Անօթևանների նոր օթևանը. Ի՞նչ են երազում անօթևանները

Արդեն երկու շաբաթ է՝ շուրջ 70 անօթևաններ Վարդաշենից տեղափոխվել են թիվ 1 տուն-ինտերնատ: Ինտերնատը նախկինում ևս զբաղվել է անօթևանների խնամքով, ու շենքը, որտեղ այս պահին ապրում են Վարդաշենից տեղափոխված շահառուները, նախկինում ևս ծառայել է անօթևաններին:

168.am-ը դեռևս դեկտեմբերին ահազանգել էր՝ Վարդաշեն 9-րդ փողոցում գործող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանի շուրջ 100 շահառուների հանկարծակիի էին բերել՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 31-ին պետք է ազատեն կացարանը, ի վերջո, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նրանց մի մասին տեղավորել էր Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հունվարի 3-ին, սակայն, արձանագրել էր՝ Երևանի թիվ 1 ինտերնատի՝ Վարդաշենի կացարանի նախկին շահառուների համար նախատեսված մասնաշենքում չկան մարդկանց արժանապատիվ բնակության և կենսական կարիքների համար նվազագույն պայմաններ։

«Ճիշտն ասած, սանհանգույցից օգտվում ենք հերթագրման պրոցեսով. մենք խնդրեցինք, որ սարքեին, նոր գայինք»,- արդեն կացարանում անդրադառնալով նոր կացարանի պայմաններին՝ մեզ հետ զրույցում նշում է տիկին Գայանեն:

Տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոլյա Մակարյանն էլ վստահեցնում է՝ կացարանի շահառուներին հուզող հիմնական հարցը՝ սանհանգույցի վերանորոգումը, սեղմ ժամկետներում կլուծվի. վերանորոգումը մեկնարկել է, իսկ շենքի բարեկարգման հարցերն իրենց լուծումները կստանան աստիճանաբար:

«Ինչպես խոստացել ենք, այս պահին ինտենսիվ սանհանգույցների աշխատանքներն են իրականացվում, հուսամ՝ կարճ ժամկետում կավարտվեն:

Արել ենք ամեն ինչ, որպեսզի մարդիկ լինեն գոհ, շնորհակալ, և բացատրական աշխատանքների արդյունքում էլ՝ ոչ թե, որ իրենք արդեն իսկ հրաժարվում են հասարակության լիարժեք անդամ լինելուց, այլ աջակցելու ենք, որ կարողանան (որովհետև տվյալ ծրագիրը երեք ամսով է) վերադառնան լիարժեք կյանք, հասարակություն»:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հավելում է՝ միասնական սոցիալական գնահատումից հետո շահառուների մեծ մասը կտեղափոխվի տուն-ինտերնատ՝ մշտական խնամքի:

Իրենց նոր կացարանից շահառուները հիմնականում չեն դժգոհում՝ գլխներին ծածկ ունեն, տաք սնունդ ու հաց:

Այստեղ ապրող մարդկանց ցանկություններն իրենց ճակատագրերի նման դառն են. Տիկին Մարիամը լավ բժիշկ է ուզում, որ հետ բերի աչքերի լույսը, տիկին Արևիկն աշխատանք է ուզում, որպեսզի գումար հավաքի ու այցելի Մոսկվայում հուղարկավորված որդու գերեզմանին, Ռաֆիկ պապը՝ միայն տաք պիջակ ու կոշիկներ է ուզում, տիկին Վիոլետն էլ նախ՝ փոքրիկ պահարան, որ հագուստը տեղավորի, հետո՝ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. նշում է՝ ազգականներ են:

«Բարեկամս է ինքը. ամենքս մի ախպոր թոռներ ենք: Մայրս էլ է Փաշինյան»,- պատմում է տիկին Վիոլետը, ապա նկատում՝ Փաշինյանի հետ հույսեր կապում է, սակայն նամակները դեռ չեն հասնում նրան:

Կոլյա Մակարյանը հրաժեշտից առաջ ասում է՝ իր դռները բաց են բոլոր շահառուների առջև, լսում է նրանց ու փորձում հնարավորությունների սահմաններում օգնել:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս