Հանրությունը դիտորդ է դարձել, և դրա վառ օրինակը արտագաղթի մեծ ծավալներն են. Արթուր Վանեցյան
«Հանրությունը դիտորդ է դարձել, և դրա վառ օրինակն արտագաղթի մեծ ծավալն է։ Մարդիկ չեն ուզում ուղղակի այստեղ մնալ և փորձել պայքարել, խնդիրներ լուծել»,- «Հայկական օրակարգ» պանելային քննարկման ժամանակ նման համոզում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա հավելեց՝ պաշտոնական տվյալներով՝ 2021 թվականին արձանագրվել է արտագաղթողների ահռելի թիվ, ինչն ուղիղ սպառնալիք է Հայաստանի ապագայի համար։ Մինչ հայկական օրակարգի վերաբերյալ իր տեսլականը ներկայացնելը՝ Արթուր Վանեցյանը խոսեց այդ օրակարգը ձևավորելուն խանգարող ռիսկերի մասին. «Ստիպված եմ նորից և նորից խոսել անվտանգային ռիսկերից, որովհետև այսօր անվտանգային ռիսկերը մեր երկրում, բոլոր սոցիոլոգիական հարցումներով և իրական մարդկանց հետ շփումների ընթացքում հասկանում ես, որ մարդիկ ուզում են անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ, ինչը, ցավոք, մեր երկրում չկա։ Չեմ կարող այստեղ չնշել՝ այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի կարողանանք կտրել այն պարտությունների շղթան, որ մեզ հետապնդում է, և կարողանանք ձևակերպել մեր այն օրակարգը, որով պետք է կարողանանք ապրել հետագայում»:
ԱԱԾ նախկին տնօրենը շեշտեց՝ երկրում պետք է ձևավորվի պրոֆեսիոնալների իշխանություն՝ օրակարգում չունենալով «նախկինների ու ներկաների» կեղծ պնդումը։
«Համաձայն եմ նախորդ բանախոսի հետ, որ իրականում մեծ երկխոսություն է պետք»,- ասաց նա։
Արթուր Վանեցյանը նշեց նաև, որ հայկական օրակարգի ձևավորման մեջ պետք է իր մասնակցությունն ունենա նաև Սփյուռքը: