Ախտահանման հանդերձանքով՝ դեպի «պրոֆեսիոնալ բանակ», կամ ինչո՞ւ ՀՀ-ում փակեցին Ադրբեջանի հետ չհամագործակցած «Լյուբավան»
«Զինուժի» մարտի 26-ի հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև անտառներում և լեռնային գոտիներում Հատուկ նշանակության կամ ԶՈՒ հետախուզական խմբերի մարզումներին:
Ռեպորտաժում ասվում է, որ հետախուզական խմբի հագուստը հարմարեցված է տեղանքին, մինչդեռ այն ռազմական չէ, ինչի մասին մատնում է քողարկող համազգեստի տարբերանշանը։
Փաստերի ստուգման հարթակի ուսումնասիրության արդյունքներից պարզվում է, որ տարբերանշանը պատկանում է ամերիկյան Kleen Guard ընկերությանը, իսկ համազգեստը վաճառվում է amazon.com կայքում՝ փաթեթը (25 հատը) $148-ով։
Այն նախատեսված է քաղաքացիական աշխատանքներ իրականացնելու (ախտահանման, դեղագործական արտադրամասերում աշխատանքի և այլն) համար և ռազմական նշանակության չէ։
Այս համատեքստում Փաստերի ստուգման հարթակը որպես օրինակ՝ ներկայացրել է ՆԱՏՕ-ի և ՌԴ զորքերի ձմեռային և քողարկիչ հագուստները:
Մենք մեր հերթին՝ դրան ավելացնենք նաև 2021-ին Թուրքիայում անցկացված թուրք-ադրբեջանական ձմեռային զորավարժությունների ժամանակ զինծառայողների հագուստները, ինչպես նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի ձմեռային կամ քողարկիչ հագուստը, որոնք մեր հարևան երկրի զինծառայողները կրել են 2022-ի մարտի սկզբին կայացած տակտիկական զորավարժությունների ժամանակ:
168.am-ը փորձել է պարզել, թե որքան կարող է արժենալ ռազմական նշանակության ձմեռային համազգեստը կամ քողարկիչ հագուստը:
Մեր տեղեկություններով՝ 1000 ԱՄՆ դոլարով հնարավոր է ձմեռային շատ լավ համազգեստի կոմպլեկտ գնել: Ընդ որում, խոսքն անհատական վաճառքի մասին է: Իսկ եթե ՊՆ-ն 100 հատ գնի, այն կարող է ավելի էժան արժենալ՝ 500-700 դոլար: Իհարկե, չտաքացվող հագուստի մասին է: Տաքացվողները, բնականաբար, ավելի թանկ են:
Նշենք, որ ժամանակին՝ նախկին իշխանությունների օրոք, Պաշտպանության նախարարությունը նատօ-ական չափանիշներով և տեխնոլոգիաներով աշխատող «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ձեռնարկությանը ռազմական նշանակության քողարկիչ արտադրանքներ էր պատվիրում: Օրինակ, քողարկիչ ծածկոցներ, որոնք մարդուն, զինտեխնիկան անտեսանելի էին դարձնում հակառակորդի ջերմատեսիլ, օպտիկական և ռադարային սարքերի համար: Ծածկոցները 2 և 3D ծածկույթով էին:
«Լյուբավան» արտադրում էր նաև հետախույզի ձմեռային քողարկման հանդերձանք:
Այն անտեսանելի էր դարձնում մարդուն ձյան վրա անգամ ջերմատեսիլ սարքերից, ապահովում նաև հակառադարային հասանելի պաշտպանություն:
Արդյունավետ տեսողական քողարկում 25 մ-ից, գիշերային տեսողական համակարգից՝ 20 մ-ից: Հանդերձանքը ևս ուներ 2 և 3 D տարբերակներ:
Պակաս կարևոր չէր ընկերության արտադրած նաև հետախույզի ուսապարկը՝ նախատեսված երկար տակտիկական գործողությունների ժամանակ սարքավորումներ կրելու համար:
Ձեռնարկությունում արտադրվում էին նաև պաշտպանողական տարբեր կարողությունների զրահաբաճկոններ:
Մասնավորապես՝ պաշտպանիչ զրահապատ բաճկոն, որը նախատեսված էր զինված համազգեստավորման կազմավորումների և MOLLE/PALS համակարգի պարագաները և պարկը կցելու համար:
Բաճկոնին հնարավոր էր կցել նաև լրացուցիչ էլեմենտներ՝ վիզը, ուսը, փորը պաշտպանելու համար: Կամ՝ PRO պաշտպան զրահաբաճկոն, որը ևս նախատեսված էր զինված կազմավորումների, ինչպես նաև MOLLE/PALS մոդուլային համակարգ՝ ֆունկցիոնալ պարկեր և մարտավարական սարքավորումները կրելու համար: Փափուկ և ճկուն բալիստիկ ներդիրները K2 կարգի առավելագույն պաշտպանություն են ապահովում:
Մեկ այլ՝ կրծքավանդակի պաշտպան CHR-3, որը նախատեսված էր 2 բալիստիկ թիթեղ կրելու համար, օգտագործված նյութերի շնորհիվ ապահովում է երկար ողջ մնալու հավանականություն նույնիսկ ծայրահեղ պայմաններում:
«Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական ձեռնարկության ղեկավարությունը առիթի դեպքում առանձնացնում էր կերամիկական ներդիրով զրահաբաճկոնները, որոնք պաշտպանում էին «ՍՎԴ»-ից և Կալաշնիկովից արձակված գնդակներից, ընդ որում, մարմնի նույն հատվածում 6 խոցման դեպքում:
Հայ-լեհական ձեռնարկության արտադրատեսակներն այսքանով չէին սահմանափակվում:
«Լյուբավա-Արմենիա»-ն («Lubawa Armenia») ստեղծվել էր 2013-ի մարտի 27-ին լեհական Lubawa ընկերության և «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրով:
«Լյուբավա-Արմենիա»-ի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում էր լեհական կողմին, 49 տոկոսը՝ հայկական: 2013-ի ապրիլի 30-ին հայ-լեհական ընկերության հիմնադիրներից «Lubawa» ընկերությունը ներկայացրել էր իր արտադրանքը Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներին:
Արտադրանքի մեջ քողարկման ցանցեր, վրաններ և պաշտպանության միջոցներ էին:
Արդեն 2013-ի դեկտեմբերին հայ-լեհական ընկերությունն իր առաջին պայմանագիրն էր կնքել ՀՀ պաշտպանության նախարարության հետ, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորվել էր Հայաստանի զինված ուժերին տրամադրել քողարկման ցանցերի 80 համալիր՝ յուրաքանչյուրում 6×3քմ մակերեսով 12 ցանցեր: Պայմանագիրն արժեցել է շուրջ 1 մլն ամերիկյան դոլար:
2014 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատել էր այդ ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն՝ Հայաստանը շուրջ 406,65 մլն դրամի ներդրում է անելու հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ընկերությունում՝ ակնկալելով լեհական կողմի, համապատասխանաբար, շուրջ 10 մլն ամերիկյան դոլարի ներդրումներ:
Որոշման համաձայն՝ ՀՀ ՊՆ-ն՝ որպես «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության 80 տոկոս բաժնեմասի կառավարիչ, գործարանի 406,65 մլն դրամի գույք (վարչական, արտադրական մասնաշենքեր և հարակից հողատարածքներ) անհատույց փոխանցելու էր Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
Գույքը կապիտալի տեսքով ներդրվելու էր հայ-լեհական «Լյուբավա Արմենիա» ռազմարդյունաբերական ընկերությունում, որի հաշվին կիրականացվեն արտադրությունը նախապատրաստելու և կազմակերպելու միջոցառումներ:
Հայկական կողմի ներդրման դիմաց լեհական կողմը պայմանագրով ստանձնում է տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման, տեխնոլոգիայի ձեռքբերման, կադրերի պատրաստման, արտադրության կազմակերպման և շինարարական աշխատանքների կազմակերպման պարտավորություն՝ կատարելով մոտ 8 մլն-ի ներդրում:
2013-ի օգոստոսից մինչ օրս լեհական կողմը շինարարական աշխատանքների, մասնավորապես՝ նոր մասնաշենքի կառուցման համար արդեն ներդրել է մոտ 2 մլն ամերիկյան դոլար:
«Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական ձեռնարկության պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014-ի հոկտեմբերի 16-ին:
«Լյուբավա» ընկերությունը գործում է 1951 թվականից: 1996թ. վերածվել էր բաց բաժնետիրական ընկերության:
Այլ ընկերությունների հետ միավորվելու արդյունքում կազմավորվել էր «Լյուբավա» արդյունաբերական խումբը, որի մեջ չորս ընկերություն էր մտնում, որոնք զբաղվում էին՝ ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքացիական արտադրանքի թողարկումով:
Այդ չորս ընկերություններն էին՝
-«Լյուբավա ՍԱ» (վրաններ, հատուկ և մասնագիտացված հագուստ, զրահաբաճկոններ, սաղավարտներ և այլն)
-«Միրանդա» (տեքստիլ արտադրանք, քողարկող ցանցեր և հագուստ, վրաններ)
-«Լիտեքս Պրոմո» (արտաքին գովազդային պարագաներ, սպորտային պարագաներ և այլն)
-«Էֆեկտ Սիստեմ» (բարձրորակ ժամանակակից տպագրություն տարբեր մակերեսների, այդ թվում՝ նաև տեքստիլի վրա):
«Լյուբավա» արդյունաբերական խումբն ունի ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների որակի բոլոր անհրաժեշտ հավաստագրերը:
Նիկոլ Փաշինյանի օրոք «Լյուբավա-Արմենիա» ընկերությունը Հայաստանում գործունեությունը դադարեցրեց: ԲՏԱ-ից 168.am-ին ասել էին, որ ընկերության դադարեցումը պայմանավորված է բացառապես տնտեսական հանգամանքներով:
Ի դեպ, մեկ կարևոր սկզբունք, որ պահպանում էր «Լյուբավան», այն է՝ լինելով ՀՀ-ի գործընկերը, չէր համագործակցում Ադրբեջանի հետ, և մեր հակառակորդն իրեն անհրաժեշտ արտադրանք ձեռք էր բերում լեհական այլ ընկերություններից:
Վերադառնալով ԶՈՒ հետախուզական խմբերի մարզումներին և ոչ ռազմական հանդերձանքին, նշենք, որ իշխանական կայքերից մեկին անանուն ՊՆ զրուցակիցը ասել էր, որ արտահագուստը բանակին արված նվիրաբերություն է, զինված ուժերը դրա ձեռքբերման համար գումար չի ծախսել։
Իշխանական այս անանուն արդարացումը բնավ չի փրկում ՊՆ ղեկավարության և բանակի հեղինակությունը, եթե չասենք՝ հակառակը: Բանակը դա այն կառույցը չէ, որին ում մտքով ինչ անցնի՝ նվիրի: Մինչև բանակին որևէ բան նվիրելը պետք է նախևառաջ հարցնել մասնագետներին, ՊՆ կամ ԳՇ ղեկավարությանը, պարզել՝ ինչի կարիք կա:
2016-ին Նիկոլ Փաշինյանն Արցախ կատարած այցի ժամանակ հարց էր բարձրացրել, թե բազմաթիվ ամերիկահայեր և ֆրանսահայեր օգնություն են ուղարկել իրենց խողովակներով, բայց դրանք առաջնագիծ չեն հասել: Դրան ի պատասխան՝ այդ ժամանակ Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը բացատրել էր, որ, օրինակ, մի սփյուռքահայ իր նախաձեռնությամբ ինֆրակարմիր ճառագայթով աշխատող հեռադիտակների խմբաքանակ է գնել և ուղարկել Արցախ, բայց դրանք առաջնագիծ չեն հասել, որովհետև պարզվել է՝ դրանց ճառագայթումը կիրառողին տեսանելի է դարձնում ադրբեջանցի դիպուկահարների համար:
Այսինքն, կրկնում ենք՝ բանակի համար չի կարելի հենց այնպես կամ խելքին փչած բանն առնել և նվիրել:
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը որևէ բան ասելն անշնորհակալ գործ է, եթե անգամ դա հանուն բանակի է:
Չմոռանանք, որ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանն ընկած սաղավարտ և զրահաբաճկոն էր «մուրում»: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը չի կարողացել պատերազմի մեջ գտնվող երկրում համապատասխան չափի գնումներ ապահովել, որը զինվորի կյանքեր է արժեցել:
Միաժամանակ, հիշեցնենք, որ պատերազմի օրերին Փաշինյանը «Շիշ բռնող» մականունով պատգամավորի՝ Հայկ Սարգսյանի եղբորը՝ իր նախկին խորհրդական Նաիրի Սարգսյանին, լիազորել էր Հայաստանի Հանրապետության անունից, պետական բյուջեից կանխիկ վճարման եղանակով ձեռք բերել 5մլն ԱՄՆ դոլարի զրահաբաճկոններ, ԱԹՍ-ներ, ջերմատեսիլ նշանառության սարքեր: Ըստ այդմ, օրինակ՝ ձեռք բերել 3000 հատ զրահաբաճկոն՝ յուրաքանչյուրը՝ 240 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այդ նպատակով պետբյուջեից Նաիրի Սարգսյանին կանխիկ տրամադրվել էր 720 000 ԱՄՆ դոլար:
Բացի այս, պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել, որով լիազորել էր ՀՀ քաղաքացի Արմեն Կոտոլյանին Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերված և փաստացի ՀՀ ՊՆ-ին հատկացված 700 հատ զրահաբաճկոնների համար վճարումն իրականացնել կանխիկ եղանակով՝ յուրաքանչյուրը 600 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն, այս նպատակով ծախսվել է 420.000 ԱՄՆ դոլար:
Պատերազմի օրերին շատերին մտահոգող հարցն էր՝ ինչո՞ւ մեր զինվորները չունեին համապատասխան զրահաբաճկոններ, սաղավարտներ, քնապարկեր, այն դեպքում, երբ աշխարհի տարբեր ծայրերից ամեն օր որպես աջակցություն՝ ուղարկում էին մեր հայրենակիցները: Իսկ միգուցե մեր հայրենակիցների կողմից զինվորին, մեր բանակին որպես օգնություն եկած գույքը, այդ թվում՝ զրահաբաճկոննե՞րն էին թանկ գներով վաճառել մեր պետությանը և հսկայական եկամուտներ ստացել որոշ մարդիկ: Իշխանափոխությունից հետո, վստահաբար, դեռ շատ աղմկահարույց դեպքեր կբացահայտվեն:
Իսկ պատերազմից 1,5 տարի հետո Նիկոլ Փաշինյանի պահած բանակում դեռ կարելի է հանդիպել հնամաշ համազգեստով, մի քանի համար մեծ «բուշլատ» հագած զինվորների: Ավելին, հաճախ սաղավարտը, համազգեստը և զրահաբաճկոնը գունային առումով իրար հետ չեն «խոսում»՝ տարբեր «օպերաներից» են, էլ չասենք համազգեստի ոչ պատշաճ կրման մասին: Եվ եթե պատերազմի օրերին սա ինչ-որ տեղ հասկանալի էր, ապա պատերազմից հետո սա անընդունելի է:
Եվ այս ձևով բանակ պահողները խոսում են պրոֆեսիոնալ բանակից: Պրոֆեսիոնալ բանակը, բացի կադրային լուրջ ռեսուրսներից, նաև ֆինանսական միջոցներ է պահանջում, իսկ ՀՀ ԶՈՒ-ն մինչ օրս չունի սովորական ձնագնաց (снегоход), որի բացակայությունը դժվարացնում է լեռնային և բարձր լեռնային գոտիներում բքի ժամանակ զորքին հաց հասցնելու խնդիրը: