Բաժիններ՝

«Հա, բայց Կառավարություն ո՞ւմ մոտ գնամ. էն նամակս մինչև հիմա անհետ կորել է». Ենոքավանից տիկին Վիոլետան դեռ սպասում է ազգական վարչապետի արձագանքին

Այսօր կրկին 168.am-ի խմբագրություն էր զանգահարել Վիոլետա Մկրտչյանը, որին մեր նկարահանող խումբը դեռևս տարեսկզբին հանդիպել էր Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում:

Տիկին Վիոլետան մեզ հետ զրույցում նշել էր՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է. «Բարեկամս է ինքը. ամենքս մի ախպոր թոռներ ենք. մայրս էլ է Փաշինյան»:

Տուն-ինտերնատում հանդիպումից հետո նա պարբերաբար զանգահարում է խմբագրություն՝ տեղեկանալու, թե տեսանյութից հետո որևէ արձագանք կա՞ վարչապետից, քանի որ իր նամակները չեն հասնում նրան, իսկ ինքը հույս ունի, թե վարչապետի կաջակցի, ու իր բնակարանի հաշվառման հերթը վերջապես կհասնի:

«Տնօրենն էլ ասեց՝ երեք ամսից հետո պետք է բոլորդ էլ դուրս գաք, գնաք իբրև թե վարձով: Ո՞ւր գնամ. ես վարձովից եմ փախել: Վարձովի անուն լսում եմ՝ դողը տալիս ա ջանս: Ջահել եմ եղել, աշխատել եմ, ստեղծել եմ, տան վարձը տվել եմ, իմ աշխատավարձի համը ես չեմ տեսել. անընդհատ ստացել-տվել եմ տան վարձ: Հիմա ուր գնում ենք՝ ջահել են ուզում»,- այս անգամ ասաց տուն-ինտերնատի բնակիչը՝ տեղեկացնելով, որ 62 տարեկան է, ու միայն եկող տարի հնարավոր կլինի հաստատվել տարեցների խնամքի կենտրոնում:

Մեր զրուցակիցը խնդրեց նաև՝ որևէ կերպ տեղեկանալ դեռ սեպտեմբերին իր կողմից վարչապետին ուղղված նամակի ճակատագրի մասին: Մեր դիտարկմանը, թե ինքը նորից չի՞ փորձել Կառավարություն գալ ու ճշտել, արձագանքեց. «Հա, բայց Կառավարություն ո՞ւմ մոտ գնամ. էն նամակս մինչև հիմա անհետ կորել է, չգիտեմ՝ այդ նամակը որտեղ է, ում մոտ է»:

«Մայրս՝ Կիմա Փաշինյանը, իր անունից դիմում գրեց, ասեց՝ անպայման կհասցնես Նիկոլին: Էս երեք տարի ես անընդհատ դիմումներ եմ գրել, նամակների բաժին եմ ուղարկել և նամակների բաժնից գոհացնող պատասխան չեմ ստացել: Ուղարկում են թաղապետարան, քաղաքապետարան, Սոցապ նախարարություն, որտեղից էլ գոհացնող պատասխան չեմ ստանում: Քաղաքապետարանում 10 տարի բնակարանի հաշվառման մեջ եմ, և ոչ մի պատասխան չեմ ստանում էնտեղից»,- ավելի վաղ ասել էր մեր զրուցակիցը՝պատմելով, որ Ենոքավանից է հարս եկել Երևան, ամուսինը պարտքերի պատճառով կորցրել է տունը, ամուսնու մահից հետո հայտնվել է կացարանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս