««Պֆայզերով» կարող են պատվաստվել նաև 12-ից բարձր երեխաները»․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ մի շարք կանխատեսումներին, թե օմիկրոնի շտամը վերջնական ակորդն է այս համավարակի, ընդգծեց՝ դեռ վաղ է հստակ որևէ բան նշել․

«Բայց կարող ենք ասել, որ համավարակի թվից դեպի էնդեմիկ հիվանդության փուլ կարծես նշմարվում է արդեն։ Սա նշանակում է, որ քովիդը կմնա՝ որպես այդպիսին, ցավոք, այն մեր կենսակերպի մի մասն է դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով, բայց հստակ ասել, որ վերջանում է համավարակը, կարծում եմ՝ դեռ վաղ է»։

Անդրադառնալով օրեր առաջ ձեռք բերված «Պֆայզեր» պատվաստանյութին, Առողջապահության նախարարն ասաց, որ դրանք երկուշաբթի օրվանից հասանելի կլինեն քաղաքացիների համար։

«Մաքսազերծման աշխատանքները երեկ ավարտվել են, այսօր և վաղը ամբողջ հանրապետության տարածքով դրանք կբաշխվեն, բոլոր պոլիկլինիկաներում ու շարժական կետերում հասանելի կլինեն, ովքեր կցանկանան՝ կարող են մոտենալ և ստանալ»,- ասաց Ավանեսյանը, ապա հավելեց, որ երկար սպասված պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև 12 տարեկանից բարձր երեխաները։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է՝ առաջիկայում հանվեն QR կոդերով սրճարաններ, թատրոններ և այլն մուտք գործելու սահմնանափակումները, նախարարն ասաց, որ բոլոր սահմանափակումներն էլ ժամանակավոր բնույթ են կրում և միտված են այդ ընթացքում կոնկրետ խնդիր լուծելուն և որոշակի նպատակի հասնելուն, և, որ դրանք ինքնանպատակ չեն․

«Հունվարին օմիկրոնի սրընթաց տարածման պարագայում, մեր կարծիքով՝ այս սահմանափակումը որոշակի զսպող մեխանիզմ հանդիսացավ, այն, ինչ-որ առումով, խթանեց նաև պատվաստումները։ Մենք ականատես ենք, որ օմիկրոնի պարագայում, քանի որ շատ մեծ էր հիվանդացածների թիվը, իսկ մեր կարգավորումներով և ցուցումներով հիվանդանալուց հետո գոնե 1 ամիս պետք է անցնի, որ քաղաքացին գնա պատվաստվելու, դրա համար մենք կանխազգում ենք, որ հաջորդ շաբաթվանից պատվաստումների տեմպը նոր կընկնի իր ճիշտ, բնականոն հունի մեջ»։

Անահիտ Ավանեսյանը նաև հայտնեց, որ շաբաթական ուսումնասիրության արդյունքներով Հայաստանում 90% շրջանառվող շտամը դա Օմիկրոնն է․

«Սա նշանակում է, որ և՛ հիվանդանոցային դեպքերը, և՛, ցավոք սրտի, մահվան դեպքերը կապված են հենց Օմիկրոն շտամի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս