Տարադրամի շուկայի խառնաշփոթի երևացող ու թաքնված կողմերը

Նախորդ երկու օրերի աժիոտաժից հետո ռուբլու փոխարժեքը Հայաստանի արժութային շուկայում որոշ չափով կայունացել է։ Բայց այդ ընթացքում այն հասցրել է նաև բավականաչափ արժեզրկվել։ Արժեզրկումն ակնհայտ է հատկապես գնման գնի դեպքում։ Այն զգալիորեն նվազել է, և դա առավելապես նկատելի է բանկերի պարագայում։ Կան բանկեր, որոնք գրեթե կրկնակի ավելի ցածր գին են դրել ռուբլու գնման համար։ Պատրաստ են գնել ընդհուպ 3,5 դրամով, վաճառել 6 դրամով։

Սա աննորմալ երևույթ է, որն առկա է արժութային շուկայում։ Դրա հետևանք էր նաև նախորդ օրերին ստեղծված աժիոտաժը։ Ելնելով դրսում ռուբլու արժեզրկումից՝ հայաստանյան շուկայում տարադրամի առք ու վաճառքով զբաղվող որոշ կառույցներ լուրջ խառնաշփոթ ստեղծեցին։

Այն, որ անկայուն իրավիճակներում ֆինանսական կառույցներն աշխատում են իրենց ապահովագրել հնարավոր կորուստներից, բնական է։ Բայց դա չի նշանակում, թե կարելի է դուրս գալ տրամաբանության սահմաններից։

Ի տարբերություն բանկերի, փոխանակման կետերում ռուբլու գնման ու վաճառքի գները համեմատաբար ավելի մոտ են։ Տարբերությունը 1 դրամի սահմաններում է։ Վերջին տվյալներով, ռուբլու գնման գինը փոխանակման կետերում տատանվում է՝ 4,5-5, վաճառքինը՝ 5,7-5,8 դրամի սահմաններում։

Ռուս-ուկրաինական հակամարտությունը ռազմական գործողությունների փուլ տեղափոխվելուց հետո ռուբլին ռուսական շուկայում հասցրել է արժեզրկվել գրեթե 23 տոկոսով։ Մի պահ արժեզրկումը նույնիսկ ավելի մեծ էր։ Հիմա Ռուսաստանի իշխանությունները փորձեր են անում այն կայունացնելու ուղղությամբ։ Այդպիսի փորձերից մեկն էլ ՌԴ նախագահի հրամանագիրն էր՝ արտահանումից տնտեսվարողների ստացած տարադրամային միջոցների 80 տոկոսը պետությանը պարտադիր վաճառելու վերաբերյալ։ Մարտի 2-ից արգելվել է նաև երկրից 10 հազար դոլարից ավելի կանխիկ տարադրամ դուրս հանելը։

Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների հիմնական մասի սառեցումից հետո՝ մեծացել է տարադրամի անհրաժեշտությունը, ինչը փորձ է արվում թուլացնել նաև այս ճանապարհով։ Այդ միջոցների մի մասն էլ, անշուշտ, կօգտագործվի ռուբլու փոխարժեքը կայունացնելու համար։

Բայց դրանով, իհարկե, այլևս հնարավոր չի լինելու վերադառնալ նախկին փոխարժեքներին և վերադարձնել այն կորուստները, որոնք կրում են ռուբլով եկամուտներ ունեցողները, այդ թվում՝ նաև մեր այն քաղաքացիները, որոնց եկամուտները ձևավորվում են հիմնականում այդ արժույթով։

Թե վերջին մի քանի օրերի դրսևորումներից հետո նրանք ինչքան կորուստներ են ունեցել՝ դժվար չէ հաշվել։

Եթե բոլորովին վերջերս ռուբլին քաղաքացիները կարող էին փոխանակել մինչև 6,5 դրամով, ապա հիմա լավագույն գինը 5 դրամ է։ 100 հազար ռուբլին նախկինում փոխանակելու դեպքում ստանում էին 650 հազար դրամ, հիմա ստանում են 500 հազար դրամ։ Տարբերությունը 150 հազար է։

Մի քանի օրվա ընթացքում ռուբլով եկամուտներ ունեցող մեր քաղաքացիները, որոնց քանակը քիչ չէ, գրեթե 23 տոկոսի կորուստներ ունեցան։ Այն, անշուշտ, իր հետևանքը կունենա նրանց կենսամակարդակի վրա։ Հազիվ թե կարելի է սպասել, որ հետագայում ռուբլու փոխարժեքը կարող է վերականգնվել։ Վերջին տարիներին ռուբլին անընդմեջ արժեզրկվել է։ 2014թ. սկսած արժեզրկումը հասնում է գրեթե 3 անգամի։ Այն ժամանակ դոլարի փոխարժեքը 33 ռուբլու սահմաններում էր, հիմա տատանվում է 92-ի սահմաններում։

Համեմատության համար ասենք, որ այդ ընթացքում մեր ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 70 նիշով կամ գրեթե 16-17 տոկոսով։

Ռուբլու և դրամի արժեզրկման այսպիսի հսկայական տարբերությունը խնդիրներ է ստեղծում մեր արտահանողների համար։ Արտահանողները հերթական անգամ ծանր վիճակում են հայտնվել վերջին օրերի կտրուկ տեղաշարժերից հետո։ Խոսքը, մասնավորապես, նրանց մասին է, ովքեր մինչ այդ մատակարարել են ապրանքներ, բայց գումարը, որը պիտի ստանային ռուբլով, դեռ չեն հասցրել ստանալ։ Ընդամենը հաշված օրեր առաջ այդ գումարը մի գին ուներ, հիմա մեկ այլ գին ունի։

Սրա պատճառով շատերը դադարեցրել են նոր մատակարարումները, այլապես ստիպված են լինելու ավելացնել կորուստները։

Ռուբլով կնքված պայմանագրերն այլևս նպատակահարմար չեն նման ցածր փոխարժեքի դեպքում։ Շարունակելու պարագայում արտահանողները 20-25 տոկոսին մոտ կորուստներ են ունենալու։ Ժամանակ է պետք, որպեսզի այդ կորուստների գոնե մի մասը չեզոքացվեն գների բարձրացման տեսքով։

Ռուսաստանի ապրանքային շուկաներն այս պահին գտնվում են գնաճային ուժեղ ճնշման տակ։ Բայց այն կանխելու համար էլ Կենտրոնական բանկը ռեկորդային թռիչք կատարեց՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 9,5-ից միանգամից հասցնելով 20 տոկոսի։

Այսպիսի մեծ քայլն ունի մի կողմից՝ գների վրա ազդելու, մյուս կողմից՝ ֆինանսական կայունությունը պահպանելու նպատակ։ Ամեն դեպքում, դրանով գնաճից ընդհանրապես խուսափել չի լինի. ռուբլու թուլացումը ժամանակի ընթացքում բերելու է գների որոշակի բարձրացումների։

Այս պահին դեռևս փորձեր են արվում դրանք զսպել, ինչով պայմանավորված՝ սառեցվում են նաև տարադրամով կնքված արտահանման պայմանագրերը։ Դրա հետևանքով մեր այն արտահանողներն էլ, ովքեր ռուսական կողմի հետ ունեն տարադրամային պայմանագրեր, ինչը նրանց ազատում է ռուբլու արժեզրկման հնարավոր բացասական հետևանքներից, բախվել են մեկ այլ խնդրի հետ։ Նոր մատակարարումները ենթադրում են գների բարձրացում, ինչը, սակայն, այս պահին նպատակահարմար չի համարվում։

Տուժում է առաջին հերթին՝ գյուղմթերքի, մասնավորապես՝ մրգերի և բանջարեղենի արտահանումը։ Ռուբլու արժեզրկումից հետո գները չբարձրացնելու դեպքում վնասներ են կրելու, բարձրացնելու դեպքում՝ բախվելու են իրացման խնդիրների հետ։ Ցանկացած պարագայում տուժելու են։ Դրանք այն ապրանքները չեն, որը հնարավոր է երկար պահել։ Կորուստներն այս հատվածում արդեն տեսանելի են դառնում։

Շուտով սկսելու են վնասները հաշվել նաև խմիչքներ, մսամթերք, կաթնամթերք, վերամշակող ապրանքներ արտադրողներն ու ռուսական շուկայում իրացնողները։ Այլ հարց է, թե նրանց վնասները մինչև ուր կարող են հասնել։

Լավագույն լուծումը, անշուշտ, կլիներ այլ շուկաներ գտնելը։ Բայց դա հեշտ գործ չէ։ Մեր բազմաթիվ ապրանքների իրացման հիմնական շուկան տարիներ շարունակ եղել է Ռուսաստանը։ Արտահանումը դիվերսիֆիկացնելու առումով շատ բան չի արվել։ Մինչդեռ նման իրավիճակներում շուկաների բազմազանությունը կլիներ կորուստներից հնարավորինս խուսափելու լավագույն տարբերակը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս