Կարևոր հիշեցումներ Սամվել Բաբայանին
Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որն արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Արցախի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարը, և իր մասնակցությունն ու դերակատարությունն է ունենալու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներում, շարունակում է պատերազմի պարտության ողջ մեղքը բարդել զինվորականների, բանակի վրա՝ փորձելով մաքրել քաղաքական իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին: Այն, որ ռազմական ղեկավարությունն ունի իր պատասխանատվության շրջանակը և չափը պատերազմի ելքում, դա որևէ մեկը չի ժխտում, բայց չպետք է մոռանալ նաև ռազմական կամ պատերազմական դրության ժամանակ երկրի ղեկավարի՝ գերագույն հրամանատարի գործառույթը:
Այսինքն, կողմնակալ կամ միակողմանի մեղադրական հայտարարություններ անելուց առաջ Սամվել Բաբայանը պետք է առնվազն պատասխանի մի քանի հարցադրումների կամ վերհիշի որոշ փաստեր և սեփական հայտարարությունները:
Նախ՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին: Երկրորդ՝ նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ երկրի վարչապետը «կառավարության կողմից զինված ուժերի կիրառման մասին որոշում կայացնելու անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջարկությամբ կայացնում է որոշում զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու մասին՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին»:
Ըստ այդմ՝ ի՞նչ հրաման է տվել գերագույն հրամանատարի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետի պարտականությունները կատարող Օնիկ Գասպարյանին, ո՞ր հրամանի հետ է համաձայնել գեներալը, և որի՞ մասով են տարաձայնություններ եղել: Կամ՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու որոշում է կայացրել՝ ելնելով ռազմական իրավիճակից, իսկ գուցե այդ ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից նման առաջարկ չի՞ արվել:
Վերջին շրջանում Սամվել Բաբայանը սկսել է հիշել նաև Արցախի նախագահի նախկին խորհրդական, ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, թե Բակո Սահակյանի՝ նախագահ, և Տիգրան Աբրահամյանի՝ նրան խորհրդական եղած ժամանակ է Ջալալ Հարությունյանը նշանակվել ՊԲ հրամանատար, ուրեմն՝ պատերազմի ելքում նաև նրանք են մեղավոր, և ոչինչ, որ այդ պահին իշխանության չեն եղել: Այսինքն, Բաբայանի մերթընդմերթ «փայլատակող» տրամաբանությամբ՝ այն, որ Ջալալ Հարությունյանը ՊԲ-ն պատշաճ կերպով չի պատրաստել պատերազմն ընդունելուն, և կարևոր տեղերում զինվորները զորամասերում են դիմավորել պատերազմը, մեղավորը Տիգրան Աբրահամյանն է, որովհետև նրա խորհրդական եղած ժամանակ է եղել Ջալալ Հարությունյանի նշանակումը: Սա, իհարկե, աբսուրդ է:
Հետաքրքիր է, որ այս համատեքստում Սամվել Բաբայանը չի շոշափում այն հարցը, թե ինչո՞ւ փորձառու Լևոն Մնացականյանը ազատվեց ՊԲ հրամանատարի պաշտոնից: Կամ՝ ինչո՞ւ արդեն ավելի ուշ Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» եղան կադրային սխալ փոփոխություններ, երբ տեղանքին անծանոթ հրամանատարներ նշանակվեցին այս կամ այն ուղղությամբ, զորամասերում:
Սեպտեմբերի 25-ին և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում իմացել են՝ պատերազմ է սկսվելու. Սամվել Բաբայանը չի՞ իմացել
Ի դեպ, 2021 թվականի հունիսի 11-ին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Սամվել Բաբայանն ասել էր, որ ինքը նախապես տեղյակ չի եղել պատերազմի ժամկետից, և հավելել. «Հետագայում պարզել եմ, որ ամսի 19-ին, ամսի 25-ին ԱԱԾ պետը՝ Կամո Աղաջանյանը, հստակ ասել է, որ պատերազմ է սկսվելու: Էդ հետո եմ ես ճշտել: Այո, Աղաջանյան Կամոն զեկուցել էր մի անգամ՝ ամսի 19-ին, մի անգամ՝ ամսի 25-ին, և զորքերի մեծ մասը տարել են առաջին գիծ: Հետո եմ դա իմացել»:
Ճշտող հարցին՝ այդ մասին զեկուցվե՞լ է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, Սամվել Բաբայանն արձագանքել է՝ «երևի, բա էլ ո՞ւմ»:
Այսինքն, և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում արդեն առնվազն պատերազմից 2 օր առաջ իմացել են պատերազմի ժամկետի մասին: Իսկ 2 օրը բավարար էր զորքն ամբողջությամբ պաշտպանության աստիճանի բերելու համար: Ավելին, բաց աղբյուրներում բազմաթիվ վկայություններ կան, որ մինչև ամսի 25-ն ադրբեջանական զինուժի կուտակումներ են եղել:
Ի դեպ, վերադառնալով կադրային փոփոխություններին, նշենք, որ «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը 2020-ին «Առաջին լրատվական»-ի զրույցում ասել էր, որ Սամվել Բաբայանը՝ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հետ միասին, նպաստեց Լևոն Մնացականյանի, Արշավիր Ղարամյանի, Վիտալի Բալասանյանի, Սամվել Կարապետյանի մեկուսացմանը բանակի ղեկավար կազմից:
«Անվտանգության խորհրդի անդամներից շատերը պատերազմի ժամանակ դուրս չէին գալիս Նախարարների խորհրդի պադվալներից։ Ես սա ասում եմ՝ որպես այդ այլանդակ պահվածքի ականատես»,- ասել էր Օհանջանյանը:
Խոսք փոխանցո՞ղ, օպերացիա գծո՞ղ, թե՞ քարտեզի վրա տարածք ցույց տվող. ո՞րն է Արցախի ԱԽ գործառույթը
Սամվել Բաբայանն ասում է՝ բունկերում է եղել, որպեսզի հետո Արցախի նախագահին զեկուցի, թե ի՞նչ է կատարվում, կարգադրություն չի տվել: Սակայն բաց աղբյուրներում առկա փաստերը, այդ թվում՝ Բաբայանի այլ հարցազրույցները հակառակն են ապացուցում: 2021թ. ապրիլին Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ անձամբ նախաձեռնել և ծրագրել է Սղնախ-Ավետարանոց օպերացիան, որպեսզի հակառակորդը չկարողանա Շուշի մտնել, բայց գիշերվա երկուսին տվյալ զորամասերը հրաժարվում են մասնակցել ինչ-ինչ պատճառներով, որի տեսագրությունը կա: Բացի այս, Բաբայանը մեղադրում է Մովսես Հակոբյանին, որ հրաժարվել է կատարել իր առաջադրանքը: Թեպետ ավելի ուշ Սղնախ-Ավետարանոց օպերացիայի մասով նշել էր՝ «всего лишь քարտեզի վրա ցույց եմ տվել՝ ոնց կարելի է այդ տարածքն ազատագրել և փակել»:
Ի դեպ, պատերազմի օրերին հրամանատարական կետում եղել է նաև Սամվել Բաբայանի օգնականը՝ Էդուարդ Վերդյանը: Այսինքն, նա ևս պետական գաղտնիքի կրող է դարձել:
Ինչ վերաբերում է ԱԽ գործառույթներին, ապա Բաբայանի ժամանակ այդ գործառույթներն ավելացվել են: Ավելին, պատերազմից առաջ Արցախի նախագահը ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին է փոխանցել իր լիազորությունների մի մասը:
Պատերազմից 20 օր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 9-ին, ԱԽ քարտուղարի կարգավիճակում գտնվող Սամվել Բաբայանը հայտարարել էր.
«Նախագահն իր լիազորությունների մի մասը տվել է մեզ հրամանով, դա նրա իրավունքն է, ինչ մասով լիազորի մեզ: Ինքն ամբողջովին գաղտնի է, որևիցե բան չենք կարող ավելին ներկայացնել, քան կա: Կանոնադրությունը և կառուցվածքը գաղտնիություն է պարունակում՝ նախագահի հրամանից ելնելով: Դրանից ավել ես չեմ կարող ինֆորմացիա տալ, եթե հարց կա, խնդրեմ, դիմեք նախագահի ապարատ, թող իրենք ձեզ մեկնաբանեն: Բայց լիազորությունները տրված են՝ ինչքանով որ պետք է: Նախագահն է որոշում՝ իր գործունեության որ չափը մեզ վստահի և տա այդ լիազորությունները: Բայց մենք ունենք 5 կետից բաղկացած հուշագիր, որի շրջանակում մենք համագործակցում ենք»:
Բայց պատերազմի ժամանակ՝ 2020-ի հոկտեմբերի 2-ին, Սամվել Բաբայանը վստահեցրել էր, որ ինքը, ԱԽ քարտուղարի լիազորությունների շրջանակում, մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում ԱՀ Նախագահին:
Թե ի՞նչ փոխանցված լիազորությունների մասին էր ավելի վաղ խոսում, այդպես էլ գաղտնի մնաց: Այսինքն, Սամվել Բաբայանն անընդհատ փորձել է սրբագրել իր իսկ ասածը, բայց միայն այն հանգամանքը, որ նա եղել է հրամանատարական կետում, դա արդեն որոշակի պատասխանատվություն է ենթադրում:
Փաշինյանն այլևս դավադիր որոշում կայացնող չէ՞. Ինչո՞ւ է Բաբայանը մտափոխվել
Նիկոլ Փաշինյանի մեղքերը «սրբագրող» Սամվել Բաբայանին հարկ է հիշեցնել 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարությունը, որով վայր դրեց ԱԽ քարտուղարի լիազորությունները և հրաժարվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:
«Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում՝ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու՝ հանձնել մեզ»,- շեշտել էր Բաբայանը: Ի՞նչ փոխվեց հանկարծ, ինչո՞ւ Սամվել Բաբայանի համար Նիկոլ Փաշինյանն այլևս դավադիր որոշում կայացնող չէ:
Ի դեպ, չմոռանանք, որ մամուլում հանրայնացվեց Արցախի նախագահի գլխավորությամբ օրերս տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից մի աուդիոձայնագրություն, որում Արցախի անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Սամվել Բաբայանն իր տեսակետն է հայտնում Արցախում պատերազմի հետևանքով ստեղծված դժվարին իրադրության վերաբերյալ և ելքեր առաջարկում իրավիճակից:
«Խնդիրը հետևյալն է՝ պետք է Ռուսաստանի հետ բանակցել, բացատրել, որ Արցախը 10 օր ժամանակ է ուզում «բեզագավոռըչնի կապիտուլյացիայի» համար»,- շեշտում է այդտեղ Բաբայանը:
Նշենք, որ Սամվել Բաբայանն ավելի քան 10 տարի պնդում է՝ Արցախը պետք է դառնա մանդատային տարածք:
Մասնավորապես, 2005թ. նոյեմբերին Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն բոլոր կողմերի ժողովրդավարացման դեպքում: Նա նաև նշել էր 4 սկզբունք, որոնց հիման վրա պետք է լուծվի ԼՂ հիմնախնդիրը.
1. Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր ինքնակառավարում՝ հեղինակավոր միջազգային կազմակերպության հովանու ներքո,
2. Փախստականների կամավոր վերաբնակեցում,
3. ԼՂՀ տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծում,
4. Նոր հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում:
Վերադառնալով Փաշինյան-Սամվել Բաբայան հարաբերություններին և պատերազմի ելքին, հիշեցնենք, որ 2018-ին Սամվել Բաբայանը նամակ էր հղել Նիկոլ Փաշինյանին, որում, մասնավորապես, ասվում էր.
«Պայմանավորված մի շարք գործոններով՝ 2019-ից սկսած կարող է այդ ռազմական գործողությունների մեկնարկը տրվել: Մեր խնդիրը պետք է լինի լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխումը, իսկ եթե դա հնարավոր չլինի՝ ապա մարտը հակառակորդի տարածք տեղափոխելը և Ադրբեջանին համակարգային հարված հասցնելը, այլ կերպ ասած՝ խաղաղություն պարտադրելը:
Ինչ վերաբերում է մեր ու մեր հակառակորդների բանակների վիճակին վերաբերող իմ տեսակետին, ապա այն հիմնված է Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության, մարտավարական պատրաստության և հանդերձվածության մասին գնահատականի վրա: Ադրբեջանն արդեն ավարտել է մի շարք պետությունների հետ ռազմական պայմանագրերի կյանքի կոչումը՝ արդիական սպառազինության և մարտական տեխնիկայի գնման վերաբերյալ: Բացի այդ՝ Ադրբեջանը երկու ռազմական արբանյակներ է արձակել, ինչն իսրայելական արտադրության անօդաչու սարքերի հետ մեկտեղ՝ էապես կավելացնի նրա ռազմահետախուզական հնարավորությունները: Ադրբեջանն արդեն իրագործել է ռազմաարդյունաբերական ոլորտում իր պլանավորած քայլերը (փամփուշտների, հրթիռների արտադրություն և այլն):
Հասկանալով հայկական կողմի համար ստեղծված վիճակի ամբողջ կործանարարությունը` իմ լռությունը պաշտպանության հարցերում հավասարազոր կլիներ դավաճանության: Իրադրությունը փոխելու համար մեզ մնում է ծայրահեղ սահմանափակ ժամանակ՝ առավելագույնը 1 տարի: Այդ մեկ տարում մենք պետք է օգտագործենք բանակցային գործընթացը՝ բանակն արդիականացնելու և հաշվեկշիռը փոխելու համար:
Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում փոխել հակառակորդի հավանական հարվածը կասեցնելու ուղղությամբ հայոց զորքերի նախապատրաստման մարտավարությունը` մարտական գործողությունների նախաձեռնությունը խզելու, անձնակազմի կորուստները նվազագույնի հասցնելու և միաժամանակ թշնամուն մարտի սեփական պայմանները թելադրելու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է ձեռք բերել արդիական զենքի և մարտական տեխնիկայի հետևյալ տեսակները, ինչի շնորհիվ մենք ի զորու կլինենք՝ ինչպես հաղթելու հակառակորդին, այնպես էլ` հետաձգելու ռազմական գործողությունների սկսման ժամկետները: Հակառակ դեպքում մենք մեծ կորուստներ կտանք և կստանանք նշանակալի նյութական ավերածություններ, ինչը կհանգեցնի տասնյակ-հազարավոր զոհերի ու վիրավորների, ինչպես նաև՝ մեր երկիրը կկանգնեցնի տնտեսական կրախի առաջ»:
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի լսել Սամվել Բաբայանի նախազգուշացումը և երկիրը տարել է պարտության, արդյո՞ք Սամվել Բաբայանը իրենց հանդիպումներում ստացել է այս հարցի պատասխանը: Գուցե:
Իսկ միգուցե նաև Սամվել Բաբայանը տեղյա՞կ է՝ ինչո՞ւ է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը մարտին հետևել 400 կմ հեռավորությունից, գուցե գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի հրամա՞նն է եղել:
Մի փաստ էլ. Սեյրան Օհանյանին պատերազմի համատեքստում անընդհատ հիշող Սամվել Բաբայանը միգուցե պատասխանի՝ ինչո՞ւ էր պատերազմը չավարտած՝ նոյեմբերի 6-ին արդեն Երևանում: Գուցե իր համար պա՞րզ էր պատերազմի ելքը, Շուշիի ճակատագիրը: Հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեն:
Բայց մի բան հստակ է՝ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին պաշտպանում է Արցախի և ՀՀ-ի նախկին ղեկավարների հետ ունեցած հարաբերությունների համատեքստում, որոնք ինչ-որ պահի վատացել են: