Վերջապես հրապարակվեց Կրթության զարգացման պետական ծրագիրը
Վերջապես հրապարակվեց Կրթության զարգացման պետական ծրագիրը։ 6 տարի պահանջվեց ծրագրի նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու համար։ Այս ընթացքում մշակվեց ծրագրի 4-5 տարբերակ։ Շատ լավ է, որ նախարարությունը հետ կանգնեց զարգացման ծրագիր չունենալու մտքից։
Հայաստանն այն երկիրն է, որի կրթական համակարգը ռազմավարական փաստաթղթեր մշակելու և իրագործելու կարիք ունի։ Մեզ անհրաժեշտ է ունենալ համակարգային, երկարաժամկետ մտածողություն։
Իհարկե, լավ կլիներ, եթե նախարարությունը հրապարակեր, թե ովքեր են մշակել այս ծրագիրը։ Միայն նախարարության ջանքերո՞վ է մշակվել, թե՞ ներգրավվել են նաև միջազգային ու տեղական փորձագետներ։ Ինչպիսի՞ գործընթաց է անցել փաստաթղթի մշակումը, որքանո՞վ է այն կոլեկտիվ մտածողության արդյունք։
Լավ կլինի, որ նմանատիպ հարցերի պատասխանները տրվեն փաստաթղթերի հրապարակման ժամանակ։
Ծրագրում կա իրավիճակի հանգամանալից վերլուծություն։ Վիճակագրական տվյալների հիման վրա ներկայացվում են կրթության մատչելիության, որակի, արդյունավետության մասին տվյալներ։ Այս հատվածն ընդհանուր առմամբ լավ է մշակված։ Կան խիզախ, քննադատական պնդումներ։ Բայց կան նաև միակողմանի դիտարկումներ։
Օրինակ, ներառական կրթության հետ կապված՝ նշվում է, որ տնօրենները, ուսուցիչները չունեն բավարար մասնագիտական գիտելիքներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու համար։ Սակայն չի նշվում, որ ուսուցիչների, տնօրենների վերապատրաստումները վատ են իրականացվել։
Այսինքն՝ եթե ասում ենք, որ ուսուցիչները, տնօրենները չունեն բավարար գիտելիքներ, հմտություններ, ապա պետք է նաև նշենք, թե ով է պատասխանատու այդ իրավիճակի համար։ Նույն ձևով նշվում է, որ ավագ դպրոցները չեն կարողանում սովորողների մոտ ապահովել համապատասխան նախամասնագիտական գիտելիքներ և հմտություններ։ Բայց չի նշվում այն մասին, թե ինչու չիրագործվեցին նախարարության պաշտոնյաների այն խոստումները, որ ավագ դպրոցների ստեղծման արդյունքում աշակերտները կարող են դպրոցի գիտելիքներով ընդունվել բուհեր։
Այս ամենով հանդերձ, զարգացման նախորդ երկու ծրագրերի համեմատ, այս նախագիծը շատ ավելի լավն է՝ իրավիճակի արձանագրման տեսանկյունից։ Փաստաթղթի 40 էջից 25-ն իրավիճակի նկարագրության մասին է։
Ճիշտ կլիներ իրավիճակն արձանագրելուց հետո նշել, թե ի՞նչ ուժեղ կողմեր, հնարավորություններ ունի Հայաստանի կրթության համակարգը։ Սա կարևոր է, քանի որ զարգացման մասին խոսելիս պետք է հասկանաս՝ ինչի վրա կարող ես հիմնվել։ Զարգացումը չի կարող երկնքից ընկնել կամ կախարդական փայտիկով իրականանալ։ Այն պիտի կառուցվի և հիմնվի առկա ներուժի, հնարավորությունների վրա։ Սրա փոխարեն՝ փաստաթղթում ձևակերպվում է հռչակագրային բնույթ ունեցող տեսլական, նպատակ։ Օրինակ, ասվում է, որ Հայաստանում մարդկային կապիտալը դիտվում է՝ որպես երկրի զարգացման հիմնական ռեսուրս, իսկ կրթությունը՝ մարդկային կապիտալի զարգացման որոշիչ գործոնը։
