Կրակոց՝ հայ զինվորի մեջքին. ինչո՞ւ Երասխում զորքի հայելային հետքաշման ֆոնին՝ Գարիկ Սարգսյանն ընտրվեց

Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ, արդյունքում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթեց՝ ստանալով քվեարկողների 56,2 տոկոսի կողմ ձայները, իսկ ընդդիմությունը՝ 41,5 տոկոսը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Լևոն Նազարյանը իշխանության հաղթանակի մասին խոսելիս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընդդիմությունը զիջել է 10-15 տոկոսով, ինչը փաստում է՝ այս իշխանության վարած քաղաքականությունը չկիսողների թիվը շարունակ ավելանում է։

«Մյուս կողմից՝ Վեդիում կատարվածը որակում եմ որպես կրակոց՝ հայ զինվորի մեջքին, և անարգանք՝ սպարապետի հիշատակին, հավանաբար Վեդիի բնակիչները մոռացել են երևի, որ թուրքերը 1990-ականներին Երասխով մտել էին Հայաստան, հասել էին մինչև Վեդի ու գրավել էին «Վեդի ալկո»-ի գործարանը։ Այն արդյունքները, որ ստացանք այդ ընտրություններով, ցույց են տալիս, որ Վեդի խոշորացված համայնքում ընտրվել է մի մարդ, որը պատրաստ է կատարել թուրքական կողմի կամքը, որովհետև Երասխը ճանապարհային հանգույց է, և այդ տարածքը պետք է ուշադրության կենտրոնում պահել ճանապարհների ապաշրջափակման տեսանկյունից»,- ասաց Լևոն Նազարյանը։

Հիշեցնենք, որ Կառավարության մարտի 24-ի նիստում՝ փաստորեն, քվեարկությունից ընդամենը երեք օր առաջ, Նիկոլ Փաշինյանը Երասխի հատվածում թշնամու առաջ գալու մասին ասել էր.

«Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»։

Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության հավաքած ձայներին, ապա Նազարյանն այդ առումով նկատեց՝ ընդդիմության հավաքած  41 տոկոսը ցույց է տալիս, որ արթուն պայքարողների և մոլորվածների միջև տարբերությունն այդքան էլ շատ չէ, հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ, ըստ օդում կախված լուրերի, բանակն ուղղորդված մասնակցություն է ցուցաբերել նաև այս ընտրություններում։

«Հրահանգ է տրվել Զինված ուժերին՝ ուղղորդված մասնակցություն ունենալ։ Պատահական չէր, որ երբ Փառուխում կրակում էին, Պապիկյան Սուրենը Վեդիում բուկլետ էր բաժանում»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս