«Փաշինյանն ու նրա թիմը կանգնելու են դատարանի առաջ. դա աներկբա է. դա չի քննարկվում». Նաիրա Զոհրաբյան
Ադրբեջանի նախագահ Ալիևը երեկ, իր բնորոշմամբ, ծանր ու դժվար խոստովանություն է արել՝ ընդգծելով, որ Ադրբեջանը Հայաստանին 30 տարի պարտված է եղել բոլոր ոլորտներում։ Ալիևը հայերին նորից թշնամի է անվանել՝ նույնիսկ խաղաղության պայմանագրի իր վերջնագիրն առաջարկելուց հետո: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն Ալիևի խոստովանությունն առանցքային համարեց՝ ընդգծելով.
«Ալիևն իր և իր հոր անունից խոստովանում է, որ 30 տարի Ադրբեջանը պարտված է եղել Հայաստանի նախկին իշխանություններին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Սա այն թեզն է, որի հակաթեզը 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ներարկել է հասարակության մեջ՝ ասելով, որ մենք պարտվեցինք արցախյան 44-օրյա պատերազմում, որովհետև դրա պատճառն այն էր, որ մենք 30 տարի ամեն օր պարտվել ենք։ Փաշինյանի այն թեզը, որ 30 տարիների հանրագումարը 44-օրյա պատերազմի պարտության պատճառ է եղել, հերքեց հենց Ալիևը»,- ասաց Նաիրա Զոհրաբանը՝ ընդգծելով, որ, ընդունելով հանդերձ, որ 30 տարիների ընթացքում եղել են համակարգային սխալներ, փաստ է մեկ բան՝ Արցախ-Հայաստան-Ադրբեջան եռանկյունում Արցախն ու Հայաստանը եղել են հաղթող, և դա է խոստովանում Ալիևը, որի խոստովանությունը գալիս է փաստելու, որ այս մեծ պատերազմի միակ պատասխանատուն Փաշինյանն է ու նրա թիմը։
«Ու որ նրանք կանգնելու են դատարանի առաջ. դա աներկբա է. դա չի քննարկվում»,- ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ իրենց մարմնի բոլոր մասերով Ադրբեջանին պաշտպանող «Քաղաքացիական պամանագիր» կուսակցության որոշ պատգամավորների՝ Արցախն Ադրբեջանի կազմում քննարկելու ցանկությունը պայմանավորված է նրանով, որ այսօր իշխանության են եկել մարդիկ, որոնք երկար տարիներ մեծացել ու կրթվել են ադրբեջանցիների հետ եվրոպական ու գերմանական «խաղաղության ճամբարներում» հենց այսօրվա համար։
«Անբարոյականություն է քննարկել Արցախի կարգավիճակի մասին հարցը՝ առանց արցախցիների։ Ո՞վ է որոշել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է որոշել արցախցիների փոխարեն։ Հասարակության համար պետք է հստակեցնել, թե ի՞նչ նկատի ունեն՝ կարգավիճակ ասելով. եթե Ադրբեջանի ասած մշակութային ինքնավարությունն է, ապա դա նշանակում է՝ մորթել, սպանել Արցախը, ժամերի ընթացքում այն հայաթափել, հետևաբար՝ պետք է լինի բացարձակ ինքնորոշման իրավունք. այն, ինչ նշված է Արցախի Սահմանադրության մեջ, որևէ այլ կարգավիճակը նշանակելու է արցախասպանություն»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ Արցախում իրավիճակը բավականին լարված է, և, ինչպես իրեն են փոխանցում արցախցի պատգամավորները, Արցախում փորձում են հասկանալ, թե ի՞նչ դավադրություն է հյուսվում, և փակ դռների հետևում ի՞նչ է քննարկում ՀՀ իշխանությունը։
«Մենք այսօր գործ ունենք փակ դռների հետևում, կամ վերելակներում կայացվող պայմանավորվածությունների հետ, որոնց հետևանքը աղետալի է լինելու Արցախի համար, ուստի հիմա ժամանակն է դադարեցնել ճառերն ու գործել»,-ասաց Զոհրաբյանը՝ ուշադրություն հրավիրելով ստեղծված ծանր վիճակում ընդդիմության՝ մասնավորապես խորհրդարանական ընդդիմության անելիքների վրա։
«Այսօր խորհրդարանի տիտուլային ընդդիմության օրակարգը մեկը պետք է լինի՝ հեռացնել իշխանությանը, ոչ թե Անահիտ Ավանեսյանին հարց տալ, թե աղամանը սեղանից ե՞րբ են վերցնելու։ Նման հարցադրումները քաղաքական ինֆանտիլիզմ են։ Չէ՞ որ խորհրդարանական այսօրվա ընդդիմությունը մեզ ժամանակին ասում էր, թե Փաշինյանին հեռացնելը մեզ համար եթե ոչ ժամերի, այլ՝ օրերի հարց է։ Այս քաղաքական ուժին (նկատի ունի ԱԺ «Հայաստան» խմբակցությանը) ձայն ենք տվել մեկ օրակարգով, բայց ի՞նչ են անում։ Չէ՞ որ իրենց ասել եմ՝ խորհրդարանական ընդդիմության ձեռքին որևէ գործիք չկա՝ իշխանության հեռացման համար. զրո է, բայց չէ՞ որ ողջ ռեսուրսը, այդ թվում՝ լրջագույն ֆինանսական, ընդդիմության ձեռքում է, բայց տեսնում ենք, որ ընդդիմության բոլոր փորձերը՝ խորհրդարանում օրակարգ ձևավորելու հարցում, տապալվում են։Կրկնում եմ՝ ընդդիմությունը ժողովրդի հետ պորտալարը կտրված է, ուստի, պահելով մանդատները պետք է բոյկոտել խորհրդարանի աշխատանքը, չմասնակցել ԱԺ նիստերին ու գնալ ժողովրդի մեջ, անգամ այն գյուղը հասնել, որի մեծամասնությունը Նիկոլի կողմնակիցն են»,- ասաց Զոհրաբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում