Հայաստանի թիվ մեկ խնդիրը՝ ապապոպուլիզացիա

Վերջին շրջանում ամենատարբեր հանրային հարթակներում հաճախ է հնչում միտքը, որ քաղաքականությամբ զբաղվող բոլորը՝ ինչպես իշխանությունը, այնպես էլ՝ ընդդիմությունները, տարբեր ինտելեկտուալ խմբերը կտրված են հասարակությունից, և վերջինը չի վստահում նրանցից որևէ մեկին։

Այս գնահատականի մեջ կա ճշմարտության չափազանց մեծ հատիկ։ Այո, ցավոք, հասարակության զգալի մասն ապատիկ անտարբերություն է տածում բոլոր քաղաքական դերակատարների հանդեպ՝ լինեն դրանք իշխանությունից թե ընդդիմությունից։ Այլ կերպ ասած, երկրի բոլոր էլիտաները կտրված են հասարակությունից, նրանց և հանրության միջև բացակայում է արդյունավետ հաղորդակցությունը, ինչը վերջնարդյունքում հանգեցնում է տոտալ անտարբերության հաստատմանը։ Սա իսկապես շատ կարևոր խնդիր է, առանց որի լուծման՝ պետությունը չի կարող հաղթահարել այն չհայտարարված ճգնաժամը, որում գտնվում է այսօր։

Բայց այս՝ հանրության հետ կոմունիկացիայի խնդրի լուծումը կարող է վտանգավոր գայթակղություններ առաջացնել էլիտաների մոտ։ Վերնախավերի և հանրության միջև կապի խզման ամենահիմնական ու իրավացի բացատրություններից մեկն այն է, որ էլիտաները չեն սպասարկում հասարակության քաղաքական պահանջները։ Սա արդարացի պնդում է, սակայն մեծ վերապահմամբ՝ իսկ արդյոք հանրությունն ունի՞ քաղաքական պահանջներ ու դրանցով ձևավորված օրակարգ։

Արժանահավատ հարցումների ու մասնագիտական գնահատականների բացակայության պատճառով այդ հարցին դժվար է միարժեք պատասխանել, բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ հասարակությունը, որպես այդպիսին, չունի հստակ ձևակերպված պահանջներ ու քաղաքական օրակարգ։

Կարդացեք նաև

Ամենատարբեր խմբերում ու հանրային շերտերում կան դժգոհություններ, անհանգստություններ, մտահոգություններ, բայց դրանք անջատ են ու հատվածական և չեն վերածվում միասնական օրակարգի, որն արդեն ոչ այնքան հանրության, որքան հենց էլիտաների խնդիրն է։ Ընդ որում, էլիտաների խնդիրը ոչ թե մեխանիկորեն հանրության պահանջները հավաքագրելն է, ինչը կարող է դյուրին թվալ ու այդքանով՝ նաև գայթակղիչ, այլ ինչ-որ իմաստով հենց այդ քաղաքական օրակարգը գեներացնելը։ Ի տարբերություն բիզնեսի, քաղաքականության մեջ չեն գործում առաջարկ-պահանջարկի պարզ մեխանիզմները։

Ավելին՝ եթե քաղաքականությամբ զբաղվողները տրվեն առկա պահանջարկը բավարարելու մեխանիկական հեշտությանը, ապա մեծ կլինի պոպուլիզմի գայթակղությունը, որովհետև հանրության անմշակ պահանջարկը լայն իմաստով կարող է հանգել պոպուլիստական ցանկությունների։ Դրանք բավարարելը անհամեմատ հեշտ է, բայց վտանգավոր ու կործանարար, ինչպես համոզվել ենք Հայաստանի օրինակով։ Հետևաբար՝ էլիտաների խնդիրը պետք է լինի հանրության ամենատարբեր շերտերում առկա ցաքուցրիվ պահանջներին հարաբերական որակ հաղորդելը կամ դրանց ապապոպուլիզացիան։

Դա ոչ միայն հեշտ չէ, այլ չափազանց դժվար է, որովհետև պոպուլիզմը հնարավորություն է տալիս որպես քաղաքական պահանջարկ ներկայացնել ամենաիռացիոնալ, ռոմանտիկ, անգամ անհեթեթ ցանկությունները։ Այն դեպքում, երբ որակյալ քաղաքական պահանջներն ու դրանցից կազմված օրակարգը պետք է լինեն գերիրատեսական, միֆազերծ, հագեցած հնարավորինս չափելի ու հասանելի նպատակներով։ Դա չափազանց ծանր ու երկարատև աշխատանք է, որն այս պահին եթե անգամ Հայաստանում իրականացվում է, ապա խիստ հատվածաբար և ամենևին ոչ համակարգային, համալիր իմաստով։ Հենց այս աշխատանքի բացակայությունն է  առաջադրել այն վակուումը, որն առկա է հանրության ու քաղաքականությամբ զբաղվողների միջև։

Իսկ ավելի լայն իմաստով, այդ վակուումը կարող է լցվել առաջին հերթին՝ մտածողության փոփոխության դեպքում, որի արդյունքում քաղաքականությամբ զբաղվողները հասարակության հետ կհարաբերվեն ոչ թե էլիտարիզմի, այլ էգալիտարիզմի սկզբունքով։

Հասարակությունը չի սիրում իրեն վերևից նայողներին։

Տեսանյութեր

Լրահոս