«Կարող ենք և ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հետո՞»

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե  հայ-ադրբեջանական բանակցություններում  Արցախի կարգավիճակի մասին հարցը  Ադրբեջանի կազմում քննարկման ենթակա է այնպես, ինչպես օրերս հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Երբ սկսվում են բանակցություններ,  ամեն մեկը գալիս է իր օրակարգով, մեկը կարող է գալ ու ասել մի բան, որը քեզ համար անընդունելի է, դու էլ կարող ես մի բան ասել, որը մյուս կողմի համար է  անընդունելի։ Եթե գալիս է նման առաջարկով, ըստ ձեզ՝ ի՞նչ պետք է անել, դուռը փակել ու դո՞ւրս գալ սենյակից։ Մեր պատասխանը լինելու է այն, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության առաջարկած երեք հիմնարար սկզբունքների շրջանակներում»,- նշեց Արման Եղոյանը։

Ի դեպ, ամբողջ ճեպազրույցի ընթացքում այսօր իշխանության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողի հնչեցրած հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն՝  որակումներ ու գնահատականներ էր տալիս լրագրողին:

Մեկ այլ հարցին՝ ինչն է հայկական կողմին կաշկանդում, որպեսզի հստակ հայտարարի՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսպես պատասխանեց.

«Կարող ենք և ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հետո՞, որ հետո գաք, ասեք՝ չէ, այս ինչ վատ դիվանագետներ եք։ Ամեն մեկն իր օրակարգով է գալիս, Ադրբեջանի օրակարգը հայանպաստ չէ, Հայաստանի օրակարգն էլ ադրբեջանանպաստ չէ, այդ երկու օրակարգերը, դրա համար գոյություն ունի Մինսկի խմբի համանախագահություն»,- շեշտեց Արման Եղոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս