Ադրբեջանն Արցախի տարածքներն օկուպացրե՞լ է. Էդուարդ Աղաջանյանը խուսափեց հստակ պատասխանել
Փետրվարի 18-ին Արցախի Հանրապետության խորհրդարանը միաձայն ընդունեց, Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքների վերաբերյալ օրենքի նախագիծ, որը հեղինակել էին ԱԺ հինգ խմբակցությունները։
Այսօր Հայաստանի խորհրդարանում, խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունի այդ նախագծի վերաբերյալ, և հնարավո՞ր է, որ Հայաստանի խորհրդարանը ևս հանդես գա նման հայտարարությամբ։
«ՔՊ-ն նման հարց չի քննարկում, օրակարգում էլ նման հարց չկա։ Ինչ վերաբերում է Արցախի խորհրդարանի կողմից ընդունված նախագծին, ապա մեկ անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալու, ըստ էության որևէ մեկնաբանություն չունեմ»,- նշեց Է. Աղաջանյանը։
Հաջորդ հարցին՝ ՔՊ-ն համարո՞ւմ է, որ այն տարածքները, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, օկուպացվել է։
«ՔՊ-ի դիրքորոշումը հետևյալն է, որ այն ստատուս-քվոն, որը կա այս պահին, արդյունք է Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի, որը սկսվել ու ուղեկցվել է միջազգային բոլոր օրենքների կոպիտ խախտումներով։ Սա է մեր արձանագրումը, որը, բնականաբար, միջազգային հարթակներում պետք է արժանանա գնահատականների»,- հավելեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանի իշխանությունը տվյալներ ունի՞, թե այսօր քանի հայ կա Ուկրաինայում, Էդուարդ Աղաջանյանը մասնավորապես պատասխանեց.
«Այն հայերը, որոնք համարվում են Ուկրաինայի քաղաքացի, բայց չունեն ՀՀ անձնագիր, այդ տվյալները գրեթե գործնականում հնարավոր չէ ունենալ։ Հնարավոր է ունենալ միայն Ուկրաինայում բնակվող ՀՀ քաղաքացիություն ունեցողների մասին տվյալներ։ Այս պահի դրությամբ հստակ թիվ չեմ կարող ասել։ Իսկ առհասարակ ՀՀ քաղաքացիների հետ կապված բոլոր հարցերն ու ընթացիկ խնդիրները համակարգվում ու լուծվում են Հայաստանի դեսպանության միջոցով»,- ըստ էության հարցին չպատասխանելով ասաց ՔՊ խմբակցության պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում