Նիկոլ Փաշինյանի անցյալի ուրվականների արձագանքները
Հուլիսի 23-ի Կառավարության նիստում՝ որպես Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի՝ կառավարության թեկնածու ներկայացվեց քաղաքացիական իրավունքի մասնագետ, իրավագիտության դոկտոր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:
Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետին մոտ կանգնած շրջանակների համար թեև անակնկալ էր, սակայն տրամաբանական ու բացատրելի, որովհետև վերջինս շուրջ մեկ ամիս առաջ էր հրաժարվել ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից՝ առանց բացատրության, ու հիմա ամեն ինչ տեղն ընկավ: Ակնհայտ է, որ Վահրամ Ավետիսյանի համար իր թեկնածության առաջադրումն անսպասելի չէր, և որքան էլ որ կառավարության նիստում նրա առաջին ելույթը, մեղմ ասած, տպավորիչ չէր վերջինիս պատճառաբանությամբ՝ որովհետև իրեն չէին տեղեկացրել, որ ինքը ելույթ ունի, այնուամենայնիվ, փաստորեն դեռ մեկ ամիս առաջ ինքը գիտեր, որ կառավարության թեկնածուն հենց ինքն է:
Եղան հայտնի թևեր էլ, որոնց համար բացարձակապես անընդունելի էր Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում: Պատճառաբանությունը մեկն էր՝ Վահրամ Ավետիսյանը ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է: Ընդգծենք, սա այն բարձրաստիճան պաշտոնյան է դատական համակարգում, ով ի պաշտոնե վարել է 2008-ի մարտի 1-ի գործով դատավարության գործընթացը:
Կա վարկած, որ դեռ այն ժամանակներից է Դավիթ Ավետիսյանը փայլուն ճանաչում մարտի 1-ի իրական կազմակերպիչներին, ու հավանաբար՝ այս առիթով էլ «նոր» Հայաստանում բազմաթիվ առիթներ է ունեցել շփվելու կամ համագործակցելու նրանց հետ:
«Չմոռանանք, մարտի 1-ը Նիկոլ Փաշինյանի ողջ պաշտոնավարման ընթացքում միակ առանցքային թեման է, որի վրա կենտրոնացված է մի ամբողջ պետական կառավարման համակարգի ռեսուրս: Պարզ է, որ այս համագործակցությունը տեսականորեն լրիվ հնարավոր տարբերակ է, գուցե այս կոնտակտով էլ կամուրջ են գցել՝ ԵՊՀ-ից մինչև ՍԴ, ու Դավիթ Ավետիսյանի որդուն դարձրել է ՍԴ դատավորի թեկածու: Թե չէ ինչո՞ւ կամ ի՞նչ տրամաբանությամբ էր նախկիններից այդքան խորշող, նրանց «դուրսպրծուկ» համարող, մարտի 1-ի դատավարության գործով այսքան ազդեցիկ դերակատարի որդին այսօր համարվել իշխանության սրտի թեկնածու»,- մասնավորապես գրել էր yerevan.today-ը:
Նշվում է նաև Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պետ Սերգեյ Մեղրյան-արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան-Վահրամ Ավետիսյան ընկերական շղթայի գործոնը ու դրանով պայմանավորված՝ վերջինիս առաջխաղացումը իշխանական աստիճաններով մինչև կառավարության Նիստերի դահլիճ:
Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը դեմ են նաև մարտի 1-ի գործով տուժածները:
«2008 թ.-ին Հայաստանում Սահմանադրական կարգը տապալելու միջոցով իշխանությունը զավթած խումբը, իր վերահսկողության տակ առնելով ամբողջ դատական իշխանությունը, ձեռնամուխ եղավ նաև 2008-ի համաժողովրդական շարժման ակտիվիստներին և առաջնորդներին ապօրինի վճիռներով բանտերում պահելու հանցավոր գործընթացին։ Քննչական մարմինների և դատախազության այն ժամանակվա ղեկավարներ Անդրանիկ Միրզոյանի և Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ «կարված» շինծու մեղադրանքները կալանքի որոշման և մեղադրական դատավճռի էին վերածվում տասնյակ դատավորների մուրճի հարվածով, և ապա` վերջնականապես հաստատվում Վճռաբեկ դատարանի քրեական պալատում, որի նախագահն էր այսօր կառավարության կողմից հաստատված թեկնածուի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը»,- մասնավորապես գրել էին նրանք իրենց տարածած հայտարարության մեջ:
Թե որքանով Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում 2020թ. կարող է կապ ունենալ նրա հոր՝ տասնամյակից ավելի առաջ պաշտոնավարելու ու այս կամ այն գործին առնչություն ունենալու հետ, թողնենք այդ տրամաբանությունն առաջ տանողների հիմնավորմանը:
Առավել անհասկանալի է, թե իր որոշումները կայացնելիս ինչո՞ւ պետք է կառավարությունը հարցնի կամ հաշվի առնի հասարակության առանձին քաղաքականացված, ակնհայտորեն կողմնակալ վերաբերմունք ունեցող խմբերի կարծիքը կամ դիրքորոշումը:
Բայց ավելի շատ տարօրինակ է, թե ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդքան թեկնածուների մեջ կանգ առավ հենց այս «խնդրահարույց» թեկնածուի վրա: Կարո՞ղ էր արդյոք այն հանգամանքը, որ Վահրամ Ավետիսյանի հայրը շատ լավ գիտի Մարտի 1-ի գործի մանրամասների մասին, ազդեցություն ունենալ Փաշինյանի որոշման վրա:
Ու առհասարակ, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն իրեն շրջապատում Մարտի 1-ի գործի հանգամանքներից քաջատեղյակ անձանցով:
Ու սա միակ դեպքը չէ:
Օրինակ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի խորհրդականի պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը պաշտպանող դատախազ Հարություն Հարությունյանը: Վերջինիս մասին ասում են, որ բավականին ազդեցիկ ֆիգուր է Ծառայությունում, ու նրա կարծիքը շատ բան է որոշում ՔԿԾ աշխատանքային ռազմավարության մեջ:
Այսպես, 2010թ. փետրվարի 16-ի՝ armtimes.com կայքի հրապարակման մեջ կարդում ենք.
«Հարություն Հարությունյանը, ով ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ է, պահանջում է բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի` հունվարի 19-ին կայացրած դատավճիռը: Հիշեցնենք, որ Մացոն Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի «Զանգվածային անկարգությունների կազմակերպում» մեղադրանքով դատապարտել էր 7 տարվա ազատազրկման, իսկ 316 հոդվածի 1-ին մասի «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» մեղադրանքով արդարացրել էր: Հարություն Հարությունյանը վերաքննիչ քրեական դատարանից պահանջում է Մացոյի դատավճիռը բեկանել և 316 հոդվածի առաջին մասով արդարացումը վերացնել ու այդ մեղադրանքով ևս մեղադրական դատավճիռ կայացնել: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանին առաջադրված «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանքի հիմքում դրված են 2007-ի հոկտեմբերի 23-ի հայտնի իրադարձությունները»:
Իսկ օրինակ, 2010թ. մարտի 3-ին azatutyun.am-ը գրել է այն մասին, որ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, սկսել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմի և մեղադրող կողմի վերաքննիչ բողոքների քննությունը:
«Պաշտպանական կողմը պահանջում է Փաշինյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, իսկ դատախազ Հարություն Հարությունյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով ևս` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ»,- գրել էր կայքը:
Հարություն Հարությունյանը տարբեր գործերով եղել է նաև ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանի, ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանի գործերով մեղադրող դատախազը:
Ի դեպ, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ներկայիս պետն էլ ահա այս տեսանյութի հերոսն է՝ Լաերտ Գրիգորյանը, ով 2016թ. մարտին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետն էր: Վերջինիս հետ Նիկոլ Փաշինյանը սուր տարաձայնություն էր ունեցել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների շրջանում ընտրությունների օրինականության պահպանման հարցերի շուրջ ծագած տարաձայնությունների արդյունքում:
Առհասարակ Նիկոլ Փաշինյանի մոտ կարծես սկզբունք է իր հետ խնդիրներ ունեցած անձանց իրեն մոտ պահելը:
Հիշենք թեկուզ ԵՊՀ ռեկտորի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի դեպքը, ով 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ բուհի պրոռեկտոր լինելով, ԵՊՀ դռներն էր փակում Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի առջև:
Թե ինչո՞ւ Մայր բուհի ժամանակավոր ղեկավարումը հետագայում Նիկոլ Փաշինյանը որոշեց վստահել հենց Գեղամ Գևորգյանին, այսօր էլ բացատրություն չունի:
Այս պաշտոնավարումները, իհարկե, վարչապետի կողմնակիցների կողմից կարող են մեկնաբանվել, որ Նիկոլ Փաշինյանը քինախնդիր չէ, և նրա համար էական չէ, թե ով է նշանակվում այս կամ այն պաշտոնին, եթե վերջինս լավ մասնագետ է, բայց հավատացեք, որ, օրինակ, «Կոշ» ՔԿՀ նախկին պետի պատմությունը, ում օրոք, ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր պատիժն էր կրում նշված քրեակատարողական հիմնարկում, բոլորովին հակառակի մասին է խոսում: