«Եթե սա մեր կառավարությունը դիտարկում է որպես օգնություն՝ ուղղված Ուկրաինային, ապա դա դատապարտելի է». Դավիթ Գալստյան

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն անդրադառնալով Արցախի կողմից Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն ուղարկելուն, նշեց, որ այս օգնությունն ուղարկել են Արցախում խաղաղապահ առաքելության միջոցով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Ռուսաստանն այդ քաղաքացիների համար նույնպես հումանիտար օգնություն է տրամադրում։

«Ես սա ավելի շատ դիտարկում եմ այն համատեքստում, որ Ռուսաստանի համար է օգնություն, քանի որ նա էլ նմանատիպ օգնություն է ցուցաբերում նույն այդ բնակիչներին։ Հետևաբար՝ չի կարելի դիտարկել, որ այդ օգնությունը հատկացվել է Ուկրաինային․այդ օգնությունն ուղղված է այն խաղաղ բնակչությանը, որոնք դրա կարիքն ունեն և հատուկ օպերացիայի մասնակիցը չեն։ Սա ռազմական օգնություն չէ, այլ հումանիտար աջակցություն է։ Եթե սա մեր կառավարությունը դիտարկում է  որպես օգնություն՝ ուղղված Ուկրաինային, ապա դա դատապարտելի է, քանի որ Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում Ուկրաինան ռազմական և այլ տիպի աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, այլ ոչ թե՝ Արցախին։ Պատերազմից հետո այդ երկրի նախագահը շնորհավորում էր Ադրբեջանին՝ «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու համար»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Ինչ վերաբերում է Լուգանսկի և Դոնեցկի չճանաչված հանրապետություններին օգնություն ուղարկելուն, Դավիթ Գալստյանն ասաց, որ հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը՝ այսօր Արցախն էլ օգնության կարիք ունի, սակայն չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում այնտեղ էլ օգնություն կուղարկեն։

«Կարծում եմ՝ այսօր Արցախն ավելի շատ քաղաքական առումով պետք է իր դիրքորոշումը հայտնի Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման հարցում, ինչո՞ւ չէ՝ նաև Օսիայի և Աբխազիայի հարցերում։ Իսկ հումանիտար օգնություններն ինչ-որ տեղ ինքնաբավ կամ տեղական արտադրություն ունեցող պետություններն են հասցնում։ Այսօրվա 14 տոննա օգնությունն Արցախի հնարավորությունների սահմաններում ուղարկած օգնություն է»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով մարտի 7-ին Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել: Ինչպես հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը, հումանիտար օգնությունը տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով է:

Տեսանյութեր

Լրահոս