«Երբ տեսա այդ ծնողներին, մտածեցի՝ Աստված իմ, այս ինչ են անում, երեխաների անունների հետ են խաղում։ ․․․ երեխեքն այնտեղ պառկած՝ իրենք գնացել են պարելու». Նահատակված Կարեն Ավագյանի մայր

Մարտի 26-ին Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում նկարներ հրապարակեց, որին կից գրել էր, որ կանանց մեկամսյակի կապակցությամբ հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքների կին անդամներին։

Այնուհետև, նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր տեսանյութ, որտեղ իր խոսքն է ուղղում ներկաներին։

«Էստեղ ուզում եմ շատ կարևոր նշել հետևյալը՝ մահը մահ է բոլորի համար, առհասարակ դժբախտություն է, շատ կարևոր է՝ ինչպես ես արձագանքում էդ երևույթին։ Շատ մեծ կարևորություն ունի առհասարակ հավատը, ի՞նչ եք դուք մտածում, ի՞նչ ենք մենք մտածում, մահից հետո ի՞նչ ենք պատկերացնում։ Եթե Դուք պատկերացնում եք, որ կյանքը վերջացավ, ամեն ինչ ավարտվեց, ուրեմն արդարացված է նաև  մեր հավաքական մոր կերպարի  էս պահի գոյությունը, որովհետև դա նշանակում է՝ չհավատալ  երկնային կյանքին, դա նշանակում է՝ չհավատալ առհասարակ Հայաստանի  ապագային։

Արդեն տվել եք հայրենիքին Ձեր ամենաթանկը, բայց Դուք դեռ գործ ունեք անելու։ Ներողություն եմ խնդրում սրա համար, բայց Դուք դեռ գործ ունեք անելու, Դուք իրավունք չունեք ուղղակի նստել և սգալ, որովհետև դրանով Դուք փակում եք  մեր երկրի ճանապարհը, մեր երկրի ապագան, Ձեզանից յուրաքանչյուրի որդին կամ ամուսինը  չէր ուզենա տեսնել Ձեզ սգալիս, այսինքն՝ պետք չի, որ հիմա ծիծաղեք, դրանով Ձեր  զոհված որդու հիշատակը  կնսեմացնեք, այլ ուղիղ հակառակը՝ Ձեր որդին կուզեր, որ Դուք ծիծաղեք, ապրեք, որ իր զոհողությունը, իր կյանքի գինը իմաստ ունենար։ Պետք չի կեղծ, անառողջ իրավիճակի մեջ ապրել, չթողնել ապրել ընտանիքի անդամներին, մյուս սերունդներին, հաջորդ սերունդներին, երեխաներին, թոռներին, ամաչել ապրելուց»,- իր խոսքում ասել էր Աննա Հակոբյանը։

Մեկ օր անց համացանցում տեսանյութ տարածվեց, որ այդ հավաքույթի ժամանակ, ելույթ է ունեցել երգչուհի Սիլվա Հակոբյանը, իսկ հավաքվածներից շատերն էլ պարում են, ինչը քննադատվեց շատերի կողմից։ Անդրադառնալով այս քննադատություններին, Սիլվա Հակոբյանն իր էջում գրել էր, որ անվճար է երգել։

«Երգել եմ բացառապես այն երգերը, որոնք մեր մայրերն են ուզել, այդ երգերի մեջ կային և՛ հուզական, և՛ հայրենասիրական, ինչպես նաև՝ ուրախ երգեր:

Ու նպատակը մեկն էր, որ մի թեթև ժպիտ հայտնվեր իրենց՝ առանց այդ էլ տառապալից դեմքերին: Ու ինձ մոտ ստացվեց, որովհետև բոլորս ենք ուզում, որ իրենք շարունակեն ապրել, արարել, շարունակեն առաջ նայել»,- գրել էր երգչուհին:

Պարզվում է՝ Աննա Հակոբյանը զոհված տղաներից շատերի մայրերին, քույրերին, կանանց այդ հավաքին չի հրավիրել։

168.amի հետ զրույցում տիկին Արմինեն՝ պատերազմում զոհված Համբարձում Հովհաննիսյանի մայրը, ասաց, որ Աննա Հակոբյանի կողմից որևէ հրավեր չի ստացել, և եթե նույնիսկ հրավեր ստանար, ապա այդ հավաքույթին չէր մասնակցելու։

«Ինքս Գյումրիից եմ, եթե այստեղ էլ որևէ բան կազմակերպում են, ես տանից դուրս չեմ գալիս։ Եթե նման բաների մասնակցում եմ, նորից ամեն ինչ վերապրում եմ ու ավելի ծանր եմ տանում ամեն ինչ»,- նշեց հերոսի մայրը։

Պատերազմում հերոսաբար ընկած փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի կինը՝ Աննա Գրիգորյանը, նույնպես նշեց, որ որևէ հրավեր չի ստացել՝ ստանալու դեպքում էլ այն մերժելու էր։

«Եթե նույնիսկ հրավեր ստանայի, միևնույն է՝ ես այնտեղ ոտք չէի դնելու։ Ես չեմ կարող ասել՝ պատճառը որն է եղել, որ մի մասին են հրավիրել, դա պետք է իրենցից ճշտեք, եթե, իհարկե, նման նյութ կտրամադրեն ձեզ։ Դա «տաշիտուշի» միջոցառում էր, այլ ոչ թե զոհվածի ընտանիքին հարգելու հավաք։

Կրկնում եմ՝ եթե հրավիրեին, չէի գնա, եթե նույնիսկ գնայի էլ և տեսնեի, որ նման երաժշտություն է, նույն րոպեին դուրս կգայի»,- նշեց Աննա Գրիգորյանը։

Հարցին՝ ամիսներ առաջ Աննա Հակոբյանը Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելում էր զոհված տղաների ընտանիքների տներ, իրենց տուն այցելե՞լ է, փոխգնդապետի կինը պատասխանեց.

«Ընդանրապես մեր տուն չեն այցելել, այս իշխանությունը, բացի խլելուց, այլ բան չի տվել»։

Նահատակված Կարեն Ավագյանի մայրիկին՝ տիկին Նելլի Ավագյանին, նույնպես չեն հրավիրել։

«Նրանք այդքան ռիսկ չունեն ինձ հրավեր ուղարկեն, տարան, իմ մինուճարի գլուխը կերան։ Ինձ նախ՝ չեն հրավիրել, եթե հրավիրեին, ես արդեն գիտեմ՝ ինչ կասեին իրենց։ Իրականում այդ ամենին շատ վատ եմ վերաբերվում։ Կարենս իմ մինուճարն էր, ես ուրիշ երեխա չունեմ, 2 տարի է՝ ես տանից դուրս չեմ գալիս՝ գնում եմ միայն բժշկի ու Կարենիս տուն։ Այդ ամենը մի խայտառակություն էր, որը ես տեսա, ճիշտ է, իրավունք չունեմ իրենց փոխարեն խոսելու, բայց որպես զոհվածի մայր՝ ես այդ ամենը համարում եմ խայտառակություն։ Ուղղակի որ իրենք խոսում են, որպես զոհվածի ծնողներ, դրա մեջ ախր մենք էլ ենք մտնում, ախր մեր անունի հետ են նրանք խաղում։

Ամեն մեկն իր մտածելակերպն ու ուղեղն ունի։ 2 տարի է, մենք ամեն ինչ մոռացել ենք, մի քանի տարով միանգամից ծերացանք, դարձանք 100 տարեկան։ Հիմա դուք ինձ հարց եք տալիս, Կարենիս հայրիկն էլ զայրացավ դրանց անունները լսելուց․ մենք չենք ուզում Նիկոլի ու Աննայի անունները լսել։ Իրենք մեր երեխաներին տարան ու գցեցին մսաղաց։ Աննա Հակոբյանը որևէ անգամ իմ տուն չի այցելել, եթե գար էլ, նա իմ տան դուռը չպետք է բացեր, հաստատ դրսից դուռը կփակեր ու կգնար, ես թույլ չէի տա։ Ամուսինս նույնիսկ դրանց անունը լսելուց է զայրանում, ուր մնաց՝ թույլ տանք դրանք ոտք դնեն մեր տուն։ Ես իմ որդու պատիվն ու հիշատակը ամեն ինչից վեր եմ դասում։

Ես երբ տեսա այդ ծնողներին, մտածեցի՝ Աստված իմ, այս ինչ են անում, երեխաների անունների հետ են խաղում։ Ես չգիտեմ, երեխեքն այնտեղ պառկած՝ իրենք գնացել են պարելու։ Ես այդ մարդկանց մեջ ինձ ծանոթ ծնող չտեսա»,- եզրափակեց Նելլի Ավագյանը։

Տեսանյութեր

Լրահոս