Աննա Կոստանյանը՝ «Լուսավոր Հայաստան»-ից դուրս գալու պատճառների, անելիքների մասին

7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյան դադարեցրել է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում նա պատմել է որոշման պատճառների մասին:

«Բարդ որոշում էր այն առումով, որ կանգնած եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ստեղծման ակունքներում, կառավարման խորհրդի անդամ էի, և որոշակի ներդրում եմ ունեցել կուսակցության կայացման հարցում: Հեշտ չէր նման որոշում կայացնել, բայց վերջին շրջանի իրադարձությունները, այդ թվում՝ կուսակցության ղեկավարի՝ Հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակվելը Նիկոլ Փաշինյանի կողմից, համոզմունք ձևավորեցին, որ պետք է հեռանամ կուսակցությունից»,- ասաց նախկին պատգամավորը:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը օրերս տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու է Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը:

Աննա Կոստանյանը նշեց, որ ԼՀԿ-ից դուրս գալու իր որոշումը կուսակցությունում ադեկվատ են ընդունել.

«Ամեն դեպքում, մինչև նշանակումը որոշակի քննարկումներ եղել են հնարավոր նման սցենարների վերաբերյալ, ես հստակ արտահայտել եմ դիրքորոշումս, որ ինձ համար անընդունելի է գործող իշխանությունների հետ որևէ տիպի համագործակցություն: Էդմոն Մարուքյանի հետ առանձին քննարկում ծավալելու անհրաժեշտություն չեմ տեսել, որոշմանս մասին տեղեկացրել եմ կառավարման խորհրդի անդամներին և շարունակությունը գրառումս էր Ֆեյսբուքում, որտեղ շատ մանրամասնելու կարիք չկար, որովհետև ակնհայտ էր, թե ինչ կարող էր ենթադրել իմ հեռանալը կուսակցությունից»:

Նա նշեց, որ ԼՀԿ-ում բոլոր որոշումները կայացվել են կոլեգիալ ձևով. «Էդմոն Մարուքյանի հնարավոր որոշման մասին տեղեկացվել է կառավարման խորհրդի անդամներին, նրանք հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումը հայտնելու, և քանի որ տեղի ունեցավ որոշումը, դա ենթադրում է, որ հաշտ են եղել, և, փաստորեն, այս պարագայում միակ անհաշտությունը իմ կողմից դրսևորվեց»:

Նա ընդգծեց. «Պարզապես չէի կարող շարունակել իմ գործունեությունը այնտեղ, որտեղ գեներացվող գաղափարներին չեմ հավատում և հաշտ չեմ»:

Աննա Կոստանյանի խոսքով՝ ԼՀԿ-ն գոնե նախկինում շատ հստակ ընդդիմադիր կեցվածք է դրսևորել.

«Կարծում եմ՝ շատ առողջ և օբյեկտիվ քաղաքական դիրքավորում է ունեցել գոնե գործունեության նախկին ժամանակաշրջանում»:

Հետաքրքրվեցինք՝ հիմա օբյեկտիվ հարցադրումներ են արվում, թե նախկինում խորհրդարանում բազմաթիվ միջադեպեր գրանցվելուց, Ալեն Սիմոնյանի կողմից Մարուքյանի հասցեին հնչեցած վիրավորանքներից հետո ինչպե՞ս է Էդմոն Մարուքյանը իշխանությունների հետ մի թիմում աշխատելու, մարդկանց մոտ տպավորություն է, որ դրանք էլ էին բեմադրված՝ հանրությանը շեղելու համար, նման մտավախություն չունի՞, որ կարող էին այն ժամանակ էլ բեմադրված գործողություններ լինել:

«Նախ՝ չէի ցանկանա գնահատականներ տալ, որովհետև այդ իրողություններին, որոնք նշում եք, ես ականատես եմ եղել, և չեմ պատկերացնում՝ մարդիկ այնքան մեծ դերասանական տաղանդ ունենային, որ կարողանային դա բեմադրել: Չեմ ուզում հավատալ նման ցածրորակ կամ ոչ քաղաքական մեկնաբանություններին, ուղղակի կասեմ, որ այդ հարցի հասցեատերը պարոն Մարուքյանն է, թերևս, իրեն պետք է հարցն ուղղել»,- ի պատասխան՝ ասաց Աննա Կոստանյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս