Ինչի՞ վրա է կառավարության հույսը
Նախորդ ճգնաժամից դուրս չեկած, տնտեսությունը նոր ճգնաժամի առաջ է կանգնած։ Այն ժամանակ համավարակն էր պատճառը, հիմա՝ պատժամիջոցները. դրանք սպառնում են՝ ինչպես համաշխարհային, այնպես էլ՝ Հայաստանի տնտեսության զարգացումներին։ Եթե մինչև նոր ճգնաժամը շատ երկրներ գոնե կարողացել էին հաղթահարել նախորդի հետևանքները, մեր տնտեսությունը դեռևս շարունակում է տանել նախկինի ծանր բեռը։ Ու դրա վրա, հիմա նոր դժվարություններ ու խնդիրներ են ավելացել։
Նախորդ ճգնաժամի հետևանքով մեր տնտեսությունը հայտնվեց խորը անկման մեջ։ Թե այս անգամ ո՞ւր կհայտնվի, կտեսնենք ապագայում. անորոշությունները չափազանց շատ են։ Կան ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական սպասումներ։ Բայց բացասականներն անհամեմատ ավելի շատ են։
Դրականն այն է, որ Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են բերել նրան, որ բիզնեսի ինչ-որ հատված կտեղափոխվի Հայաստան։ Խոսքը, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների մասին է, որը պատժամիջոցների հետևանքով արտաքին աշխարհի հետ հարաբերվելու խնդիր ունի։ Ու հիմա այդ բիզնեսի որոշ ներկայացուցիչներ փորձում են տեղավորվել Հայաստանում. գրանցում են ընկերություններ, որպեսզի վերականգնեն խզված կապերը գործընկերների հետ։
Հայաստանում գրանցվելուց հետո, որպես զուտ հայկական ծագման ընկերություններ, դրանք արտաքին շուկաներում գործելու և իրենց պրոդուկտները ներկայացնելու խոչընդոտ, ըստ էության, այլևս չեն ունենա։ Այդ դեպքում կարող են հանգիստ աշխատել նաև տեղում, առանց տեղափոխվելու։ Թեև, անշուշտ, կլինեն ընկերություններ, որոնք ապահովության համար կնախընտրեն տեղափոխվել նաև աշխատակազմերով։
Անկախ աշխատակազմերով տեղափոխվել-չտեղափոխվելուց, դա լրացուցիչ շրջանառություն է մեր տնտեսության համար, նաև հարկեր՝ պետական բյուջեի համար։ Միակ հարցն այն է՝ դրանք կհիմնավորվե՞ն, թե՞ չեն հիմնավորվի Հայաստանում, կմնա՞ն, թե՞ կարճ ժամանակ հետո կհեռանան։
Շատ բան կախված կլինի՝ ինչպես պատժամիջոցների տևողությունից, այնպես էլ՝ գործունեության համար առաջարկվող պայմաններից։
Հայտնի է, որ Հայաստանում նորաստեղծ ՏՏ ոլորտի ընկերությունների համար կան որոշակի արտոնություններ եկամտային հարկի և շահութահարկի գծով։ Եթե այդ պայմաններն ավելի ձեռնտու լինեն, քան այլ երկրներում, այդ թվում՝ նույնիսկ Ռուսաստանում, ապա չի բացառվում, որ նրանց մի մասը հետո էլ շարունակի իր գործունեությունը ծավալել այստեղ։ Հակառակ պարագայում, դրանք շատ արագ կհեռանան, երբ Ռուսաստանում գործելու փոքր-ինչ հնարավորություններ ստեղծվեն։
Այս առումով դեռ վաղ է կանխատեսումներ անելը, բայց սա այն դրականն է, որը կարող է ակնկալել մեր տնտեսությունը ռուսական բիզնեսի տեղափոխումից։
Ծառայությունների որոշ հատվածներում ևս այս պահին դրական շարժեր կան, սակայն դրանք կարճաժամկետ բնույթի են։ Հեռանկարում կարող են գերակշռել հետևանքները՝ կապված զբոսաշրջային ոլորտի խնդիրների հետ, որոնք առաջացել են՝ ինչպես ռուսական ռուբլու արժեզրկման, այնպես էլ՝ Ռուսաստանի տնտեսական իրավիճակի ու մարդկանց եկամուտների անկման հետ։
Ռուսաստանը Հայաստանին զբոսաշրջիկներ մատակարարող թիվ մեկ երկիրն է։ Մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ այս տարվա ակնկալիքները ռուսական շուկայից բավական հուսադրող էին։ Կար ամրագրումների ակտիվություն։ Հակամարտության մեկնարկից հետո ամրագրումները ոչ միայն դադարեցին, այլև շատերը վերանայեցին մտադրությունները, ինչը բնական էր նման իրավիճակում։ Ու որքան էլ վերջին օրերին Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների պակաս չկա, դա քիչ կապ ունի զբոսաշրջային հոսքերի հետ։ Առաջիկայում ևս ակնկալիքներ չկան։
Մեր տնտեսության համար բացասական սպասումները, սակայն, միայն այդտեղ չեն։
Սպասվում է, որ կտուժեն տնտեսության այն ճյուղերը, որոնց արտադրանքի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։ Նման մտահոգությունները լուրջ հիմքեր ունեն, եթե հաշվի առնենք, որ մեր արտահանման գրեթե 30 տոկոսը գնում է ռուսական շուկան։
Խոսքը հատկապես վերամշակման ոլորտի արտադրատեսակների մասին է։ Դրանց մեջ ամենամեծ բաժինը պատկանում է հայկական կոնյակին։
Ռուսական շուկա հայկական արտահանման 25 տոկոսը կոնյակն է։ Ճգնաժամային պայմաններում, երբ ընկնում է մարդկանց գնողունակությունը, մեծապես տուժող ապրանքատեսակներից մեկն էլ կոնյակն է։
Նման իրավիճակի նախկինում բազմիցս բախվել ենք՝ նախորդ ճգնաժամերի ժամանակ, բախվեցինք նաև համավարակի ընթացքում։ Կոնյակի արտահանումը կրճատվեց ավելի քան 30 տոկոսով։
Բոլոր հիմքերը կան ասելու, որ ի հայտ եկած նոր խնդիրների պատճառով այս տարի կոնյակի արտահանման ծավալների նվազումը շատ ավելի մեծ կլինի։ Եվ ոչ միայն կոնյակինը, այլև ընդհանրապես մյուս խմիչքներինը, այդ թվում՝ գինունը։
Սա խնդիրներ է առաջացնում՝ ինչպես այդ ոլորտի արտադրության ծավալների, այնպես էլ՝ խաղողի մթերումների իրականացման համար։ Առանց այդ էլ, նախկինում իրականացված չափից ավելի մթերումների և իրացման դժվարությունների պատճառով՝ պահեստները լիքն են, նոր մթերումների հնարավորությունները՝ սահմանափակ։ Ու եթե այժմվանից քայլեր չարվեն այս խնդիրներին ինչ-որ կերպ լուծում տալու համար, վաղը շատ ավելի լուրջ դժվարությունների ենք բախվելու։ Մթերումները միշտ էլ Հայաստանում հարթ չեն ընթացել, առավել ևս՝ այս տարի ռիսկերը շատ են։
Հայաստանից Ռուսաստան արտահանման մեջ մեծ է նաև գյուղմթերքների և վերամշական ոլորտի այլ ապրանքների արտահանումը։
Գյուղմթերքների արտահանման հետ կապված հիմնական խնդիրը ռուբլու արժեզրկումն է։ Ճիշտ է, դրա հետևանքով առաջացող կորուստներն ինչ-որ տեղ փոխհատուցվում են գների բարձրացման միջոցով, բայց դրանք դեռևս չեն հասել այն կետին, որպեսզի նպաստավոր լինեն Հայաստանից գյուղմթերքների արտահանումները վերականգնելու համար։
Այս իրավիճակը որքան երկար ձգվի, այնքան ի վնաս մեր գյուղատնտեսության ոլորտի է լինելու։
Հնչող որոշ կանխատեսումների համաձայն՝ այս ամենը կբերի նրան, որ Հայաստանից արտահանումը Ռուսաստան կնվազի 40-50 տոկոսով։ Սա շուրջ 400 մլն դոլարի վնաս է ենթադրում Հայաստանի տնտեսության համար։
Եվս առնվազն այդքան կարող են լինել տնտեսության կորուստները տրանսֆերտներից։
Ռուսական շուկայից Հայաստանի տնտեսությանը փոխանցվող ուղղակի կորուստներն արդեն տեսնում ենք նաև այլ հատվածներում, նույնիսկ այնտեղ, որտեղ թվում է, թե դրանք չպիտի լինեին։ Խոսքը հանքարդյունաբերության մասին է։
Կանգնել է «Թեղուտը»։ Դա պաշտոնապես մեկնաբանվել է պլանային վերականգնողական աշխատանքներով, բայց պարզ է, որ խնդիրն այլ է։ «Թեղուտը» գործում է ռուսական բանկի վերահսկողության ներքո։ Այն առաջիններից մեկն էր, որը հայտնվեց Արևմուտքի պատժամիջոցների տակ։ Դրան էլ հաջորդեց հանքի շահագործման դադարեցումը։
Հաշվի առնելով ռուսական կապիտալի ներկայության ծավալները մեր տնտեսության մեջ, չի բացառվում, որ առաջիկայում էլի լինեն նման ընկերություններ։ Ռիսկերը քիչ չեն ու ընթացքում էլ կարող են բացահայտվել։
Տնտեսությունը տուժում է ոչ միայն Ռուսաստանից, այլև այլ երկրներից փոխանցվող ազդեցություններից։ Դրանք կապված են՝ ինչպես համաշխարհային տնտեսական զարգացումների դանդաղելու, այնպես էլ՝ ներքին շուկայում համախառն պահանջարկի կրճատման, տնտեսության մեջ ներդրումային ակնկալիքների չիրականացման հետ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