ՌԴ-ն, չհաջողելով պայմանավորվել Արևմուտքի հետ, փորձեց առաջ ընկնել իրադարձություններից և այն, ինչ պետք է լուծվեր բանակցությամբ, լուծել այլ ճանապարհով. Լուկիանով

«Նման ձևով աշխարհակարգի փոփոխությունը լինելու է արմատական, խաղադրույքները բարձր են, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի կողմից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Ռուսաստանի սկսած ռազմական գործողություններին Ուկրաինայում: Նա տեղի ունեցողը որակեց Եվրոպայում պատմության նոր էջ, որի հետևանքով աշխարհում և եվրոպական կոնտինենտում ուժային բալանսներ են փոխվելու, և թե ինչ պատկեր է ձևավորվելու՝ հնարավոր չէ նույնիսկ ասել:

Նրա խոսքով, այն, թե ինչ է անում Ռուսաստանը, թերևս, ՌԴ նախագահը մանրամասն խոսել է իր վերջին ծավալուն ելույթներում, որոնցից մեկը նվիրված էր Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչմանը, մյուսը՝ ռազմական օպերացիայի մեկնարկին:

«Իրականում, եթե կարճ, ապա ռուսական քաղաքականության պահանջն էր՝ եվրոպական աշխարհակարգի ու անվտանգության վերանայումը, որը թույլ կտար Ռուսաստանին ստանալ ամուր անվտանգային երաշխիքներ: Ռուսաստանն իրավիճակը համարել է սեփական շահերին սպառնացող և տարիներ շարունակ խոսել է այդ մասին, չհաջողելով պայմանավորվել և վերջին շրջանում բանակցել, փորձեց առաջ ընկնել իրադարձություններից և այն, ինչ պետք է լուծվեր բանակցությամբ, լուծել այլ ճանապարհով, քանի որ լսելի չէր: Իհարկե, նման ձևով աշխարհակարգի փոփոխությունը լինելու է արմատական, խաղադրույքները բարձր են, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի կողմից, խաղը բարդ է, և ամենաբարդը հենց Ռուսաստանի ու Եվրոպայի համար է, քանի որ ԱՄՆ-ը դեռ մի փոքր հեռու է մնում և սպասում իրադարձությունների ընթացքին»,- ասաց Լուկիանովը՝ շարունակելով, որ Չինաստանը փորձում է չեզոքություն պահպանել, սխալ հաշվարկներ չանել:

Նա նկատեց՝ իրավիճակը ծանր է բոլոր առումներով և շատ հեռուն է գնում: «Ընթանում է ռազմական օպերացիան, զուգահեռաբար՝ Ռուսաստանի դեմ գործի են դրվել համաշխարհային պրակտիկայում նմանը չունեցող պատժամիջոցներ, որի գլխավոր նպատակը ռուսական տնտեսության տապալումն է: Շատ բարդ է կանխատեսումներ անել թե ռազմաքաղաքական, թե տնտեսական առումներով, տնտեսական բլոկում ընթացող դիմակայունության հարցում Ռուսաստանի դիրքերը ավելի թույլ են, քանի որ պատասխանելու միջոցները քիչ են»,- ասաց վերլուծաբանը, հավելելով, որ զսպող դերակատարություն ունի այս ամենում միջուկային առճակատման սպառնալիքը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թեման շոշափեց՝ ինչպես ռուսական, այնպես էլ՝ ամերիկյան կողմը: Վերլուծաբանի համոզմամբ՝ սա այս փուլում պետք է զուտ զսպող դեր ունենա: «Բայց, իհարկե, բարդ օրեր են բոլոր տարածաշրջանների համար, ու կանխատեսումների համար բարդ փուլ է»,- այսպես եզրափակեց Լուկյանովը:

Տեսանյութեր

Լրահոս