«Մարդիկ հայտնվել են դժվար կացության մեջ, և մենք այս պահին կարող ենք նրանց ինչ-որ բանով օգնել, այդ օգնությունը հասցվել է նրանց». Արցախի նախագահ խոսնակ
Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով մարտի 7-ին Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել: Ինչպես հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը, հումանիտար օգնությունը տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր հայ զինվորի հետ միասին Արցախի անվտանգությունը պահպանում են նաև ռուս խաղաղապահները, այս քայլն ինչպե՞ս կարող է անդրադառնալ խաղաղապահ առաքելության վրա։ Ինչո՞ւ օգնություն չի ուղարկվել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների բնակիչներին։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանն անդրադառնալով այս հարցերին՝ նախ նշեց, որ կազմակերպչական բոլոր աշխատանքներով զբաղվել է կառավարությունը, շատ մանրամասների տեղյակ չէ։
«Սակայն Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես կողմնակից են եղել խաղաղ հարաբերությունների, և տվյալ դեպքում կապ չունի, թե աշխարհի որ ծայրում է։ Մարդիկ հայտնվել են դժվար կացության մեջ, և մենք այս պահին կարող ենք նրանց ինչ-որ բանով օգնել, հետևաբար՝ այդ օգնությունը հասցվել է նրանց։ Նույն կերպ ժամանակին Արցախը մարդասիրական օգնություն էր ուղարկել նաև Լիբանան»,- նշեց Լուսինե Ավանեսյանը։
Հիշեցմանը, որ 44-օրյա պատրեազմից հետո Ուկրանիայի նախագահը շնորհավորել էր Ադրբեջանին՝ տարած հաղթանակի և «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու համար, Լուսինե Ավանեսյանը նկատեց.
«Կարծում եմ՝ պետք է ձգտել ու նմանվել լավին, այլ ոչ թե վատին, ցանկացած արարքի դեպքում՝ լինի մարդկային թե տեսական հարաբերություններում»։
Ինչ վերաբերում է այս ամենի անդրադարձին ռուս խաղաղապահ առաքելության վրա, Լուսինե Ավանեսյանն ասաց.
«Պաշտոնական հաղորդագրության մեջ այդ հարցի պատասխանն արդեն կա, քանի որ Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի միջոցով է 14 տոննա տեղական արտադրության հումանիտար օգնություն ուղարկվել Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին»։