«Եթե հայկական կողմից հնչեին կոշտ հայտարարություններ, ապա իրանական կողմին դա հնարավորություն կտար ունեցած գործիքակազմով որոշակի ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա». Վարդան Ոսկանյան
Փետրվարի 23-ին Կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել էր հարցին, թե թշնամուն հանձնված և այս պահին ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող Սյունիքի մարզի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհով Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալն ի՞նչ փոփոխություն է կրել։
«Իհարկե, այդ ճանապարհի անմատչելիությունը հանգեցրել է նաև 2 երկրների առևտրի կրճատմանը, բայց կրճատվել է ոչ թե 2020-ի նկատմամբ, որովհետև 2021-ին 2020-ի նկատմամբ Իրանի հետ ունեցել ենք առևտրաշրջանառության 25% աճ և հասել ենք 500 միլիոն դոլարի սահմանաչափի։ Գիտեք, որ Կառավարությունը Սյունիքի մարզում բազմաթիվ ճանապարհաշինարարական նախագծեր է իրականացնում, թե շրջանցիկ ճանապարհների, թե ֆունդամենտալ Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությունը․․․ Գիտեք, որ նախաորակավորման մրցույթն արդեն հայտարարվել է, և առաջիկա 70 օրվա մեջ ստանալու ենք հայտեր խոշոր շինարարական ընկերությունների կողմից, ովքեր ունակ են այդպիսի մասշտաբային ծրագիր իրականացնել, որի ընդհանուր արժեքը 1 միլիարդ դոլարին մոտ է»,- ասել էր Էկոնոմիկայի նախարարը։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով այս խնդրին՝ հիշեցրեց, որ բազմիցս զգուշացրել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածը փաստացիորեն հանձնելով Ադրբեջանին՝ կստեղծվեն հայ-իրանական խնդիրներ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարաբերությունների համար, դրան մոտենում էին թեթևամտորեն։
«Հենց Երևանից հայտարարություներ էին հնչում, թե դա ադրբեջանական տարածք է, և կիրառվում էին ադրբեջանական տեղանուններ։ Իսկ հիմա փաստն այն է, որ առաջացող դժվարությունները շատ դեպքերում ստիպում են իրանցի բեռնափոխադրողներին կա՛մ անցնել Որոտան-Կապան հատվածի՝ Ադրբեջանին նվեր տված հատվածով և Ադրբեջանի բյուջե վճարել գումարներ՝ հարստացնելով թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող արհեստածին կազմավորմանը, կա՛մ պետք է շրջանցեն հայկական ուղին և փորձեն դեպի Սև ծով ելքն ապահովել Ադրբեջանի տարածքով, մինչև Հայաստանը կկարողանա ապահովել համապատասխան ենթակառուցվածք, մասնավորապես՝ խոսքը Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի մասին է»,- նշեց Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ հայ-իրանական առևտրի կրճատումը, բնականաբար, կապված է Սյունիքում ստեղծված ճանապարհային դժվարությունների հետ, և հայկական կողմն իր իսկ ձեռքով այդ դժվարություններն է ստեղծել իր համար։
«Իրականում Հայաստանն ի սկզբանե որևէ դեպքում չպետք է հայտարարեր, որ դա ադրբեջանական տարածք է, և ամեն գնով այդ տարածքն ապահովեր Հայաստանի համար՝ իմանալով, որ այդ ճանապարհը մեզ համար կենսական նշանակության է։ Տաթև-Աղվանի ճանապարհն այժմ գործում է, բայց այդ ճանապարհով կցորդիչով ծանր բեռնատարները դժվարությամբ են անցնում։ Երկրորդ խնդիրը՝ Ադրբեջանի կողմից հայկական տարածքի փաստացի բռնազավթման վերաբերյալ միջազգային կոալիցիայի ստեղծումն էր, որի մաս կարող էր կազմել Իրանը։
Ես գրեթե համոզված եմ, եթե հայկական կողմից հնչեին կոշտ հայտարարություններ, ապա իրանական կողմին դա հնարավորություն կտար նույնպես արձագանքելու և իր ունեցած գործիքակազմով որոշակի ճնշում բանեցնելու Ադրբեջանի վրա։ Մյուս կողմից՝ նաև միջազգային այլ խաղացողներ կան, որոնց ամենևին ձեռնտու չէ Սյունիքում ադրբեջանական դիրքերի ամրապնդումը։ Այսինքն՝ ի սկզբանե թույլ է տրվել երկու սխալ՝ տարածքը թողնվել է ադրբեջանական կողմին, և այդ տարածքը թողնելուց հետո փորձել են ներքին լսարանի վրա աշխատելով արդարացնել այդ գործողությունը՝ հայտարարելով, թե դա ինչ-որ քարտեզներով պատկանում է Ադրբեջանին։ Նաև կիրառվել են ադրբեջանական տեղանուններ, որի հետևանքով մենք ունենք այն իրավիճակը, որն այսօր կա»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։
Հարցին՝ Ադրբեջանն այս ճանապարհով Հայաստանին տնտեսական վնասներ հասցնելու նպատակին հասե՞լ է, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ առայժմ չի կարելի նման հայտարարություն անել, սակայն մեկ բան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը՝ թուրք-ադրբեջանական դաշինքի գործիքակազմի բոլոր միջոցներով ու հնարավորություններով, փորձելու է, եթե ոչ՝ ֆիզիկական, ապա՝ գոնե տնտեսական իմաստով կտրել Հայաստան-Իրան կապը։ Նաև առհասարակ կտրել Հայաստանի հնարավորությունները Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցներին մաս դառնալ՝ այսպիսով փորձելով Հայաստանին լիարժեք կախվածության մեջ գցել ադրբեջանաթուրքական ծրագրերից։
«Հատկապես այն ծրագրերից, որոնք առնչվում են Արևելք-Արևմուտք իբր հաղորդակցության այդ ուղիներին, որը թուրքական «Միջին միջանցքի» ծրագիրն է, որը շատ դեպքերում, չգիտես ինչու, «խանդավառությամբ» Հայաստանում էլ ոմանք ընդունում են և այդ մասին հայտարարում են։ Այսինքն՝ ադրբեջանական կողմի քայլերը միտված են մի բանի՝ ունենալ հնարավորինս թույլ Հայաստան, որը կլինի լիարժեք կախվածության մեջ թուրք-ադրբեջանական դաշինքից, ինչը հնարավորություն կտա նրանց եթե ոչ՝ ֆիզիկապես Սյունիքի մարզը գրավելու, այլ՝ ամբողջ Հայաստանը փաստացի դարձնելու վասալական պետություն։ Սա առհասարակ դեմ է մեր պետականության ծրագրին և որևէ պարագայում չի կարող բխել Հայաստանի շահերից։
Հետևաբար՝ մենք սրա դեմ պետք է աշխատենք մեր ունեցած ամբողջ գործիքակազմով, նաև մեր դաշնակից Ռուսաստանի և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։