«Ժամ առ ժամ բանակը քանդվում է, համալրվում ոչ պրոֆեսիոնալ կադրերով». Գրիգոր Գրիգորյանը՝ ռուս-ուկրաինական պատերազմի և Օնիկ Գասպարյանի լռության մասին
Ռուս-ուկրաինական բախումները կանխատեսելի էին, և Ռուսաստանը ցանկության դեպքում կարող էր 3 օրվա ընթացքում տիրապետել ամբողջ Ուկրաինային: 168.am-ի հետ հարցազրույցում նման կարծիք արտահայտեց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով նաև պատճառներին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չգնաց դրան:
– Ինչո՞ւ Ռուսաստանն այդպես չարեց: Առաջին՝ փորձում էին զերծ մնալ խաղաղ բնակչությանը վնասելուց և ոչ բոլոր քաղաքներն էին գրավելով անցնում, այսինքն, ընդամենը քաղաքների տարածքներում ոչնչացրել են ռազմական բազաներ և շարժվել դեպի առաջ: Երկրորդ՝ սա ունի մեկ այլ շատ կարևոր նպատակ՝ Ռուսաստանը պատերազմում դանդաղեցնելով պրոցեսները և ցույց տալով, թե իբր չի կարողանում Ուկրաինայի հախից գալ, շահագրգռում է արևմտյան երկրներին, Թուրքիային, որպեսզի, մասնավորապես, թուրքական օժանդակությունն ավելի շատանա Ուկրաինային՝ աստիճանաբար փորձելով հասնել նրան, որ մեկ-երկու եվրոպական պետության, և հատկապես Թուրքիային ներքաշի պատերազմի մեջ: Արդեն իսկ Թուրքիան և մի շարք եվրոպական երկրներ բացահայտ ոչ միայն զենք-զինամթերք, այլ վարձկանների անվան տակ զինված ստորաբաժանումներ են ուղարկում:
Իհարկե, կան նաև վարձկաններ, բայց հիմնականում նրանց կողմից ուղարկված ինստրուկտորներ են: Իսկ ուկրաինական խնդրի լուծման երկու տարբերակ է հնարավոր՝ Ուկրաինան կմասնատվի, և մեծ մասը կանցնի ՌԴ ենթակայության տակ, իսկ Արևմտյան Ուկրաինան կամ պետության եվրոպական մասը կմնա Ուկրաինայի տիրապետության տակ, երկրորդ՝ շատ հնարավոր է, որ մասնատում չլինի, հատկապես, որ ՌԴ-ն չի սահմանափակվելու Ուկրաինայով, այլ նրա նպատակն է՝ Մերձբալթիկայի երկրները միավորել: Ես դեռ տարիներ առաջ եմ ասել, որ Ռուսաստանը ձգտում է նախկին Խորհրդային Միության հանրապետությունները միավորել և ստեղծել մի մեծ գերտերություն, ամբողջատիրություն՝ անկախ պետությունների կարգավիճակով:
– Որոշ փորձագետների կարծիքով՝ ուկրաինական բանակը լավ դիմադրություն է ցույց տալիս, զորահավաքը բավականին կանոնակարգված է կազմակերպվել:
– Ուկրաինայում զորահավաքը կանոնակարգված չի եղել, բաց աղբյուրներից կարելի էր տեսնել, թե ինչպես էին մեքենաներով զենքերը լցրել և առանց գրանցման բաժանում՝ ով ինչ ուզում է՝ վերցրեք: Ես կազմակերպված բան չեմ տեսել: Չէի ասի նաև, որ շատ հզոր դիմադրություններ են եղել: Պարզապես ազգայնականները փորձում են ստեղծել պարտիզանական շարժումներ, և այդ պարտիզանները հաճախ ռուսական համազգեստներ հագած՝ թիրախավորում են սեփական բնակչությանը՝ ցույց տալու, թե այդ ամենը ռուսներն են անում: Իհարկե, պատերազմ է, և հնարավոր է, որ ռուսական 1-2 հրթիռ ընկած լինի բնակելի շենքի մոտակայքում: Ուկրաինան շարժվում է թուրքական սցենարով՝ հրթիռային կայանները, հրանոթները, տեխնիկան տեղակայեցին քաղաքների կենտրոններում, բնակելի շենքերի հատվածներում և ռուսական զորքերին սկսեցին այդտեղից հարվածներ հասցնել՝ հաշվարկելով, որ ռուսական կողմից պատասխան հարվածի դեպքում վնասներ կլինեն նաև բնակելի շենքերին: Եվ այս դեպքում աշխարհին ցույց տալու բան կունենան, թե ռուսական կողմը թիրախավորում է խաղաղ բնակչությանը:
– Ռուս-ուկրաինական բանակցությունները ինչպե՞ս կավարտվեն, փոխզիջումային ի՞նչ հանգուցալուծում կլինի:
– Բանակցություններով երբեք նման հարցերը չեն լուծվում, ինչ-որ ժամանակով ինչ-որ բաներ կարող են կանխվել, մեկ օրով, տասը օրով հրադադար լինի: Բայց չեմ հիշում պատերազմական մի դեպք, որ բանակցություններով հարցը լուծված լինի՝ մեկը պիտի պարտվի, կամ մյուսը հաղթի:
– Ռուս-ուկրաինական պատերազմը՝ անկախ ելքից, սրա համատեքստում աշխարհաքաղաքական և անվտանգային զարգացումները ի՞նչ ազդեցություն են ունենալու մեր տարածաշրջանի, հայ-ադրբեջանական սահմանային խնդիրների վրա՝ ի՞նչ ռիսկերի առաջ ենք կանգնելու, ո՞ր հատվածում է հնարավոր լարվածության սրացում: Թուրքիան Ռուսաստանին սադրելու համար, հնարավոր է, որ նախիջևանյան թևում լարվածություն ստեղծի:
– Մեր խնդիրը հզոր բանակ ունենալն է՝ անկախ ազդեցությունից: Իսկ մենք այսօր բանակ չունենք, բանակն օրեցօր քայքայում են, ես կասեի՝ ժամ առ ժամ մեր բանակը քանդվում է, համալրվում ոչ պրոֆեսիոնալ կադրերով: Ինչ վերաբերում է լարվածության սրացման հնարավորությանը, կրկնում եմ՝ ՌԴ-ն փորձում է Թուրքիային ներքաշել պատերազմի մեջ, արցախյան պատերազմը սկիզբն էր: Այսինքն, փոքր-փոքր օջախներով, երբեմն՝ սիրաշահելով, Թուրքիային ներքաշել պատերազմի մեջ: Օրակարգում, իմ կարծիքով, դրված է Թուրքիայի կործանման խնդիրը, և չի բացառվում՝ մի օր այս ամենը հանգեցնի ռուս-թուրքական պատերազմի, երբ գործի կդրվեն ռուսական գերժամանակակից ուժերը, կասպյան ուժերը: Բնականաբար, մենք տուժելու ենք՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը: Մյուս կողմից, կօգտվենք, եթե ՌԴ-ն հարվածի Թուրքիային, ապա առնվազն մի տասը պետություն հարվածելու է՝ Իրան, Սիրիա, Լիբիա, Հունաստան, Կիպրոս, չի բացառվում՝ ԱՄԷ-ն: Թուրքիայի կործանման դեպքում յուրաքանչյուրը փորձելու է իր հողակտորը հետ բերել: Դրանից հետո, իմ կարծիքով, Թուրքիայի տարածքում կստեղծվի քրդական պետություն, բոլոր քրդերին կուղղորդեն այդտեղ, և նրանք դուրս կգան այլ երկրների տարածքներից:
– Հնարավոր է՝ աշխարհաքաղաքական զարգացումները տանեն նրան, ինչի մասին Դուք ասացիք, բայց այսօր ունենք մի իրականություն, երբ Ռուսաստանն Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության հռչակագիր է ստորագրում, այսինքն, հարաբերություններին նոր որակ են հաղորդում՝ Թուրքիայի համաձայնությամբ:
– Իմ կարծիքով՝ դա կեղծ օրակարգ է: Ռուսաստանը հերթական անգամ Ադրբեջանի հետ շախմատ խաղաց՝ հասկացնելով, որ հաղթողի դերում է: Օրինակ, օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ նիստի ընթացքում Ուկրաինայի տարածքում ՌԴ ռազմական օպերացիան դատապարտող բանաձև ընդունեց: Հայաստանը ձեռնպահ է քվեարկել, Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը: Ադրբեջանում այսօր հակառուսական քարոզչություն է գնում, Ադրբեջանը գաղտնի զենք-զինամթերք և ահաբեկիչներ է հասցրել Ուկրաինա: Ես մի քանի անգամ ասել եմ, որ Ռուսաստանն Արցախի տարածքում ակտիվանալու է և փորձելու է հետ բերել ԼՂԻՄ-ի տարածքը և միացնի Ռուսաստանին: Այսինքն, Արցախն Աբխազիայի, Չեչնիայի նման հանրապետություն է լինելու: Այսինքն, ունենալու ենք Արցախի Հանրապետություն՝ ՌԴ կազմի մեջ: Հիմա տեսեք, մենք ասում ենք, որ Հայաստանը անկախ պետություն է, բայց հայ-թուրքական և հայ-իրանական սահմանը ռուսն է պահում: Մենք երբեք անկախության գաղափարը չենք գնահատել:
– Վերադառնանք Գլխավոր շտաբում (ԳՇ) կադրային փոփոխություններին և փաստին, որ աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում, 10 օր է՝ ԳՇ պետ չունենք:
– Աբսուրդը հենց դրանում է, երկիրը, կարելի է ասել, պատերազմական իրավիճակում է, և մենք ամիսը մեկ փորձում ենք կարևոր պաշտոնների փոփոխություններ իրականացնել: ԳՇ պետն ամենակարևոր պաշտոնն է, և այն թափուր է դեռ: Ինչ վերաբերում է նոր նշանակումներին, որոնց շատերին ես ճանաչում եմ, ոմանց հարգում եմ՝ որպես մարդ, բայց բանակում կա մի օրենք. զինվորականը պիտի համապատասխան էտապներն անցնի, նոր հասնի կարևոր բարձր պաշտոնի: Իսկ որ դու պաշտոնի 3-4 թռիչք ես իրականացնում, դա աբսուրդ է: Վերցնենք Գյոզալյան Արմենին, որ նշանակեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ: Ես իրեն շատ եմ հարգում՝ որպես մարդ, որպես սկզբունքային անձնավորություն, գրագետ սպա, ինքը այս պահին կարող էր լինել կորպուսի շատ լավ հրամանատար, բայց կորպուսի շտաբի պետից միանգամից նշանակել ԳՇ պետի տեղակալ, դա մի քիչ անհասկանալի է: Չնայած համոզված եմ՝ ինքը շատ կարճ ժամանակում կկարողանա տիրապետել իրավիճակին, բայց կրկնում եմ՝ փուլային բոլոր պաշտոններով պետք է անցնել, որ պրոֆեսիոնալ առումով բաց տեղ չմնա: Բարձր պաշտոններ ստացածների մեջ կան մարդիկ, որոնք նախկին պաշտոններում իրենց չեն արդարացրել, քրեական գործերով են անցել:
– ԱԺ-ում ստեղծված 44-օրյա քննիչ հանձնաժողովի աշխատանքներից ի՞նչ սպասել, որին ընդդիմությունը չի մասնակցում: Եվ եթե սկզբում շատերս մտածում էինք, որ դա սխալ է, հիմա, ըստ էության, այդ չմասնակցությունը, պարզվում է, կարող է ձախողել իշխանական հանձնաժողովի գործունեությունը: Իհարկե, փաստ է՝ բոլոր կողմերից ակտիվություն չի նկատվում պատերազմների հանգամանքների բացահայտման հարցում:
– Դա հերթական կապիկությունն է, հիշում ենք Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի պատմությունը: Մի հանձնաժողովում եթե լինի Մելքոնյան Գագոն, կաշառակեր մարդ… Մի հանձնաժողովում եթե լինի իրեն սրբի տեղ դրած Նորիկյան Նորիկը… Մի հանձնաժողովում եթե լինի Քոչարյան Անդրանիկը… ի՞նչ հանձնաժողովի մասին է խոսքը: Իրենք ինչի՞ց են խաբար, իրենք սահմանում գոնե մի անգամ պիտի լինեն, որ պատկերացնեն՝ սահմանն ինչ է, հետո նոր պատերազմ քննեն:
– Մեկ տարի առաջ ԳՇ-ն՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հետո եղավ այն, ինչ եղավ: Հետադարձ հայացք գցելով՝ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ կտրուկ քայլերի գեներալը չգնաց, և արդյոք դա ճի՞շտ էր, թե՞ սխալ:
– Ինձ թվում է՝ եթե Օնիկ Գասպարյանն իմանար, որ այս վիճակին ենք հասնելու, մինչև վերջ կգնային: Մյուս կողմից, իմ կարծիքով՝ Օնիկ Գասպարյանը տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանի հետևից հարյուրավոր մարդիկ են գնում՝ զոմբիացած, և այդ ժամանակ եթե կտրուկ քայլերի գնար, Երևանի կենտրոնում կարող էինք տասնյակ զոհեր ունենալ: Օնիկ Գասպարյանը չէր կարող գնալ դրան և պատմության մեջ մտնել՝ որպես դրա համահեղինակ: Գուցե դա է խանգարել, որ նա կանգնի: Սա իմ կարծիքն է:
– Հրանտ Բագրատյանն արտաքին պատճառի վարկած էր առաջ քաշում, որ՝ «թուրքերն ասել են՝ կներխուժենք, եթե այդտեղ լինի զինված հեղաշրջում»:
– Դա միայն Օնիկ Գասպարյանը կարող է ասել, որը դեռ լռում է: Մի օր կասի՝ կիմանանք: