Բաժիններ՝

Չորս տարի անընդմեջ գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել

Պարենի անվտանգության հետ կապված խնդիրները կրկին ստիպում են կենտրոնանալ գյուղատնտեսության վրա։ Մինչ այդ էլ, իհարկե, կառավարությունն առիթը բաց չի թողել խոսելու գյուղատնտեսության մեջ իրականացվող մեծածավալ ծրագրերի մասին։ Հիմա տեսնենք, թե ի՞նչ ունենք այդ ծրագրերի իրականացման արդյունքում, և ի՞նչ է մեզ սպասվում առաջիկայում։

Երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պատրաստվում էր ստանձնել վարչապետի պաշտոնը, Ազգային ժողովում ելույթի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը։

«Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաև գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը և, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»,- այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է 2018թ. մայիսի 8-ին։

Հայտարարությունից հետո անցել է գրեթե չորս տարի։ Չորս տարին բավարար ժամանակ էր դրված նպատակին գոնե մասնակի հասնելու համար։

Բայց ի՞նչ ունենք 4 տարի հետո։

Անցած չորս տարվա ընթացքում Հայաստանի գյուղատնտեսությունը ոչ միայն հեղափոխական տեմպերով չի զարգացել, այլև միայն հետ է գնացել։

Չորս տարում անընդմեջ գյուղատնտեսության ոլորտում անկում է գրանցվել։ Չի եղել որևէ տարի, որ գյուղատնտեսությունն աճ արձանագրի։

Անկում է գրանցվել նախորդ տարվա անկումից հետո։ Ու այդպես՝ 4 տարի շարունակ։

2018թ. գյուղանտնտեսության ոլորտում արձանագրվեց արտադրության ծավալների 7,4 տոկոս նվազում։ Բուսաբուծության մեջ անկումը նույնիսկ երկիշ էր՝ 12,1 տոկոս։

Համարենք, որ դա իշխանափոխությունից հետո առաջին տարին էր, և իշխանության եկած քաղաքական ուժը դեռևս չէր հասցրել մեկնարկել իր ծրագրերը։ Իսկ ի՞նչ ասել դրան հաջորդած տարիների մասին, երբ գյուղատնտեսության ոլորտի արտադրության ծավալները տարեցտարի շարունակեցին նվազել։

2019թ. անկումը 4,2 տոկոս էր։ Բուսաբուծության ոլորտում՝ ավելի շատ՝ 7,7 տոկոս։

Այս ցուցանիշներն արձանագրվեցին նախորդ տարվա, համապատասխանաբար, 7,4 և 12,1 տոկոս անկման ֆոնին։

2020թ. ևս արդյունավետ չէր գյուղատնտեսության համար։ Ճիշտ է, ի սկզբանե հայտարարվեց, որ ոլորտում ոչ մեծ, բայց աճ է արձանագրվել, սակայն հետո պարզվեց, որ այդ աճն էլ չկա։ 2020թ. գյուղատնտեսության անկումը կազմեց 4 տոկոս։

Անկումը պահպանվեց նաև անցած տարի։ 2021թ. գյուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալները, նախնական տվյալներով, նվազել են 1,4 տոկոսով։ Բուսաբուծության անկումն էլ եղել է 3,1 տոկոս։

Թե չորս տարվա ընթացքում ինչ է արել կառավարությունը՝ ոլորտը «հեղափոխական տեմպերով» զարգացնելու համար, ոչ մի նշանակություն չունի։ Արդյունքն այն է, որ գյուղատնտեսության արտադրության ծավալները տարեցտարի նվազել են։

Սա նշանակում է, որ կառավարության իրականացրած քայլերը ոչ միայն որևէ արդյունք չեն տվել, այլև արտադրության ծավալների կրճատումը շարունակվել է։

ՀՆԱ-ում ևս նվազել է գյուղատնտեսության տեսակարար կշիռը։ Եթե 2017թ. այն կազմում էր 15 տոկոս, ապա հիմա 11 տոկոսի սահմաններում է։

Այս ընթացքում կառավարությունը պետական բյուջեից զգալի միջոցներ է հատկացրել տարբեր ծրագրերի իրականացման ու գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման նպատակով, բայց այն, ինչ ունենք, հիմք է տալիս ասելու, որ դրանք անարդյունավետ են եղել։ Պետական միջոցները ծախսվել են, իսկ արդյունք չկա։ Ոլորտն ինչպես եղել է անկումային, այնպես էլ շարունակել է մնալ։ Անկման բազայի վրա կրկին անկում է գրանցվել։

Սա վատագույն իրավիճակն է, որը կարելի էր պատկերացնել։

Անիմաստ է նույնիսկ խոսել այն մասին, որ գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ որպես ռազմավարական նպատակ, պետք է հանգեցներ չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազման և այդպիսի հողերի գոյության բացառման։ Այս նպատակադրումից 4 տարի հետո ունենք այն, որ Հայաստանում, առանց այն էլ խիստ սահմանափակ հողային ռեսուսրների մեծ մասը չի ծառայում իր նպատակին։

«Հայաստանի վարելահողերի 50 և արոտավայրերի 70 տոկոսը չի օգտագործվում»,- սա ասում է մեկը, ով ի պաշտոնե պատասխանատու է գյուղատնտեսության ոլորտի զարգացումների համար։

Խոսքն էկոնոմիկայի նախարարի մասին է։ Իշխանափոխությունից 4 տարի հետո էկոնոմիկայի նախարարն արդարացում է գտել՝ հայտարարելով, որ չօգտագործվող հողատարածքների հարցն իրենց օրակարգում է, և Համաշխարհային բանկի հետ ինչ-որ համատեղ ծրագրեր են իրականացվում։

Էական չէ, թե խոսքն ինչ ծրագրերի մասին է։ Տեսնում ենք, թե ինչպիսի արդյունք են տվել մինչև հիմա իրականացված ծրագրերը։

Եթե հիշում եք, անցած տարվա սկզբին էլ էկոնոմիկայի նախարարն ասում էր, որ գյուղատնտեսության մեջ տպավորիչ աճեր են սպասվում։ Ու դրանք լինելու են նախկինում իրենց իրականացրած ծրագրերի արդյունքում՝ «Այս տարի այդ ոլորտում տպավորիչ աճ ենք ակնկալում, քանի որ 2019թ. մեկնարկած ծրագրերն արդեն «պտուղներ» են տալիս»։

Այս հայտարարությունից ընդամենը 2-3 ամիս հետո ակնհայտ դարձավ, որ գյուղատնտեսությունն աճի որևէ շանս չունի։ Տարվա երկրորդ կեսից այն արդեն անկումային էր։ Գյուղատնտեսության արտադրության ծավալների կրճատումն էլ իր ուղղակի ազդեցությունն ունեցավ գյուղմթերքների գների վրա։

Ինչքան էլ իշխանությունները փորձեն հիմնավորել, թե գնաճը համաշխարհային երևույթ է, և դրանից անհնարին է խուսափել, ակնհայտ է, որ այդպես չէ։ Այն որքան կապ ունի համաշխարհային տնտեսության ու միջազգային շուկաների, նույնքան՝ ներքին տնտեսության զարգացումների հետ։ Գյուղմթերքների արտադրության ծավալների ավելացման պարագայում հազիվ թե ներքին շուկայում կունենայինք գնաճի այնպիսի բարձր մակարդակ, ինչպիսին ունեցանք անցած տարի։

Ու եթե իրավիճակը շարունակի զարգանալ նույն սցենարով, ապա պատկերը կրկնվելու է նաև այս տարի։

Տարվա մեկնարկն արդեն իսկ մտահոգիչ է։ Գյուղացիական տնտեսությունները բախվել են նոր խնդիրների, որոնց հետևանքով չմշակվող գյուղատնտեսական հողերի քանակը ավելանալու է՝ խոստացված շեշտակի նվազման փոխարեն։

Այդպիսի միտում արդեն կա. գրեթե 9 տոկոսով ավելի քիչ աշնանացան է կատարվել։ Գյուղացու ձեռքը չբռնելու դեպքում, նույնը լինելու է նաև գարնանացանի և ընդհանրապես մյուս մշակաբույսերի դեպքում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս