«Թուրքիայում կարող է ավելի վատ ճգնաժամ լինել, քան 20 տարի առաջ»․ Հարվարդի տնտեսագետ
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետներից պրոֆեսոր Քենեթ Ռոգոֆը, հայտարարելով, որ Թուրքիան կարող է հայտնվել ավելի վատ տնտեսական ճգնաժամի մեջ, քան նախկինում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TUIK) տվյալներով՝ փետրվարին սպառողական գներն աճել են մեկ ամսվա կտրվածքով 4.81%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 54.44%-ով:
Ըստ տնտեսագետների՝ մարտին գնաճը կգերազանցի տարեկան 60 տոկոսը։ Պատճառը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի բացասական ազդեցությունն է պարենային ապրանքների գների և վառելիքի թանկացման վրա։
Թուրքիայում գնաճի այսքան կտրուկ տեմպի պատճառներից մեկը արժութային ճգնաժամն է, որը սկսվել է անցյալ տարվա վերջին ամիսներին։
Չնայած Էրդողանն ասում էր․ «Մենք ենք գրել տնտեսագիտության գիրքը», բայց պրոֆեսոր Ռոգոֆը նշում է, որ Թուրքիայի համար շատ դժվար է գնաճը նվազեցնել առանց տոկոսադրույքների լուրջ բարձրացման և որ Թուրքիային սպասում է շատ ավելի վատ տնտեսական ճգնաժամ, քան այն, ինչ տեղի էր ունեցել 20 տարի առաջ։