Ռուսաստանի նախագահը մի քանի անգամ փորձեց դադարեցնել պատերազմը, բայց այն չէր մտնում վարչապետ կոչեցյալի և նրա դաշնակից Ադրբեջանի նախագահի պլանների մեջ։ Վերջապես, Ռուսաստանի նախագահը, ելնելով Ռուսաստանի շահերից, հարկադրեց կողմերին հրադադարի, որով էլ փրկվեց Արցախի փոքր հատվածը։
Բնականաբար, այն չէր մտնում ոչ Հայաստանի իշխանության, ոչ «մտահոգված ժողովրդավարների» պլանների մեջ։ Նրանց հարկավոր էր Արցախի վերջնական հայաթափումը, որպեսզի ազատվեին Արցախի դարդից, Արցախի կորստի համար մեղադրելով Ռուսաստանին և պահանջելով ռուսական ռազմաբազայի հեռացումը Հայաստանից։ Պատերազմի ժամանակ չարդարացնելով Ռուսաստանի պահվածքը, այնուամենայնիվ հարց «ժողովրդավարներին»․ ինչո՞ւ թեկուզ պատերազմի առաջին օրերին, Հայաստանը չճանաչեց և դուք էլ չպահանջեցիք ճանաչել Արցախի անկախությունը, և ռազմական դաշինք չկնքեց Արցախի հետ։ Այդ պայմանագիրը հիմք կարող էր հանդիսանալ, որ Հայաստանն արդեն պաշտոնապես դիմեր դաշնակից Ռուսաստանին ռազմական օգնության համար։ Հակառակ դեպքում ի՞նչ հիմնավորմամբ Ռուսաստանը պետք է Արցախի կողմից մասնակցեր պատերազմին։ Կամ, ինչո՞ւ պատերազմի ընթացքում լիարժեք չօգտագործվեցին Իսկանդեր հրթիռները։
Նորից ու նորից կրկնեմ՝ այսօր Արցախի մնացած հատվածի և արցախահայության անվտանգության միակ երաշխավորը ռուսական խաղաղապահներն են։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ՝ խաղաղապահները պետք է չեզոքություն պահպանեն կողմերի միջև։ Այլ խնդիր է, որ օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, Ադրբեջանը սադրանքների է դիմում։ Ռուսական խաղաղապահների կողմից ռազմական միջամտության դեպքում, Ադրբեջանն անմիջապես կպահանջի խաղաղապահների հեռացում՝ որպես կողմնակալ ուժ։
Ինչևէ, պատկերացնենք, որ անսալով «մտահոգված ժողովրդավարների» պահանջին, Հայաստանի վարչապետ կոչեցյալը դիմում է ՄԱԿ՝ խաղաղապահ ուժեր Արցախ ուղարկելու համար։
– Հավատացե՛ք, միայն նման դիմումը հիանալի առիթ կհանդիսանա, որ Ադրբեջանը դիմի արդեն շատ ավելի լուրջ սադրանքների։
– Երկրորդ, որքա՞ն ժամանակ կպահանջվի ՄԱԿ ուղղված դիմումը քննարկելու համար։ Սա ևս մեկ հիանալի ժամանակահատված ադրբեջանական սադրանքների համար։
– Երրորդ, հարցը պետք է քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Ամենայն հավանականությամբ, հնարավոր դրական որոշման դեմ Ռուսաստանը վետո կդնի, խոչընդոտելով տարածաշրջան արևմտյան ուժերի տեղակայումը։ Կարծում եմ, որ հենց այս ակնկալիքն ունեն «մտահոգված ժողովրդավարները», «ապացուցելու» համար իրենց հակառուսականության իրավացիությունը։
– Չորրորդ, մի պահ պատկերացնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տալիս ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր Արցախ ուղարկելու համար։ Դեռ մի կողմ դնենք, թե այդ ուժերը որ երկրների ներկայացուցիչներ կլինեն։ Ինչպե՞ս եք պատկերացնում ռուսական ուժերի փոխարինումը ՄԱԿ-ի ուժերով և ի՞նչ ժամանակահատվածում։ Այդ ժամանակահատվածը բավական է, որ Արցախը հայաթափվի։
-Եվ վերջապես, տեսականորեն պատկերացնենք, որ ՄԱԿ դիմումն ընդունվում և քննարկվում է հնարավոր սեղմ ժամկետում, այն միաձայն ընդունվում է, Ադրբեջանն այդ ընթացքում սադրանքների չի դիմում, ռուսական խաղաղապահները մնում են այնքան ժամանակ, մինչև նրանց փոխարինում են ՄԱԿ խաղաղապահները։ Հիանալի է․․․ Այժմ դիտարկենք, թե որքանո՞վ են արդյունավետ գործել ՄԱԿ խաղաղապահ ուժերը։ Ըստ ՄԱԿ-ի ներքին վերահսկողության ծառայությունների գրասենյակի զեկույցի՝ 2010-2013թթ․ընթացքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տիրույթում քաղաքացիական բնակչության վրա տեղի ունեցած 507 հարձակումներից, խաղաղապահները անմիջականորեն արձագանքել են միայն 101-ին՝ 20% դեպքերում (էջ 7)։ Ընդ որում, գրեթե երբեք ուժ չեն կիրառել (էջ 8)։Եվ այս բոլոր դեպքերը վերաբերում են ոչ թե Ադրբեջանի պես մինչև ատամները զինված և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նման դաշնակից ունեցող երկրի, այլ Լիբերիայի, Կոտ Դիվուարի, Հայիթիի պես երկրներին, որտեղ հարձակվողներն անհամեմատ թեթև զինված անկազմակերպ «բանդաներ» են եղել։ Եվ վերջապես, արդյո՞ք «մտահոգված ժողովրդավարները» հիշում են 1994թ․ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի փառահեղ առաքելությունը Ռուանդայում, որտեղ Խաղաղապահների աչքի առաջ ցեղասպանության ենթարկվեց 500 000-ից մինչև 1 000 000 մարդ։
Սա՞ է արդյոք «մտահոգված ժողովրդավարների» ցանկությունը։
4․ Եվ վերջապես, «մտահոգված ժողովրդավարները» քննադատում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու համար։ Մի քանի առիթներով ասել եմ, որ ռուս-ուկրաինական պատերազմն ինձ նույնպես շատ մտահոգում է, ոչ միայն՝ որպես զուտ պատերազմ, այլև, թե այն ինչպես կազդի մեր տարածաշրջանի վրա։ Եվ հենց այս մասին մտածելով՝ կարծում եմ, որ, ի տարբերություն Ուկրաինայի կողմից Ադրբեջանի ագրեսիային բացահայտ աջակցության, մենք պետք է պահպանենք հնարավորինս չեզոք պահվածք։ Նույնիսկ այսօր Ուկրաինայի պաշտոնյաները հրահրում են Ադրբեջանին Արցախի վրա հարձակվելու, դրանով Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու ակնկալիքով։ Փաստորեն, մեր «մտահոգված ժողովրդավարները» նույն տեսակետն են արտահայտում, սրանով իսկ բացահայտում 3 կետում իրենց կեղծ մտահոգությունները Արցախի հարցով։
Այժմ վերադառնանք 2-րդ կետին։
2․ Երկրորդ կետով «մտահոգված ժողովրդավարները» հայտարարում են, որ Հայաստանի ապագան տեսնում են համամարդկային արժեքների հիման վրա ժողովրդավարության դրոշի ներքո համախմբող քաղաքակիրթ ազգերի ընտանիքում։
Բնականաբար, «մտահոգված ժողովրդավարները» քաղաքակիրթ ազգերի ընտանիք ասելով՝ հասկանում են Արևմուտքը՝ ԱՄՆ, Կանադա, Եվրոպա։
Հետաքրքիր է, որ «մտահոգված ժողովրդավարներն» այս 4 տարիների ընթացքում «չեն նկատել» իրենց պաշտելի իշխանության կողմից ժողովրդավարական արժեքների ոտնահարումները՝ քաղաքական հետապնդումներ, դատական համակարգի և տեղական ինքնակառավարման ոչնչացում, խոսքի և հավաքների ազատությունների անհարկի սահմանափակումներ, ոստիկանական ուժերի վայրենություններ, համատարած կոռուպցիա։ Բացի այդ, այդ նույն «մտահոգված ժողովրդավարները» չեն ընդունում այլ, իրենցից տարբերվող կարծիք և իրենց ընդդիմադիրներին պիտակավորում ու հայհոյում են, բնականաբար, առանց փաստարկների։
Ըստ «մտահոգված ժողովրդավարների»՝ քաղաքակրթությունից զուրկ երկրներ են Իրանը, Չինաստանը, առավել ևս՝ Ռուսաստանը։
Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում՝ քաղաքակիրթ, արևմտյան ազգերի ընտանիքում։ Նապոլեոն Բոնապարտն այսպիսի միտք է հայտնել․ «Քաղաքականությունն առաջին հերթին՝ աշխարհագրություն է»։ Այսինքն, նայելով քարտեզին և ցանկանալով դառնալ «քաղաքակիրթ» ազգերի ընտանիքի անդամ, ենթադրվում է, որ Հայաստանից Արևմուտք եղող Թուրքիան նույնպես այդ ընտանիքի անդամ է։ Եթե՝ ոչ, ապա ըստ «մտահոգված ժողովրդավարների»՝ Հայաստանը պետք է տեղափոխել Եվրոպա և նոր դառնալ այդ ընտանիքի անդամ։ Սակայն կա նաև այլ ճանապարհ՝ զանգվածային արտագաղթ դեպի քաղաքակիրթ աշխարհ, որն էլ արդեն կատարել են հայտարարությունը ստորագրած Մոցարտ Վիվալդի, ներեցեք՝ Մոդուս Վիվենդի մարդ-կազմակերպության հիմնադիր Արա Պապյանն ու ԱԺԲ անդամ Հայկ Մարտիրոսյանը, ինչպես նաև հայտարարությունը ստորագրած անձերից շատերի սիրասուն զավակները։
Ի դեպ, վերջին վարկածը լիովին հնարավոր է «մտահոգված ժողովրդավարների» պլանների իրագործման պարագայում, և մենք բոլորս հերթ կկանգնենք ծաղիկներ խոնարհելու Վուդրո Վիլսոնի շիրմին։
Համոզված եմ, որ սույն հայտարարությունը համաձայնեցված է վարչապետ կոչեցյալի հետ։ Չէ՞ որ այս անձանցից ոմանք մաս են կազմում վարչապետ կոչեցյալին կից, այսպես կոչված, արտախորհրդարանային ուժերի խորհրդին, ոմանք աջակցելով հպարտված իշխանությանը, «ընտրություններ» կոչված ֆարսը հայտարարեցին «ազատ և արդար»։ Այսինքն, այս հայտարարությունը ստորագրածները, վարչապետ կոչեցյալի հետ միասին, մասնակցում են Հայաստանի և Արցախի դեմ դավադրությանը, որպես առաջին քայլ՝ հասնելու Արցախի վերջնական հայաթափմանը։
Այժմ մի քանի խոսք հայտարարությունը ստորագրած անձանցից ոմանց և կազմակերպությունների մասին։
Կարծում եմ, որ հայտարարությունը ստորագրածների մեջ միայն անկեղծ անձինք Պարույր Հայրիկյանն ու Շանթ Հարությունյանն են։ Պարույր Հայրիկյանը, լինելով խորհրդային ամենաճանաչված այլախոհներից, ով 17 տարի անցկացրել է խորհրդային բանտերում, դեռևս մնում է հակախորհրդային կաղապարային մտածողության մեջ։ Նույնը՝ Շանթ Հարությունյանի պարագայում։ Ծնվելով և մեծանալով խորհրդային այլախոհ ընտանիքում, Շանթը, ում հայրն ու հորեղբայրը՝ Շահեն և Մարզպետ Հարությունյանները, թունդ հակախորհրդային գործիչներ էին, Շանթը նույնպես մնացել է նույն կարծրատիպերի գերին և աջ ու ձախ ԿԳԲ-ականներ է տեսնում։ Շանթը նույն ոգով է դաստիարակել որդուն՝ Շահենին։ Այնուամենայնիվ հետաքրքիր է, որ սույն հայտարարությունից հետո, վարչապետ կոչեցյալի գրպանային իրավապահները Շահենի դեմ հարուցված շինծու «ծանր վիրավորանքի» մեղադրանքը կարճեցին, այն դեպքում, որ ավելի մեղմ արտահայտված «վիրավորանքների» գործերը շարունակվում են։ Հուսանք, որ իմ կասկածը հիմնավոր չէ, և շուտով կկարճվեն մնացած բոլոր նման գործերը նույնպես, առանց մեղադրյալների կողմից սույն հայտարարությանը միանալու պայմանի։
Հետաքրքիր է, որ հայտարարությունը ստորագրածներն իրենց համարում են ոչ միայն ժողովրդավար, այլև ազգային։ Արդյո՞ք, բոլոր ստորագրածները:
2019թ․ երբ հայտարարությունը ստորագրածներից ոմանց հետ դեռևս գործընկերներ էինք, մի քննարկման ժամանակ հետևյալ խոսակցությունը տեղի ունեցավ։ Խոսելով համամարդկային արժեքների մասին՝ ես ասացի, որ դրանք բոլորովին չեն հակասում մեր ազգային արժեքներին։ Շարունակելով խոսքս, ասացի որ ինքս ինձ համարում եմ ազգային գործիչ, և օրինակներ բերեցի մեր դասական, ազգային գրողներից՝ Հովհաննես Թումանյան, Րաֆֆի, թե ինչպես են նրանք քննադատել կանանց, երեխաների նկատմամբ բռնությունները։ Իմ խոսքին հակադարձեց հայտարարությունը ստորագրած կազմակերպություններից մեկի ղեկավարը՝ զայրացած հայտարարելով՝ ի՞նչ ազգային, մոռացեք, ասելով, որ ինքն անձամբ կոսմոպոլիտ է։ Ես հարցական հայացքով դիմեցի քննարկման մյուս մասնակիցներին, որոնցից շատերը ստորագրել են հայտարարությունը, թե նրանք նո՞ւյնպես կոսմոպոլիտներ են։ Եվ բոլորը գլխով արեցին։
Ցավով նկատեցի, որ հայտարարությանը միացել է նաև իմ կողմից հարգված, արցախցի Թեմիկ Խալափյանը։ Ի՞նչ ասեմ, փաստորեն նա համալրեց արցախցի կոլաբորացիոնիստներ Արմեն Գրիգորյանի, Սամվել Բաբայանի շարքերը։
Հ․Գ․ Ի տարբերություն այլ հոդվածների հետգրությունների, հայտարարում եմ, որ չեմ պատրաստվում բանավիճել «մտահոգված ժողովրդավարների» հետ, քանի որ անիմաստ է բանավիճել քարոզիչների հետ, որոնց համար պատմություն, աշխարհագրություն, փաստեր, տրամաբանություն գոյություն չունեն, այլ միայն ու միայն անձնական շահեր և հայհոյանքներ։