Այսինքն՝ մտքեր, որոնք հնչել են 30 տարի շարունակ։ 30 տարի մենք լսում ենք, որ Հայաստանը փոքր երկիր է, բնական ռեսուրսներ չունի, և մեր միակ հարստությունը մարդկային կապիտալն է։ Նմանատիպ ծեծված արտահայտություններ էլի կան փաստաթղթում։
Օրինակ, ազգային և համամարդկային արժեքներ, մարդակենտրոնություն։ Բայց ազգային և համամարդկային ո՞ր արժեքների մասին է խոսքը, փաստաթղթում ոչինչ չի ասվում։ Փաստաթղթի տեսլականի և սկզունքների մասը գրված է նման ընդհանրական բառապաշարով։
Գործողությունների շրջանակը փաստաթղթի հաջողված մասերից է։ Կարևոր է, որ փաստաթղթում նշվում են գործողություններ, որոնք բխում են պատերազմական իրավիճակից։ Եթե գործողությունների շրջանակն իրականությունը դառնա այնպես, ինչպես գրված է, ապա կունենանք զգալի առաջընթաց։
Անհաջող է փաստաթղթի արդյունքային շրջանակը։ Այստեղ գրված են այնպիսի բաներ, որոնց մենք չենք մոտեցել վերջին 30 տարում։ Ինչպես ենք մենք առաջիկա 8 տարում անելու այնպիսի բաներ, որոնք չենք արել նախկին 30 տարում, մնում է անհասկանալի։
Օրինակ՝ փաստաթղթում նշվում է, որ Մաթեմատիկայի և Բնագիտության միջազգային ստուգատեսում Հայաստանի դպրոցականների արդյունքը լինելու է 550-575 միավորի շրջանակում, ինչը համարվում է շատ բարձր ցուցանիշ։
Նախ, չի նշվում՝ այս ցուցանիշը ո՞ր դասարանում է ապահովվելու, քանի որ ստուգատեսին մասնակցում են 4-րդ և 8-րդ դասարանցիները։ Որպեսզի այս արդյունքին հասնենք, մենք հենց այսօր պիտի արմատապես փոխենք մեր դասարանային գնահատման, ավարտական և ընդունելության քննությունների առաջադրանքները։ Մինչդեռ մենք ասում ենք՝ թող դպրոցը որոշի, թե ինչպես է գնահատելու աշակերտներին։ Իսկ եթե դպրոցը որոշի օգտագործել գնահատման այնպիսի առաջադրանքներ, որոնք շատ հեռու են ԹԻՄՍ-ի ստուգատեսի առաջադրանքների ձևաչափից, ինչպե՞ս են մեր աշակերտներն ապահովելու բարձր արդյունքներ։
Նշվում է, որ 4 համալսարաններ պետք է ընդգրկվեն աշխարհի 500 լավագույնների ցանկում։ Բայց չի նշվում, թե որ համալսարանների մասին է խոսքը։ Արդյո՞ք լինելու են պետական և մասնավոր ներդրումներ այդ համալսարաններում, թե՞ այդ առաջընթացը համալսարաններն ապահովելու են իրենց ունեցած համեստ ռեսուրսներով։
Վերջապես, ինչո՞ւ ենք ուզում, որ մեր ուսումնարանների, քոլեջների և համալսարանների շրջանավարտների 90%-ն աշխատի իր մասնագիտությամբ։ Եթե ուսումնարանների, քոլեջների դեպքում քիչ թե շատ հասկանալի է 90% ցուցանիշը, ապա բուհերի պարագայում նման բան հնարավոր է միայն պլանային տնտեսության դեպքում։ Եթե մարդն ավարտում է օտար լեզուների ֆակուլտետը և աշխատում է որպես մենեջեր, ինչո՞վ է դա վատ շուկայական տնտեսությունում։
Թերևս, ամենավատն այն է, որ այս փաստաթղթի հրապարակումը կրթության ոլորտում որևէ աշխուժություն չառաջացրեց։ Բուհերի, դպրոցների, քոլեջների աշխատողների 90%-ն անգամ տեղյակ չէ, որ նման փաստաթուղթ է հրապարակվել։ Ինչպե՞ս ենք մենք իրականացնելու այս հավակնոտ նպատակները, եթե ոլորտի աշխատողները տեղյակ չեն նման փաստաթղթի հայտնվելու մասին, որում իրենցից շատ մեծ արդյունքներ են ակնկալվում։