Ում վրա է «աղմկում» Սամվել Բաբայանը և ինչու են լռում Սղնախ-Ավետարանոց օպերացիայի քննարկման մասնակիցները

Այս տարվա ապրիլին Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ անձամբ նախաձեռնել և ծրագրել է Չանախչի-Սղնախ գյուղերի մոտ, որպեսզի հակառակորդը չկարողանա Շուշի մտնել, բայց գիշերվա երկուսին տվյալ զորամասերը հրաժարվում են մասնակցել ինչ-ինչ պատճառներով, որի տեսագրությունը կա:

«Կա տեսաժապավենը, թե ինչ խորհրդակցություն ենք անցկացրել, ովքեր են մասնակցել, ամբողջը կա, և, թե ով է հրաժարվել»,- ասել էր նա:

Անցած տարվա դեկտեմբերին Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկի եթերում մանրամասնել էր նաև, որ Սղնախ գյուղում ադրբեջանցիները ստեղծել էին բազա ու ձգվում էին դեպի Շուշի։

«Օպերացիան հետևյալն էր. երեք գումարտակ՝ 2-ը՝  Հայաստանից, մեկը Ղարաբաղից՝ Առաջաձորի գումարտակը: Խնդիրը հետևյալն էր՝ Ավետարանոց գյուղի դիմացով պիտի  նստեին  ու բարձունք վերցնեին, հակառակորդին ճանապարհից կտրեին, երկրորդ՝  Սղնախը երկու կողմից շրջապատեին՝ հակառակորդին ստիպելով Շուշիից հետ քաշվել: Շոշ գյուղում գումարտակի հրամանատարներին բացատրվում է օպերացիան, որ Շուշիի խնդիրը կլուծվի։ Նոյեմբերի 5-ի գիշերը ժամը 2-ին ինձ ասում են, որ առաջին հերթին Առաջաձորի գումարտակը հրաժարվում է, հետո Հայաստանի երկու գումարտակներն են հրաժարվում կատարել դա»,- շարունակել է նա:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին՝ հունիսի 18-ին,  ֆեյսբուքյան իր էջում Փայլակ Առաքելյան անունով օգտատերը պատերազմի ժամանակ Ստեփանակերտի բունկերում կայացած և Սամվել Բաբայանի հիշատակած  քննարկման տեսանյութ է հրապարակում՝  «2020թ. նոյեմբերի Շուշիի չիրականացված օպերացիան, որը փոխելու էր պատերազմի ողջ ընթացքը» գրառմամբ:  Ի դեպ, Առաքելյանի  ֆեյսբուքյան էջում գրված է, որ նա աշխատել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակում: Նշենք, որ պատերազմի օրերին Սամվել Բաբայանն Արցախի ԱԽ քարտուղարն էր:

Տեսագրության մեջ, մասնավորապես, Սամվել Բաբայանն ասում է. «Սղնախն արդեն անցնում ես, դրա տակ, Սղնախի էս կողքով գալիս ես այստեղ: Դրանից այս կողմ, կիլոմետր, կիլոմետր ու կես դեպի Քիրսը: Ունե՞ք ճանապարհ, որով փայտ էիք հանում, չգիտեմ ինչ էիք անում, ճանապարհ ունե՞ք»։

Այնուհետ լսելով պատասխանը՝ այո, կարյերով, կարյերի մոտով, Բաբայանը շարունակում է. «Դա է, հենց այդ ճանապարհը պետք է փակվի: Այս հետևում նստած ժողովուրդը, որ դու գնաս հարձակման, արդեն դառնալու են ավտոմատ ռեզերվ:

Ուրեմն խնդիրը հետևյալն է. արդեն հակառակորդը Շուշին շրջափակել է: Վաղվա մեր գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը: Կարողանո՞ւմ եք հասկանալ, թե ինչ եմ ասում: Այսինքն՝ որևիցե մի րոպե հապաղել կամ պրոբլեմներ ստեղծել չկա: Ինչ խնդիր որ ստացել եք, ամեն մարդ իր խնդիրը կատարում է: Որ հակառակորդի թիկունքը փակվի, սնուցման մեխանիզմը փակվի, հակառակորդին կարողանանք ոչնչացնել: Հակառակ դեպքում մենք պիտի այստեղից դուրս գանք ուղիղ Երևան, ասենք՝ Ղարաբաղ, ցտեսություն, հողերը տանք, գնանք: Դեռ հարց է՝ ադրբեջանցին թողնո՞ւմ է, որ մեր զորքերը, ժողովուրդը հանենք: Այսինքն՝ էս օպերացիան ձևական չի»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տա Շուշիի անկման համար, դատարանում պետք է բացատրի՝ Շուշի օգնության հասնող խումբն ինչո՞ւ է երկու օր ուշացել։

Սեյրան Օհանյանը, որին ևս Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Շուշին հանձնելու մեջ, 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ նոյեմբերի 5-ին, երբ հրամանատարական կետը տարբեր կողմերից շրջափակման մեջ էր գտնվում, բանակի հրամանատարությունը որոշեց հրամանատարական կետը տեղափոխել, որպեսզի ավելի լիարժեք մարտական գործողություն վարեն արդեն Շուշիի ներսում: Եվ հրամանատարական կետի կազմի հետ և՛ ես էի, և՛ Արգիշտի Քյարամյանը:

«Այդ կազմը նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5։30 դուրս է եկել Շուշի քաղաքից և տեղակայվել Շուշի քաղաքից մի քիչ ներքև: Այնտեղ, որտեղից ստորաբաժանումները Ստեփանակերտ քաղաքի կողմից արդեն հարձակողական կամ հակագրոհային գործողություններ էին իրականացնում: Այդ կազմը դուրս է եկել մի քանի մեքենաներով, նույն մեքենայի մեջ գտնվել ենք ես և Արգիշտի Քյարամյանը: Ամսի 6-ին և 7-ին, գտնվելով Ստեփանակերտում, մենք տարբեր տեղերում ենք եղել, բայց ամսի 7-ին իմ մեքենայով, Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ես և Արգիշտի Քյարամյանը մեկնել ենք Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու: Օգտվելով առիթից՝ ես նաև մասնակցել եմ երջանկահիշատակ Վահե Սիրունյանի հուղարկավորության միջոցառումներին: Այնուհետ մեկ օր զանգահարել եմ Արցախ, ինձ ասել են՝ պետք չի գալ, բայց միևնույն է՝ ես ինքնակամ հետո մեկնել եմ Արցախ՝ տարբեր գործառույթներ իրականացնելու: Սա ինչու եմ ասում, որովհետև մեկ-մեկ ասում են, որ զինծառայողի հուղարկավորության համար գնացինք Երևան: Ես 40 օր գտնվել եմ այնտեղ և բազմաթիվ մտերիմ մարդիկ եմ կորցրել և չեմ գնացել, բայց ամսի 7-ին Երևան նախագահի խնդրանքով եմ գնացել՝ սպառազինության հետ կապված հարցեր ճշտելու համար: Սա է ամբողջ իրականությունը»,- ասել էր Սեյրան Օհանյանը:

Ի դեպ, իր հարցազրույցում ադրբեջանցի գնդապետ Թեհրան Մենսիմովը, ով Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարն էր, նշել էր, որ «Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման տրվել է հոկտեմբերի կեսերին, երբ մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում».

«Հատուկ նշանակության ստորաբաժանումների տեղաշարժը տեղի էր ունենում անտառներով և լեռներով, փաստացի՝ թշնամու թիկունքում: Այսպես ասած, ճանապարհին «ազատագրվեցին» Չանախչի, Սղնախ և այլ գյուղեր: Այս խնդիրը կատարվել է նոյեմբերի 4-ին: Եղել են ոչ փոքրաթիվ կորուստներ, մարտերը ծանր էին, բայց խնդիրը կատարվել է: Նոյեմբերի 5-ին հակառակորդի հակագրոհների փորձերը 2 կողմից՝ Լաչին, Շուշի, կասեցվել են: Այնուհետ հատուկ նշանակության ուժերը փակեցին Շուշի-Լաչին և Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը, արդեն նոյեմբերի 6-ին սկսվեցին մարտեր Շուշիում: Հակառակորդը կիրառում էր զրահատեխնիկա, իսկ հատուկ նշանակության ուժերն ունեին միայն հակատանկային նռնականետ: Մեր ուժերը չէին հերիքում և վերջին 4 նռնականետով մենք այրեցինք հայկական 2 տանկ և դուրս եկանք քաղաքից: Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հայերը 3 հակագրոհ են իրականացրել Շուշիի ուղղությամբ, բայց ոչնչացվել են: Քաղաքը «մաքրված է եղել նոյեմբերի 7-ին: Նոյեմբերի 8-ին մեր երկրի ղեկավարությունը հայտարարեց Շուշին գրավելու մասին»,- նշել է նա:

Ի դեպ, նոյեմբերի 8-ին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում էր կատարել՝ «ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեր հերոսներին»:

Նույնատիպ գրառում նոյեմբերի 9-ին արել է Նիկոլ Փաշինյանը՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»:

Սամվել Բաբայանը, որ պարբերաբար մեղադրանքներ է հնչեցնում ռազմական ղեկավարության, գլխավոր շտաբի հասցեին, իհարկե, նրանք ունեն իրենց մեղքի բաժինը, բայց այն, որ Շուշին կորցրել ենք, ստացվում է, մեղքի իր բաժինն ունի նաև Սամվել Բաբայանը՝ որպես Սղնախ-Ավետարանոց կամ Չանախչի-Սղնախ գյուղերի մոտ օպերացիայի հեղինակ: Եթե գումարտակները հրաժարվել են մասնակցել օպերացիային, ապա հարց՝ ինչ սկզբունքով են ընտրվել հենց այդ գումարտակները:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Առաջաձորի գումարտակը կամ, ինչպես ասում են՝ Վանքի ձորակը, որին Սամվել Բաբայանը պահել և մինչև Սղնախի օպերացիան չի թողել մարտական գործողությունների մասնակցի:

Նիկոլ Փաշինյանը Շուշի կորստի մեղքը մե՛կ Սեյրան Օհանյանի վրա է գցում, մե՛կ՝ Արթուր Վանեցյանի, մե՛կ Օնիկ Գասպարյանի, բայց որևէ անգամ չի հնչեցրել Սամվել Բաբայանի, Արգիշտի Քյարամյանի անունները, որոնք այս կամ այն կերպ առնչություն են ունեցել Շուշիի հետ պատերազմի ժամանակ:

Ըստ այդմ՝ պետք է հստակ և օբյեկտիվ քննություն կատարվի պատերազմական յուրաքանչյուր դրվագի հետ կապված՝ Շուշիից մինչև Իշխանաձոր, և յուրաքանչյուրին իր արածի և չարածի համապատասխան պատասխանատվության ենթարկել: Բայց սրա համար պիտի խոսեն բոլոր համապատասխան մարդիկ՝ ռազմական օպերացիաների քննարկումներին ներկա եղածներից՝ մինչև պատասխանատու կամ պաշտոնական դիրք զբաղեցրածները:

Ի դեպ, Բաբայանի հետ քննարկմանը ներկա են եղել Արթուր Աղաբեկյանը, Արթուր Վանեցյանը, Լևոն Մնացականյանը, և շատ հետաքրքիր է իմանալ՝ ինչու են միանգամից ընտրված բոլոր զորամասերը, գումարտակները հրաժարվել այս օպերացիային մասնակցությունից: Թեպետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ իր վերջին հանդիպմանը հայտարարել է՝ «այդ օպերացիան չիրականացնելու պատճառների մասին խոսել է Սամվել Բաբայանը, ես չեմ ուզում խոսել, որովհետև ես առհասարակ գտնում եմ, որ դրա մասին պետք չէ խոսել, ու դա չի վերաբերել կոնկրետ Շուշիի ազատագրմանը»:

Իսկ Սամվել Բաբայանը պետք է ասի նաև՝ ինչու էր լռում, երբ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը դեռ Շուշիում մարտերի մասին էր խոսում, երբ քաղաքը նոյեմբերի 7-ից Ադրբեջանը «մաքրել» էր: Ի դեպ, ադրբեջանցի գնդապետը, ով պատասխանատու էր Շուշիի գրավման համար, այդ օրվա տվյալով՝ 730 հայ զինվորի կորստի մասին է խոսել:

Տեսանյութեր

Լրահոս