Եղել է վեճ, ապա՝ դանակահարություն․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գյումրու աղբանոցում տղամարդու դիակի հայտնաբերման դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։
Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 19:29-ին, Գյումրիի շտապբուժօգնության կայանից, ըստ որի՝ Գյումրու քաղաքային աղբանոցում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել: Շտապբուժօգնության բրիգադը դեպքի վայր է մեկնել Գյումրի քաղաքի 59-ամյա բնակչի ահազանգի հիման վրա, ով հայտնել էր, որ հիշյալ դին հայտնաբերել է Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում՝ գունավոր մետաղներ փնտրելիս:
Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է ձախ ազդրի կտրած-ծակած, աջ ծոծրակային շրջանին՝ քերծվածքներով վերք, աջ ազդրին՝ քերծվածքներ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի՝ վերոնշյալ 59-ամյա բնակիչն է:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2022թ. մարտի 9-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, վերջինս Գյումրի քաղաքի աղբանոցում հանդիպել է 30-ամյա համաքաղաքացուն և մետաղյա ջարդոններ հավաքելու շուրջ վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որի ժամանակ 59-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է 30-ամյա տղամարդու ձախ ազդրին: Այնուհետև, երբ վերջինս սպառնացել է հաշվեհարդար տեսնել, 59-ամյա տղամարդը քարերով հարվածել է, որի հետևանքով հարակից թումբը փլվելով լցվել է 30-ամյա տղամարդու վրա: Զղջալով կատարածի համար՝ որոշ ժամանակ անց 59-ամյա տղամարդը օգնության է կանչել, մոտեցած անձանց օգնությամբ համաքաղաքացուն հանել հողի տակից, սակայն վերջինս մահացած է եղել:
Գյումրի քաղաքի 59-ամյա բնակչի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որն առգրավվել է:
Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: