Հայաստանն, Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են Ռուսաստանի «պարտությա՞նը»
Ռուսաստան-Արևմուտք անուղղակի «պատերազմն» Ուկրաինայում ուշագրավ արտաքին քաղաքական տեղաշարժեր է առաջացնում Հարավային Կովկասում:
Մինչ շարունակվում են աշխարհաքաղաքական վճռորոշ իրադարձությունները՝ Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ ինտրիգները, ԱՄՆ-Չինաստան բարձրաստիճան բանակցությունները, որոնք որոշիչ նշանակություն ունեն Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ քաղաքականության շրջանակում, Արևմուտքի և տարածաշրջանային որոշ խաղացողների նպատակը Ռուսաստանին նաև Հարավային Կովկասից դուրս բերելն է, որի համար ներկայումս մաքսիմալ դիվանագիտական ջանքերն են ներդրվում՝ ի համեմատ այն դիրքային պարտության, որն ունեցավ Արևմուտքը Ղարաբաղյան երկրորդ մեծ՝ 44-օրյա պատերազմում:
Քանի դեռ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայում, տարածաշրջանային բոլոր խաղացողները, ըստ էության, արտատարածաշրջանային հովանավոր երկրների միջոցով փորձում են պատրաստվել Ռուսաստանի պարտությանը:
Թուրքիան փորձում է ավելի մեծ ազդեցություն սահմանել, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ, դուրս մղելով տարածաշրջանից բոլոր միջնորդներին՝ նաև Ռուսաստանին, ու օրերս Անթալիայում տեղի ունեցած Դիվանագիտական ֆորումը, որին մասնակցեց նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, դարձավ առանցքային միջոցառում հայ-թուրքական նախարարական շփումների համար: Թուրքիան, որի բոլոր գործողությունները ներկայումս տեղի են ունենում Արևմուտքի հավանությամբ՝ վառ ապացույցը վերջերս Բայդեն-Էրդողան, Բլինքեն-Չավուշօղլու «ջերմ» հեռախոսազրույցները, գնում է Հայաստանի հետ հարաբերությունների իր պատկերացրած կարգավորմանը, նաև առաջ մղում Ադրբեջանի առաջ քաշած՝ Հայաստանի հետ Խաղաղության համաձայնագիր կնքելու գաղափարը, Հայաստանը դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբին նման բանակցություններ սկսելու նպատակով, ԱՄՆ-ը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ հասնելու բոլոր խնդիրների համապարփակ լուծմանը, ԵՄ-ն, Ֆրանսիան ևս աջակցում են կողմերի որդեգրած այս գծին:
Վերջին օրերին 168.am-ը ուշադրություն հրավիրել էր նաև Երևան-Արևմուտք շփումների ինտենսիվության վրա, որը որոշ վերլուծաբաններ դիտարկում են՝ որպես Երևանի կողմից աշխարհաքաղաքական նոր «տերերի փնտրտուքին», մյուսները՝ Ռուսաստանի դուրսմղման քաղաքականությանը, սակայն միտումը նույնն է՝ Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաև Հայաստանը պատրաստվում են Ուկրաինայում Ռուսաստանի համար բացասական սցենարների, փորձելով դիրքավորվել իրենց նոր դերում:
Ռուսաստանի մի շարք վերլուծաբաններ գտնում են, որ Ռուսաստանը հատկապես Հարավային Կովկասում անհանգստությունների պատճառ չունի, քանի որ ունի լուրջ ներկայություն, այդ թվում՝ ռազմական Արցախում ու Հայաստանում, հետպատերազմյան եռակողմ հայտարարությունների կողմ է: Սակայն նրանք ևս արձանագրում են այս փուլում ավելի ամրապնդվելու Թուրքիայի փորձերը և պատրաստակամությունն ամեն պահի թիկունքից հարվածելու Ռուսաստանին՝ Արևմուտքի հովանու ներքո:
Թուրքիան Արևմուտքի համար ներկայումս անփոխարինելի գործընկեր է դարձել, քանի որ աջակցում է Ուկրաինային, ու թեև չի միանում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, արևմտյան լրատվամիջոցների տպավորությամբ, ավելի սառն է դիրքավորվել Ռուսաստանի նկատմամբ: Այդպիսի վերլուծություններով են հանդես գալիս արևմտյան լրագրողները, որոնք լուսաբանել էին ավելի վաղ Անթալիայում Չավուշօղլու-Լավրով բանակցությունները, ինչպես նաև դրան հաջորդած Չավուշօղլուի այցը Մոսկվա:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանն ունի ներկայություն, սակայն կախված ուկրաինական զարգացումների հանգուցալուծումից՝ ԵԱՀԿ ՄԽ-ում կարող է քննարկվել նաև Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտի միջազգայնացման կամ ընդհանրապես դրա մանդատի հարցը, որը կլինի Հարավային Կովկասից ՌԴ դուրսմղման արարներից մեկը:
Վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ պատերազմը Ռուսաստանի և Արևմուտքի միջև իրականում, իհարկե, միայն Ուկրաինայով չի սահմանափակվում: Ըստ նրա, ի սկզբանե պարզ էր, որ սա միայն Ուկրաինայի հարցը չէ, քանի որ ՌԴ-ն փորձում է որոշել աշխարհում իր ապագա շատ ավելի մեծ տեղը, քանի որ ՌԴ նախագահը չի համակերպվել ԽՍՀՄ փլուզում պատմական իրադարձության հետ:
«Սա նոր ազդեցությունների համար պատերազմ է, որը կենտրոնացած է Ուկրաինայում, սակայն պատերազմի հոգեբանությամբ կողմերը պայքարում են ազդեցության բոլոր գոտիներում, որոնցից մեկը, իհարկե, մեր տարածաշրջանն է: Վրաստանն իր ուղին վաղուց է որոշել, մնացած ակտիվ խաղացողներն ավելի անորոշ իրավիճակում են. Թուրքիան տարված է ավելի մեծ ազդեցության հեռանկարներով, սակայն Թուրքիան Ռուսաստան չէ ամեն դեպքում, Հայաստանն ու Ադրբեջանը խնդիրներ ունեն, Արևմուտքը ցանկանում է, որպեսզի դրանք լուծվեն, ոչ թե մնան օդից կախված իրավիճակում, բնականաբար, Ռուսաստանին հարկավոր է իրադարձությունների այլ ընթացք, որը նրան թույլ կտա պահպանել իր ներկայիս ազդեցությունը և ավելի ընդլայնել, թե ինչ ձևաչափերով դեռ չեմ կարող ասել, բայց գլոբալ առումով Արևմուտքը չէր սխալվում, երբ մեղադրում էր ՌԴ-ին՝ ԽՍՀՄ վերականգնելու ցանկության մեջ:
Արևմուտքը փորձում է Ուկրաինային զուգահեռ՝ Ռուսաստանի բոլոր պլանները տապալել, չեմ կարող ասել, թե տարածաշրջանային երկրները ինչպես են տրամադրված, սակայն բոլորը պետք է ցանկացած սցենար ունենան իրենց առջև: Ներկայումս տուրբուլենտության գոտում են բոլորը և պետք է այլընտրանքներ փնտրեն, քանի որ յուրաքանչյուր ելքի դեպքում լինելու են մեծ փոփոխություններ»,- ասաց նա:
Վերլուծաբանն այն կարծիքին է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է աշխատել հաջողությամբ, քանի որ դրա համար կան աշխարհաքաղաքական հիմքեր: