«Անվտանգային շատ հարցերի շուրջ չեմ կարող խոսել, բայց այս պահին գյուղում վիճակը հանգիստ է». Խնուշինակի գյուղապետ
Արցախի Հանրապետության տարբեր գյուղեր վերջին օրերին փորձում են շարունակել գյուղատնտեսական աշխատանքները, որոնք կիսատ էին մնացել նախ՝ թշնամու սադրանքների պատճառով, հետո արդեն՝ անբարենպաստ եղանակի հետևանքով։
Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղը նույնպես փորձում է անցնել բնականոն կյանքի, մարդիկ սկսել են աշխատել իրենց հողամասերում։ Խնուշինակում մարտի 9-ին ադրբեջանական կողմը կիրառել էր 60 մմ տրամաչափի ականանետ, արձակել 4 հատ ական։
168.am-ի հետ զրույցում Խնուշինակի գյուղապետ Կամո Մուրսալյանն ասաց, որ այժմ իրավիճակը հանգիստ է։
«Ես անվտանգային շատ հարցերի շուրջ չեմ կարող խոսել, բայց այս պահին գյուղում վիճակը հանգիստ է, մարդիկ սկսել են իրենց գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել։ Եղանակն այժմ լավ է»,- նշեց Կամո Մուրսալյանը։
Նա տեղեկացրեց, որ պարարտանյութի, սերմացուի հարցերը լուծված են, ցորենի դաշտերը մշակվել են Արցախի գյուղատնտեսության նախարարության իրականացրած ծրագրով։
«Մենք գյուղում հիմա ունենք հնարավորություն տեղահանված արցախցիներից մի քանի ընտանիքի գյուղում ժամանակավոր կացարան տրամադրել։ Ասեմ, որ պատերազմից հետո Արցախի տարբեր վայրերից տեղահանված 3 ընտանիք է հաստատվել Խնուշինակում»,- հավելեց Կամո Մուրսալյանը։
Նշենք, որ մարտի 9-ից հետո Խնուշինակում մի քանի օրով դադարեցվել էին գյուղատնտեսական աշխատանքները, քանի որ թշնամին իր զբաղեցրած դիրքերից մշտապես կրակում էր խաղաղ գյուղի ուղղությամբ։