Քրեակատարողական ծառայության «նորագույն» ձեռքբերումները

Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) բերման ենթարկեց հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին և մի քանի աշխատակցի:

Ըստ 168.am-ին հասած տեղեկությունների՝ ՔԿՀ պետին մեղսագրվում էին ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ:

Հրապարակվեց նաև տեսանյութ այն մասին, թե ինչպես էին ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին տանում ԱԱԾ-ականները:

Որևէ տեղեկություն մեզ այդպես էլ ԱԱԾ-ից այդ առնչությամբ ճշտել չհաջողվեց, քանի որ ԱԱԾ լրատվականը, ինչպես վերջին ամիսներին միշտ, ձկան պես լուռ է: Այդքան աղմկահարույց ձերբակալության մասին անգամ պաշտոնական հաղորդագրություն չտարածվեց, թեպետ բերման ենթարկված, ապա ձերբակալված անձը բարձրաստիճան պաշտոնատար անձ էր:

Միգուցե վերջինիս ազգակցական կապե՞րն են օգնել, որ գործը ծածկադմբոց արվի, չենք կարող պնդել: Փաստ է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի և Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Դավիթ Խաչատուրյանի մորեղբոր որդին՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ, ԱԱԾ-ի կողմից «մեծ շուքով» բերման ենթարկված Արտակ Սարգսյանն ազատության մեջ է:

Armlur.amը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացել էր, որ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների և խոշտանգման դեպքերի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում «Դատապարտյալների հիվանանոց» ՔԿՀ պետը, ևս երկու աշխատակից ներգրավված են որպես մեղադրյալ: Դատախազությունն է քրեական գործով նախաքննությունը հանձնարարել ՀՀ ԱԱԾ-ին:
«Ըստ նախաքննության տվյալների՝ նրա գիտությամբ քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ խոշտանգման են ենթարկել մեկ անձի: Այս մասով երեքի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, աշխատակիցների մասով դրանք բավարարվել են, ՔԿՀ պետի մասով՝ դատարանը չի բավարարել միջնորդությունը: Քանի որ դատախազության գնահատմամբ՝ այդ դատական ակտն անհիմն է, դրա դեմ Դատախազության կողմից տարվել է վերաքննիչ բողոք»,- կայքին հայտնել էին դատախազությունից:

Թե ինչ ավարտ կունենա «Դատապարտյալների հիվանդանոց» և ԱԱԾ պետ սկսված հակամարտությունը, ժամանակը ցույց կտա, սակայն ուշագրավ է, որ հունվարի 20-ից մինչ այսօր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նույնիսկ հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակել: Երևի ոչ մի կերպ չի կողմնորոշվում:

Գործող նախարարը, ի դեպ, ցանկացած պատեհ-անպատեհ առիթով շատ գեղեցիկ փաթեթավորված ներկայացնում է, թե ինչ հսկայածավալ բարեփոխումներ են պատրաստվում իրականացնել քրեակատարողական համակարգում, իսկ որպես ամենաամենամեծ ձեռքբերում՝ նշում, որ նոր հիմնարկ են կառուցելու։

Լավ են անում, թող կառուցեն, միայն թե 2018թ. իշխանափոխությունից հետո յուրաքանչյուր նախարար և ծառայության պետ նոր հիմնարկ է «կառուցում», ուղղակի պաշտոնյաների փոփոխություններին զուգահեռ՝ փոխվում է նաև կառուցվող հիմնարկի տեղը։ Ընդամենը…

Նիկոլական իշխանությունները, ի դեմս, այդ թվում, արդարադատության յուրաքանչյուր հերթական նախարարի, սիրում են խոսել նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարից. անգամ օրենք ընդունեցին այդ մասին: Սակայն, չգիտես ինչու, այդ օրենքի ընդունումից հետո ՔԿՀ-ներում իրավիճակ չփոխվեց: Նախկինում էլ հայտարարում էին, որ ՔԿՀ-ներում «զոն նայողներ» չկան, ինչը, մեղմ ասած, ժպիտ էր հարուցում, բայց կարողանում էին տեղերում իրավիճակը կառավարել, հեղինակություն ունեցող անձանց մասնակից դարձնել ներհիմնարկային կարգուկանոնի հաստատմանը, ինչը ձեռնտու էր երկու կողմին էլ: Ամեն դեպքում քրեակատարողական հիմնարկներում երեկոյան խցերի դռները համատարած չէին բացվում, ու չէր սկսվում բուռն առևտուրն ու ելումուտը:

Մեր տեղեկություններով, սակայն, այսօր իրավիճակն այդ առումով քաոսային է, և նույնիսկ քրեակատարողական ծառայողները հիմնարկներում ի զորու չեն պայքարել այդ «համակարգի» դեմ։

Ենթամշակույթը մասնավորապես «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում ցանկացած հարց լուծում է. կրկին ակտուալ են թղթախաղը, գումարների հավաքագրումը, տարատեսակ ընծաները, ինչը ՔԿՀ-ներում բոլորովին այլ անվանում ունի։

Առաջիկայում մանրամասն կանդրադառնանք «զոն նայողների» և ծառայողների «ընկերական» և «փողային» հարաբերություններին «Արմավիր» ՔԿՀ-ում, օպերատիվ ծառայողների գործունեությանը՝ նույն «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում։

Փաստեր կներկայացնենք այն մասին, թե, այսպես ասած, քրեական ենթամշակույթին հարող ազատազրկված անձինք ինչպես են հարցեր լուծում «Արմավիրում», այդ թվում նաև՝ քրեակատարողական բարձրաստիճան ծառայողների առաջարկությամբ, և եթե անկեղծ լինենք, ապա ցանկության դեպքում օրերի հարց է ԱԱԾ-ի կողմից նոր աղմկալից գործերի բացահայտումը։

Այս ենթատեքստում վերջերս բավականին ուշագրավ տեղեկություններ ստացանք «Սևան» ՔԿՀ-ից:

Որոշ ժամանակ առաջ, հիմնարկի՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատժի կրումից ազատվել է քրեական ենթամշակույթ կրող անձ։

Նրան ազատության մեջ դիմավորելու համար մի քանի արտասահմանյան գերթանկարժեք մեքենաներ են եկել հիմնարկ։ Այդ մեքենաներն առանց որևէ խոչընդոտի մտել են հիմնարկի վարչական տարածք, և վարչական շենքում, չասենք, թե ում սենյակում, մարդիկ սպասել են իրենց ընկերոջը։

Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը:

Ընկերոջը դիմավորելուց հետո նրանք բոլորը դուրս են գալիս հիմնարկից և գնում ռեստորաններից մեկում շարունակելու իրենց «տոնական» օրը, ինչին, ըստ հիմնարկի մեր աղբյուրի` միանում է նաև հիմնարկի պետը և նրանց հետ դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հավանաբար տեղյակ չէ այս դեպքից, իսկ եթե տեղյակ է, թերևս մի փոքր զայրացել է և հույս հայտնել, որ այլևս չի կրկնվի:

Միգուցե սա քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու նոր մեթոդ է, հայտնի չէ: Կապրենք, կտեսնենք:

Տեսանյութեր

Լրահոս