Բաժիններ՝

«Կիպրոսում ծառայել եմ առաջնագծում, որտեղ իմ դիմաց կրկին թուրքն էր կանգնած». «Վերադարձ» ֆիլմի հերոս

Մարտի 7-ին մեծ էկրան բարձրացավ ռեժիսոր Արման Գևորգյանի «Վերադարձ» ֆիլմը, որը նկարահանվել է իրական պատմությունների հիման վրա, որոնք ռեժիսորը ներկայացրել է գեղարվեստական լուծումներով։

«Ֆիլմը նկարահանվել է 2019 թվականին, այն պատմում է երկու տարբեր ընտանիքների ճակատագրի մասին, մեկը՝ Կիպրոսում, մյուսը՝ Սիրիայում։ Այս երկու պատմություններն էլ իրական են։ Մի պատմությունը մելոդրամա է երկու սփյուռքահայ երիտասարդների մասին, որոնք հանդիպում են Երևանում և սիրահարվում։ Երկրորդ պատմությունը սիրիաբնակ ընտանիքի մասին է, որը պատերազմի հետևանքով գալիս է Հայաստան, սակայն ընտանիքի մայրը երկու որդիների հետ Սիրիայում գերավարվում է ահաբեկիչների կողմից։ Ֆիլմում այդ երկու ընտանիքների ճանապարհները, որոնք իրար չեն ճանաչում, խաչվում են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Արման Գևորգյանը։

Ըստ ռեժիսորի, ֆիլմում ասելիքը շատ է, սակայն այն բացահայտ չի՝ դիտողն ինքը կհասկանա։

«Այստեղ ասելիքը շատ է նաև նույն սփյուռքահայերի մասին, որ հայրենիք գալով՝ տարբեր խնդիրների առջև են կանգնում։ Առհասարակ ֆիլմում համամարդկային խնդիրներ են արծարծվում։ Սա ընդհանուր առմամբ սիրո մասին է, բոլոր տիպի սերերի։ Այսօր մարդկանց կրթելու միակ միջոցը կինոն է։ Մենք ֆիլմի վրա աշխատել ենք մեկ տարի, բայց սպասել ենք երկար։ Կորոնավիրուս էր, հետո՝ պատերազմ, դրանից հետո միայն կարողացանք ներկայացնել հանրությանը»,- հավելեց ռեժիսորը։

Ֆիլմի գխավոր հերոսին մարմնավորել է կիպրահայ Յուրի Մելիքովը. նա ծնվել է Գերմանիայում, հետո տեղափոխվել Կիպրոս։ Մասնագիտությամբ երաժիշտ, կոմպոզիտոր Յուրիի համար սա առաջին դերասանական փորձն է եղել։ Կատակելով նշում է, որ ֆիլմում մարմնավորել է իրական Յուրիին, որը սիրահարված է հայրենիքին ու երբեք նրա հետ կապը չի կորցրել։

«Այս ֆիլմում ինքս ինձ եմ ներկայացնում, սա իմ առաջին դերն է։ Բայց ինքս երգիչ ու կոմպոզիտոր եմ, հետևաբար՝ այս երկու աշխարհներն իրարից այդքան էլ տարբեր չեն։ Ֆիլմն իմ աչքով օտար երկրում հայ մնալու և հայրենիքի հետ կապը չկորցնելու մասին է։ Սա մեծ փորձ էր ինձ համար։ Կարծում եմ՝ արվեստն արվեստ է, անկախ այն հանգամանքից՝ ֆիլմո՞ւմ է, թե՞ երաժշտարվեստում, եթե առաջարկ լինի՝ նորից կնկարահանվեմ։ Կիպրոսում ծառայել եմ առաջնագծում, որտեղ իմ դիմաց կրկին թուրքն էր կանգնած։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ես բանակում էի ծառայում, չգիտեի՝ ինչ անեի, ինքս ինձ ուտում էի, այն էլ՝ օտար երկրում»,- իր ապրումները ներկայացրեց Յուրի Մելիքովը։

Յուրին նաև ֆիլմի կոմպոզիտորն է, ու պատմեց, որ ինքը Հայաստանում հյուր չէ, տարվա ընթացքում հաճախ է այստեղ լինում և, իհարկե, մշտական բնակություն հաստատելու միտք ունի։

Ըստ սցենարի հեղինակ Հարություն Ղուկասյանի՝ ֆիլմը բացառիկ է նրանով, որ բոլոր հերոսները, բացառությամբ մի քանիսի, սփյուռքահայեր են։

«Մենք նման ֆիլմ չենք ունեցել։ Այսինքն՝ սա պատմություն է սփյուռք-հայրենիք կապի, հայորդու մասին, որի կապը հայրենիքի հետ այնքան ամուր է, որ նա դառնում է մեկ այլ հայ ընտանիքի փրկության պատճառ։ Յուրին հայերեն երգեր էր գրել, մտածում էինք՝ սյուժե ստեղծել տեսահոլովակի համար, սակայն, երբ սկսեցին քննարկել, հասկացանք, որ նյութն այնքան շատ է, որ այն պետք է ֆիլմ դառնա»,- շեշտեց Հարություն Ղուկասյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս