«Մայրս՝ Կիմա Փաշինյանը, իր անունից դիմում գրեց, ասեց՝ անպայման կհասցնես Նիկոլին». տուն-ինտերնատի բնակիչ
168.am-ն օրերս անդրադարձել էր Վարդաշենից թիվ 1 տուն-ինտերնատ տեղափոխված շահառուների նոր պայմաններին: Մեր այդ անդրադարձում պատմել էինք նաև Վիոլետա Մկրտչյանի մասին, որը պնդում էր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է: Ի դեպ, տիկինն իր անկողնու վերևում փակցրել էր վարչապետի նախընտրական պաստառը, որը խոստանում էր՝ «Ապագա կա՛ Ապագա»:
«Բարեկամս է ինքը. ամենքս մի ախպոր թոռներ ենք: Մայրս էլ է Փաշինյան»,- նշել էր Վիոլետա Մկրտչյանը:
Ի դեպ, այսօր տիկին Վիոլետան զանգահարել էր 168.am-ի խմբագրություն՝ հետաքրքրվելու՝ արդյո՞ք տեսանյութից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ արձագանք կա: Մեր բացասական պատասխանը լսելուց հետո նա հուսահատ արձագանքեց. «Ոչ մի հույս, ոչ մի սպասելիք չունեմ. եթե մարդ 29 տարի վարձակալական հիմունքներով ապրի և 3 տարի էլ անօթևանների կացարանում ապրի…»:
Վիոլետա Մկրտչյանը նաև պատմեց, թե ինչպես է Ենոքավանից հարս եկել Երևան, ամուսինն ինչպես է պարտքերի պատճառով կորցրել տունը, ու ինչպես է ամուսնու մահից հետո հայտնվել կացարանում: Ասաց նաև, որ դուստրերն ամուսնացած են և բնակվում են Լոռու մարզում, սակայն նրանց հետ բնակվել չի կարող, Ենոքավան՝ մոր մոտ վերադառնալ՝ նույնպես. պայմանները չեն բավարարում:
«Մայրս՝ Կիմա Փաշինյանը, իր անունից դիմում գրեց, ասեց՝ անպայման կհասցնես Նիկոլին: Էս երեք տարի ես անընդհատ դիմումներ եմ գրել, նամակների բաժին եմ ուղարկել և նամակների բաժնից գոհացնող պատասխան չեմ ստացել:
Ուղարկում են թաղապետարան, քաղաքապետարան, Սոցապ նախարարություն, որտեղից էլ գոհացնող պատասխան չեմ ստանում: Քաղաքապետարանում 10 տարի բնակարանի հաշվառման մեջ եմ, և ոչ մի պատասխան չեմ ստանում էնտեղից»,- հավելեց տուն-ինտերնատի նոր բնակիչը:
Տիկին Վիոլետան շեշտեց, որ սեպտեմբեր ամսին այդ նամակով գնացել է Նաիրի Սարգսյանին տեսնելու, բայց չի կարողացել մտնել:
«Մտա ընդունարան, զանգահարեցի, մի կին պատասխանեց Աելիտա անունով: Ասեց, որ Նաիրի Սարգսյանի օգնականն է, թե գործավարուհին է: Ասեց՝ ես իջնեմ, տեղում չի Նաիրի Սարգսյանը:
Ես ծրարը տվեցի ու շատ-շատ խնդրեցի, որ անձամբ տա: Հետո Աելիտան պատասխանեց, որ՝ տվել եմ, անհոգ եղեք: Մի քանի ամիս զանգահարեցի օպերատորին, ասաց՝ ոչ մի նամակ չկա գրանցված, հետո զանգահարեցի Աելիտային, ասեցի՝ ինչի՞ չեք ուղարկել , ասաց, թե՝ ուղարկել եմ, հետո խոստովանեց, որ չի ուղարկել»,- մանրամասնեց նա՝ վստահեցնելով, թե «հայի նախանձություն»-ն է պատճառը, որ չեն տվել:
Վիոլետա Մկրտչյանը հետո փորձել է հետ ստանալ նամակը, սակայն, իր պնդմամբ, «տարել-բերել են» ու չեն տվել: Տուն-ինտերնատի բնակիչը հույս ունի, որ գոնե այս հրապարակումից հետո իր նամակներին կարձագանքեն: