«Քանի՞ դեպք եք հիշում, որ ճանապարհ փակելուց նախարար գնա, գնում է համայնքի ղեկավարը». Գնել Սանոսյանը՝ ծովագյուղցիների մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ծովագյուղում բնակիչների բողոքներին և ճանապարհների փակելուն։
«Տարբեր ժամանակահատվածներում տարբեր գործընթացներ են տեղի ունեցել, ամեն փուլում իրենց ձայնն արտահայտել են տարբեր մեթոդներով։ Ծովագյուղում դժգոհության պատճառն այն էր, որ կար փնջային տարբերակ, որի պարագայում Ծովագյուղը միանալու էր Սեմյոնովկա համայնքին։ Այդ տարբերակն այդպես մնացել էր մինչև 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունները։ Երբ տեղի ունեցան համապետական ընտրություններ, ձեռնարկվեցին քննարկումներ, որի արդյունքում որոշում կայացվեց, որ 2021 թվականի աշնանը կգնանք խոշորացման»,- լրագրողներին պարզաբանեց Գնել Սանոսյանը։
Անդրադառնալով մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների քարոզարշավին մասնակցելուն՝ նախարարը պատճառաբանեց, թե դա առհասարակ կապ չունի Ծովագյուղ չգնալու հետ։
«Եթե որոշեի գնալ Ծովագյուղ, հնարավոր է՝ Վեդի չգնայի, ԱԺ չգայի, այսինքն՝ դրանք տարբեր պրոցեսներ են, եթե ինչ-որ տեղ չեմ գնում, չի նշանակում, որ այլևս որևէ տեղ չպետք է գնամ։ Հիմա որոշում է կայացվել, որ այդ հանդիպմանն այդ ֆորմատով չեմ գնալու, կարծել ենք՝ դա ինչ-որ լուծում չի տա մեկ պարզ պատճառով՝ մարզն ունի ղեկավար, մարզի ղեկավարը գնացել, խոսել է։ Քանի՞ դեպք եք հիշում, որ ճանապարհ փակելուց նախարար գնա, գնում է համայնքի ղեկավարը, մարզպետը, լսում է բնակիչներին, նայած՝ որ ոլորտին է առնչվում խնդիրը, փոխանցում է համապատասխան նախարարներին։ Հարցը չի լուծվել, այդպես մնում է, սակայն կառավարությունը հարցի լուծման այդ տարբերակի նպատակահարմարությունը չի տեսնում այն տարբերակում, որոնք իրենք են առաջարկում՝ խոշորացման այդ մեթոդը չի կարող փոխվել»,- հավելեց Գնել Սանոսյանը։
Նա հիշեցրեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Երևանում առաջինը տեղի ունեցան ընտրություններ, այնուհետև՝ խորհրդարանական ընտրություններ, որից սկսած Հայաստանում այլևս որևէ ընտրություն չի կեղծվել։
«Հիմա ի՞նչ է տեղի ունեցել Վեդիում, պարզ ընտրական պրոցես, քանի որ երկու ուժ էին, գուցե որոշակի լարվածություն կար։ Մենք, բացի պաշտոնյա լինելուց, քաղաքական թիմի անդամ ենք, և կարծում եմ՝ կարող ենք մեր քաղաքական գործընկերներին ժամը 8-ին ինչ-որ կերպ աջակցել։ Բացարձակ այնպես չէ, որ սահմանի հարցը կարևոր չէ, այն ամենակարևորն է»,- անդրադառնալով նաև սահմանին տիրող իրավիճակին՝ շեշտեց Գնել Սանոսյանը։