Կարեն Անդրեասյանը որտե՞ղ է արդարադատության նախարար աշխատում. Նախարարի հայտարարություններն ու ՔԿԾ իրականությունը
Փետրվարի 14–ին ֆեյսբուքյան ասուլիսով է հանդես եկել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և մասնավորապես անդրադարձել է Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) հետ կապված հարցերին: Պատասխաններից տպավորություն էր, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը կարծես թե վերջնականապես ուզում է քանդել Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ):
Նախ ինչ-որ անհեթեթ պատճառաբանությամբ փակեցին «Կոշ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները (ՔԿՀ), բազմաթիվ ծառայողների դարձրեցին գործազուրկ, հիմա էլ փոխանակ այդ մարդկանց հնարավորինս աշխատանքի տեղավորեն համակարգում, անընդհատ համակարգ է բերում մարդկանց, ովքեր լուսնային տարիներով հեռու են համակարգից։
Եթե ՔԿԾ նախորդ ղեկավար Արթուր Գոյունյանը արդարադատության նախկին նախարար Ռուստան Բադասյանի բարձր հովանու ներքո գեղարվեստական, դատախազական տեքստերով ինչ-որ կերպ թոզ էր փչում առանց այդ էլ խնդիրները տեսնելու ցանկություն չունեցող ղեկավարության աչքերին, ապա ներկայիս ղեկավարը դա էլ չի անում, բացի նրանից, որ համակարգը դեռևս համալրում է իր հայրենակիցներով` արտաշատցիներով։ Իսկ թե ե՞րբ է սկսելու աշխատել, դեռ պարզ չէ, և ըստ օդում կախված լուրերի՝ կարծես թե «վերևներում» էլ օր օրի ավելանում է դժգոհությունը և ոչ առանց Կարեն Անդրեասյանի գործուն ջանքերի: Բոլորին է հայտնի, որ նախարարի և ծառայության պետի ջրերը մի առվով չեն գնում, և հանդիպումները, եթե, իհարկե, այդպիսիք լինում են, կրում են զուտ ֆորմալ բնույթ։
Ինչևէ, վերադառնանք արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան ասուլիսին՝ անդրադառնալով նրա կողմից հնչեցված մի քանի մտքերի, որոնք ուղիղ վերաբերում են քրեակատարողական ծառայությանը:
Նախարարը այն հարցին, թե ի՞նչ է սպասվում «Հրազդան» և «Կոշ» հիմնարկների աշխատակիցներին, այն դեպքում, երբ ծառայությունում ուրիշ մարդիկ են աշխատանքի ընդունվում, պատասխանեց, որ կրճատումը զտման հնարավորություն է տալիս, կամ էլ իրենք այնպես չեն դրսևորել իրենց, որ նորից ընդունվեն աշխատանքի, կամ էլ բարձր չեն գնահատել իրենց աշխատանքը, և ավելացրեց, որ, իհարկե, խոսքը բոլորի մասին չէ, 50 հաստիք են ավելացրել Պրոբացիայի ծառայությունում, թող այդտեղ դիմեն, մասնակցեն մրցույթի։
Հետաքրքիր է, նախարարը երբևէ հետաքրքրվե՞լ է, թե քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում նոր պետի օրոք քանի՞ մարդ է նշանակվել աշխատանքի, և նրանցից քանի՞սն են «Հրազդան» կամ «Կոշ» ՔԿՀ-ներից, նոր համակարգ եկած անձանցից քանի՞ ծառայող է աշխատանքի անցել հիմնարկներում։ Բնականաբար, ոչ, բայց օրինակ, «Արմավիր» ՔԿՀ-ի ատամնաբույժը, իր դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից և նշանակվել հիմնարկներից մեկի անվտանգության համակարգում բավականին ցանկալի հաստիքի: Մնում է ծառայության պետին հարցնել՝ իսկ այդ «անվտանգության ատամնաբույժը» պատահաբար դարձյալ Արտաշատի տարածաշրջանից չէ՞։
Կարեն Անդրեասյանը լավ կանի նաև՝ հետաքրքրվի, թե իր նստավայրում իրեն քանի՞ արտաշատցիներով է շրջապատել ՔԿԾ պետը, և դեռ շարունակում է նրանցով լցնել համակարգը, մինչդեռ նախկին աշխատակիցները դեռ սպասում են:
Նույն այդ ասուլիսում Կարեն Անդրեասյանն ավելացնում է, թե ինքն ընտրություն չի կատարում, ծառայության պետն է այդ հարցերով զբաղվում: Հարց է առաջանում՝ ծառայության պետը դեռ նորմալ իր աշխատանքին չի ընտելացել, այդ ինչպե՞ս սկսեց տարբերել լավ ու վատ աշխատողին, և արդյո՞ք ըստ իրեն՝ դրսից համակարգ առաջին անգամ մուտք գործողներն ավելի լավ են հասկանում համակարգից, քան տարիներով այնտեղ աշխատած ծառայողները:
Հուսով ենք, որպես օրինակ, նախարար Անդրեասյանը չի բերի «Կոշ» ՔԿՀ-ի պետ Մանուկ Պողոսյանին, ով ՔԿԾ շտաբի պետ նշանակվեց: Կարծում ենք՝ վերջինս միակ նշանակումն է ՔԿԾ-ում նախկին փակված հիմնարկներից, ավելին, արդարության համար հորդորենք՝ մի փորփրեք նրա «մարզահագուստային» անցյալը, առավել ևս, որ նա այդ ամենի համար արդարացվել է։
Երևի նորեկները ֆանտաստիկ «պրոֆեսիոնալներ են», ու դրա համար են նաև ՔԿԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջում նրանց ծաղրում։
Անդրադառնալով պատվաստումներին՝ Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնում ռեպորտաժի համար, որն օգնեց բացահայտել, որ որոշ աշխատակիցներ թերացել են, ինչի հետևանքով և ինքը ծառայողական քննություն է նշանակել, ապա հավելում, որ «Արմավիրում» տեղի ունեցածը վատ մենեջմենթի արդյունք է։
Այն, որ «Արմավիրում» «բարդակ է» բառիս բուն իմաստով, այլևս գաղտնիք չէ, այն, որ այնտեղ ոչ մի ղեկավար տեղում չէ, դա նույնպես։ Սակայն լավ կլիներ ևս մի քանի ծառայողական քննություններ նշանակել հիմնարկում, ավելի ճիշտ՝ հիմնարկներում տեղի ունեցած անօրինականությունները պարզելու համար:
Ի դեպ, կադրերի ընտրության հարցերով, ինչպես նաև աշխատանքը չկորցնելու համար, ըստ օդում կախված լուրերի, մարդիկ պետք է դիմեն ծառայության պետի հորը։ Եթե Ռուստամ Բադասյանի նախարար եղած ժամանակ նրա հայրն էր հիմնարկի պետերին և այլ պաշտոններում աշխատակիցների նշանակում, հիմա էլ Սերգեյ Ատոմյանի հայրն է ակտիվ զբաղվում դրանով. վստահ ենք՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետը կամ ծառայության օպեր բաժնի պետն անհրաժեշտության դեպքում ասելիք կունենան այս թեմայով:
Դե ինչ, մնում է խորհրդի կարգով «Կոշ» և «Հրազդան» հիմնարկների նախկին աշխատակիցներին հուշենք, թե ո՞ւմ է պետք դիմել ծառայության կադրերի ռեզերվում չմնալու համար։
Նախարար Անդրեասյանը, իր խոսքում անդրադառնալով մոլեխաղերին և թմրանյութերի շրջանառությանը, նշեց, որ ՔԿԾ ղեկավարության առաջ առաջին պայմանը որ դրել է, այն է, որ այնպես անեն՝ մարդկանց չստիպեն, չներքաշեն մոլեխաղերի մեջ:
Հիրավի, արդարացի մոտեցում է ու գովելի հանձնարարական, թեպետ առավել բարձր արդյունքների հասնելու համար Կարեն Անդրեասյանը կարող էր ծառայության պետին հանձնարարել մոլեխաղով զբաղվողների խցերում Նիկոլ Փաշինյանի նկարը կախեն, ինչպես ինքն է արել, միգուցե ազատազրկված անձինք կսթափվեն, կզգոնանան նրա նկարին ամեն անգամ նայելիս ու ոչ իրենք կխաղան այլևս, և ոչ էլ ուրիշներին կներքաշեն…
Այն, որ ցանկացած ՔԿԾ պետ փայլում է իր նշանակումներով, փաստ է, ինչին 168.am-ը տարբեր առիթներով անդրադարձել է: Օրինակ՝ ծառայության նախկին պետը խորհրդական էր նշանակել ընկերոջը, որը ժամանակին Նիկոլ Փաշինյանին մեղադրող դատախազն էր, և ամեն ինչ անում էր՝ նրան տեղը տեղին դատելու համար։ Ու դա, իհարկե, միակ օրինակը չէր:
Ընտանեկան ջերմ հարաբերություններով պայմանավորված, հաշվի առնելով նաև Սերգեյ Ատոմյանի հոր գործոնը՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետը առաջխաղացման կարգով տեղափոխվեց Երևան և դարձավ ՔԿԾ օպերատիվ բաժնի պետ։ Լաերտ Գրիգորյանին մենք ևս անդրադարձել էինք, երբ նա նշանակվեց «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանի դեմ կանգնած՝ լեզվակռիվ տալիս, երբ վերջինս մասնակցում էր ԱԺ ընտրություններին, նույնիսկ դրա հետ կապված՝ շատ հետաքրքիր տեսանյութ կա։
Բայց պարզվեց նաև, որ Լաերտ Գրիգորյանը նոր տեղակալ ունի, ճիշտ է, դեռ ժամանակավոր պաշտոնակատար է, բայց հաստատ կմասնակցի արդարադատության նախարարի կողմից անընդհատ նշանակվող մրցույթին և կհաղթի:
Ենթադրենք՝ ներկայումս գործազուրկ, արդեն փակված հիմնարկների օպերբաժինների պետերը կոմպետենտ չէին, համակարգում չկա՞ր գեթ մեկ օպերատիվ ծառայող, որ արժանի կլիներ նշանակվել այդ պաշտոնին, պարտադիր պետք է ա՞յլ համակարգից գար քրեակատարողական բավականին սպեցիֆիկ համակարգ։
Հատուկ Կարեն Անդրեասյանի համար նշենք, որ ՔԿԾ օպերբաժնի պետի տեղակալի ժ/պ Արսեն Արզումանյանը ևս իր բաժնի պետից ետ չի մնում, և եթե նախկինում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Լաերտ Գրիգորյանը ժամանակին ակտիվ ընդդիմանում էր վարչապետի աթոռը զբաղեցնող անձին, պարզվում է, նրա տեղակալն էլ խոչընդոտում էր լրագրողի աշխատանքը, ով 2018թ. ակտիվ լուսաբանում էր Փաշինյանի «հեղափոխական քայլերթը»:
Ի դեպ, 2018թ. հուլիսի 23-ին Հատուկ քննչական ծառայության կայքում հաղորդագրություն հրապարակվեց այն մասին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ և 308-րդ հոդվածի 1-ին մասերով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
«Այդ ժամանակ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Տիրայր Մուրադյանին և փորձել վերցնել վերջինիս բջջային հեռախոսը, այնուհետև իր աշխատակիցներին հրահանգել է Տ. Մուրադյանին հեռացնել նշված հատվածից: Հանդիպելով Տ. Մուրադյանի արդարացի և իրավաչափ ընդվզմանը և անտեսելով լրագրող լինելու մասին վերջինիս հավաստիացումները, ինչպես նաև այն, որ լրագրողն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ոստիկանների ծառայությանը խոչընդոտող վարքագիծ չի դրսևորել, այդուհանդերձ, Ա. Արզումանյանը մյուս ծառայողների հետ ֆիզիկական ուժ և բռնություն գործադրելով` Տ. Մուրադյանին նստեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան և հեռացրել մասնագիտական գործունեության իրականացման վայրից: Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար ոստիկանության գնդապետ Ա. Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով»,- նշված էր ՀՔԾ հաղորդագրության մեջ:
Այս անձնավորությունն այժմ, ի գիտություն Կարեն Անդրեասյանի, ՔԿԾ օպերբաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Վերադառնանք ֆեյսբուքյան ասուլիսին:
Նախարար Անդրեասյանը, իր խոսքում անդրադառնալով թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, ինչպես նաև մոլեխաղերին, մի քանի անգամ հպարտությամբ նշեց, որ «ներքին օպերատիվ ծառայությունը» մի քանի ամիս է, շատ լավ է գործում, նկատելի բացահայտումներ կան, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է նախարարության կայքում։ Ասաց, որ նրանց լավ աշխատանքի արդյունքում նվազել են նմանատիպ դեպքերը։
Հասկանում ենք, որ նախարարի միակ հարազատ մարդը, որին ինքն է նշանակել ծառայությունում, ՔԿԾ պետի տեղակալ Թադևոս Նալբանդյանն է, վերջինս էլ օպերատիվ ծառայության բլոկն է համակարգում, և հավանաբար դա է պատճառը, որ նախարարը գոհունակություն է հայտնում միայն օպերատիվ աշխատակիցներից։ Եվ թեպետ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Նալբանդյանը Ծառայությունում կարծես մեկուսացված վիճակում է, և այդքան էլ ընդունելի չէ ՔԿԾ պետի և մյուս երեք տեղակալների կողմից, դա այնքան էլ նախարարին չի հետաքրքրում. կարևորը եթերից օպերբլոկի աշխատանքը փառաբանելն էր:
Ինչ վերաբերում է թմրամիջոցների շրջանառությանը, մոլեխաղերին, ապա շտապենք նախարարին հուսախաբ անել, որովհետև այդպես էլ ոչինչ չի փոխվել ՔԿ հիմնարկներում:
Հուսով ենք՝ նախարարն ամեն դեպքում հետևողական կլինի և փորձաքննությունից հետո կհասկանա, ասենք, թե ինչից հանկարծամահ եղավ «Արթիկ» ՔԿՀ-ի 22-ամյա կալանավորված անձը, կամ, ասենք, օրերս ինչ պատճառով կախվեց «Սևան» ՔԿՀ-ի 23-ամյա դատապարտյալը։ Վերջինիս դեպքում, կարծես թե, ըստ հիմնարկում տարածված լուրերի, չի հերքվում քրեական ենթամշակույթի բիրտ ուժի, կամ, ինչպես ընդունված է այդ միջավայրում ասել, «թավանի տակ մնալու» կամ մոլեխաղի ժամանակ պարտված գումարը տալ չկարողանալու գործոնը։
Միգուցե նախարարը մի ծառայողական քննություն էլ այդ առթիվ նշանակի, բացի հարուցված քրեական գործից, ուղղակի, իրենք իրենց համար, նախարարության՝ ՔԿԾ համակարգի համար պատասխանատու ղեկավար անձնակազմով հասկանան՝ ովքեր են երկու երիտասարդ կյանքերի կորստի մեղավորները, և դեպքերի իրական պատճառները։
Չնայած ի՞նչ քննության մասին է խոսքը, եթե հիմնարկի պետն է քրեական ենթամշակույթ կրող անձանց դիմավորում ու ճանապարհում, նրանց հետ նստում ու վեր կենում:
Հաջորդիվ նախարարն իր խոսքում նշեց, որ նոր քրեակատարողական հիմնարկ է կառուցվելու՝ միավորելով Երևան քաղաքի 4 ՔԿՀ-ները։
Սրան չէինք էլ անդրադառնա, որովհետև ինչպես մեկ անգամ գրել էինք, բոլոր «հեղափոխական» նախարարները հիմնարկ էին կառուցում, սակայն այդպես էլ չկառուցվեց, ուղղակի հետաքրքրեց այն, որ միավորման արդյունքում մինչև 30 տոկոս աշխատակից ևս կկրճատվի, իսկ «ուրախալին» էլ այն է, որ դրա հաշվին մյուս ծառայողները, որոնց բախտը կբերի, չեն կրճատվի, կամ «լավ» աշխատող կլինեն, աշխատավարձերը կբարձրանան։
Նախարարը նշեց նաև, որ ահավոր վիճակում են գտնվում Երևանում գտնվող հիմնարկները, մասնավորապես, «Դատապարտյալների հիվանդանոցը» ահավոր վիճակում է, և ըստ իրեն՝ գրեթե ոչինչ չի արվել տարիների ընթացքում։
Թե ինչ է արվել, մենք չէ, որ պետք է ասենք, փոխարենը՝ նախարարը կարող է ծանոթանալ թեկուզ «հեղափոխությունից» հետո «կատարված» աշխատանքներին: Ուղղակի Կարեն Անդրեասյանը կարող է իր ենթակայության տակ գտնվող քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքում ծանոթանալ տարեկան հաշվետվութան հետ, և կտեսնի, թե վերջին տարիներին ինչ ֆինանսական միջոցներ են հատկացվել Երևանում գտնվող ՔԿՀ-ների վերանորոգման համար:
Ի դեպ, ՔԿԾ-ում ընթացող հավերժական շինարարական աշխատանքներին մասին 168.am-ը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է։
Եվ վերջում, նախարարը լավ կանի ուշադրություն դարձնի հիմնարկների պետերի ծննդյան տարեդարձերի տոնակատարությանը, որոնք նշվում են հենց հիմնարկներում՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ: Ի դեպ, ուշացումով շնորհավորում ենք «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Աղասի Խաչատրյանին. հույս ունենք՝ արվեստի և բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ համեմված տարեդարձը նա դեռ երկար կհիշի։