
Ադրբեջանի ավանդական դարձած հայատյաց քաղաքականությանը գումարվում է ռուսոֆոբ քաղաքականությունը՝ ուղղված է իրենց ռազմական դաշնակցի դեմ․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը միտումնավոր գնում է իրավիճակի սրման՝ կրակելով Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ և սպանելով հայ զինծառայողին Հայաստանի հետ սահմանին։
Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Իհարկե, այդ սադրանքն առաջին հերթին ուղղված է մեր հասարակությանը ահաբեկելուն։ Մյուս կողմից, ակնհայտ են ռուս խաղաղապահներին սևացնելու փորձերը։ Այդ մասին է վկայում նաև վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ներում ռուսատյացության աննախադեպ միտումները»,-գրել է Արցախի պետնախարարը։
Բեգլարյանի խոսքով`արդեն ավանդական դարձած հայատյաց քաղաքականությանը գումարվում է պետական մակարդակով կազմակերպվող ռուսոֆոբ քաղաքականությունը, որն այս դեպքում ուղղված է իրենց ռազմական դաշնակցի դեմ։
«Սա ևս մեկ անգամ մատնանշում է Ադրբեջանի իշխանությունների ձեռագիրը՝ հասնել իրենց աշխարհաքաղաքական նպատակներին՝ այլ ազգերի նկատմամբ ատելություն սերմանելով և հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելով։ Մի օր Ադրբեջանը կխեղդվի սեփական ատելությամբ», եզրափակել է Բեգլարյանը։