
Լեհաստանի փոխվարչապետն առաջարկել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն իրականացնել Ուկրաինայում

Լեհաստանի փոխվարչապետ, լեհական «Իրավունք եւ արդարություն» կառավարող կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին այն կարծիքին է, որ Ուկրաինայում իրադրությունը կարգավորելու համար պետք է իրականացվի ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն։ «Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն ունենալ, կամ, հնարավոր է, որեւէ ավելի լայն միջազգային կառույց:
Բայց առաքելություն, որը կկարողանա պաշտպանել իրեն, եւ որը կգործի Ուկրաինայի տարածքում»,-հայտարարել է Կաչինսկին մամուլի ասուլիսում՝ ամփոփելով եվրոպացի քաղաքական գործիչների հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Կիեւում կայացած հանդիպման արդյունքները: Նա հավելել է, որ «դա լինելու առաքելություն, որը ձգտելու է խաղաղության, հումանիտար օգնության ցուցաբերում, բայց միեւնույն ժամանակ այն նաեւ կպաշտպանվի համապատասխան ուժերով, զինված ուժերով»:
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու, Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի եւ Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի մասնակցությամբ պատվիրակությունն այցով նախօրյակին գնացքով ժամանել է Կիեւ: Ուղեւորության գաղափարը համաձայնեցվել է անցած շաբաթ Վերսալում տեղի ունեցած ԵՄ-ի ղեկավարների գագաթնաժողովում: Այդ մասին հայտնել է Լեհաստանի վարչապետի օգնական Միխալ Դվորչիկը: Միեւնույն ժամանակ, ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Բրյուսելն այցի կապակցությամբ ոչ մի «պաշտոնական մանդատ» չի տվել: Զելենսկին այցը որակել է«խիզախ ճիշտ քայլ» եւ այցելուներին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային ցուցաբերվող օգնության համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: