ՔԿԾ պետի տեղակալների անհասկանալի մղումներն ու ՔԿՀ պետերի նշանակումների օրինաչափությունը
Թեպետ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անընդհատ, պատեհ-անպատեհ առիթներով խոսում է վեթինգից ու տարբեր ոլորտներում կոռուպցիան արմատախիլ անելուց և բարձրագույն արդարադատությունից, արի ու տես, որ վերջինիս խոսքի ու գործի մեջ լուրջ հակասություններ կան, և մասնավորապես Քրեակատարողական ծառայությունում (ՔԿԾ) իր իսկ նշանակումները լիովին հակառակն են ապացուցում։
Հասկանալի պատճառներով չենք անդրադառնում նրան, որ իր կողմից տեղակալ նշանակված Թադևոս Նալբանդյանին Կարեն Անդրեասյանը չկարողացավ դարձնել ՔԿԾ պետ, և մինչ այժմ այդպես էլ անհասկանալի է մնում՝ ինչո՞ւ էր այդ դեպքում պատկառելի կենսագրությամբ 39-ամյա քննիչը ՔԿԾ եկել՝ թողնելով Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Թերևս, միգուցե նաև դա է պատճառը, որ 168.am-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարություն և ՔԿԾ հարաբերությունները այդքան էլ հարթ չեն:
Առհասարակ այս առումով հետաքրքիր օրինաչափություն է արձանագրվում, և իսկապես ի՞նչն է այդքան գրավիչ ՔԿԾ համակարգում, որ վարչության պետերը տեղափոխվում են ՔԿԾ պետի տեղակալի կարգավիճակում շարունակելու իրենց աշխատանքը, ոլորտ, որն իրենց նախկին ոլորտներին այդքան էլ մոտ չէ:
Օրինակ՝ ՔԿԾ պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանը, ըստ ՔԿԾ կայքի, 2018-2021 թթ. զբաղեցրել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, իսկ մյուս տեղակալ Արտակ Առուստամյանը 2020 թվականին նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մարզային վարչության պետի ժ/պ, այնուհետև 2021 թ.՝ նույն վարչության պետ, և ապա ամիսներ անց տեղափոխվել է ՔԿԾ՝ պետի տեղակալի պաշտոնով:
Հաջորդ տեղակալի՝ Վարդգես Ծաղիկյանի մասին էլ ասում են, որ նա իր կապերով դասվում է մնայուն արժեքներին, որովհետև ՔԿԾ պետերի փոփոխության արդյունքում՝ նա միշտ իր տեղում է, չնայած, միակ մարդն է, որ բավականին երկար ժամանակ համակարգում է, ի տարբերություն իր մյուս գործընկերների, և տեղյակ է գործից ու համակարգից:
Թե ինչն է գրավիչ, ինչն է խթան հանդիսացել պետից պետի տեղակալ աշխատելուն, միայն իրենք, իրենց հրավիրողն ու նշանակողը կիմանան։
Ամեն դեպքում պարզ չէ՝ ինչո՞վ է գայթակղիչ ՔԿԾ պետի տեղակալի պաշտոնը, որ համաժեք պաշտոն զբաղեցնող անձինք համաձայնում են գալ իրենց համար անծանոթ, բարդ ու խնդրահարույց համակարգ՝ խիստ կասկածելի աշխատանքային ու ծառայողական ապագայի հեռանկարով:
Այս պարագայում այնքան էլ պարզ չէ, ավելին՝ հետաքրքիր է, թե ինչպես են կարողանալու զարգացնել, առաջ տանել այն դրույթները, որոնք ամրագրել են քրեակատարողական քաղաքականության ոլորտում։ Թե ինչ կլինի, դա, իհարկե, ցույց կտա ժամանակը, սակայն այս պահի դրությամբ միակ բանը, որ ինտենսիվորեն կյանքի է կոչվում, կադրային նշանակումներն են:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) ներկայիս պետ, արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանը, օրինակ, ժամանակին, դեռևս «Արթիկ» ՔԿՀ-ում աշխատելու տարիներից հետաքրքիր կապեր է ստեղծել Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հետ: Ըստ վերջինիս սիրելի օդում կախված լուրերի՝ Աղասի Խաչատրյանը ժամանակին Նիկոլ Փաշինյանի գրած բողոքները, նամակները, նոթերը և այլ գրություններ խնամքով թաքցրել է և հեղափոխությունից հետո միջնորդավորված կերպով փոխանցել նրան՝ արժանանալով նրա բարեհաճ վերաբերմունքին, ինչո՞ւ չէ, նպաստելով նաև մասնագիտական ու ծառայողական վերելքներին:
Հետաքրքիր է, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետ եղած ժամանա՞կ էլ է ներկայիս, քաղաքական հայացքների համար կալանավորված անձանց գրությունները պահել. ո՞վ գիտե՝ մեկ անգամ փորձել է, և դրական արդյունքը տարիներ հետո ապահովվել է, ի՞նչ իմանաս՝ ինչ կլինի հետո, ներկայիս կալանավորվածներից ովքեր ինչ պաշտոններ կզբաղեցնեն ապագայում Հայաստանում։
Ինչ վերաբերում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ներկայիս պետին, վերջինս արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանն է, ով մինչ այս պաշտոնին անցնելը Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետն էր:
Ասում են՝ նրա՝ օպերբաժնի պետի պաշտոնից ազատումն ու այլ աշխատանքի տեղափոխելը ուշագրավ պատմություն ունի: Ամեն դեպքում հետաքրքիր է՝ օպերբաժնի պետ եղած ժամանակահատվածում ինչպե՞ս էր վարում կադրային քաղաքականությունը, ի՞նչ «արժանիքների և մասնագիտական հմտությունների» համար էր մարդկանց աշխատանքի ընդունում։
Ծառայությունում, մեր տեղեկություններով, շատերն են տեղյակ դրանից, վստահ ենք, ծառայության նախկին պետ Արթուր Գոյունյանն էլ կարող է «ինչ-որ» բաներ հիշել վերոգրյալի կապակցությամբ, առավել ևս, որ նա վստահ էր իրեն հավատարիմ կադրերի «անշահախնդիր» և վստահելի լինելու մեջ։
Ի դեպ, Արթուր Գոյունյանի համար ամենավստահելի անձինք, պետք եղած ժամանակ, նրա՝ պաշտոնը թողնելուց ընդամենը ժամեր անց երես թեքեցին իրենից։ Բայց սրա, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից ՔԿԾ նախկին պետով հետաքրքրվելու մասին՝ մեկ այլ առիթով:
Իսկ ՔԿԾ ներկայիս պետ Սերգեյ Ատոմյանը նշանակվելուց ամիսներ անց դեռ շարունակում է իր կադրերով համալրել ողջ Ծառայությունը։
Կենցաղային ապահովման բաժնի պետն արդեն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, և, ասեկոսների համաձայն, նա բաժնից միակը չէ, որ լքել է պաշտոնը. էլի կլինեն հեռացողներ:
Նույնը սպասվում է նաև նյութատեխնիկական ապահովման բաժնին և ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր անմիջապես ի պաշտոնե առնչվում են գնումներին, պետական մրցույթներին և առհասարակ այն ամենին, ինչն առնչվում է փողին։